Իմպիչմենտը ոչ թե ակցիա է, այլ գործընթաց․ «Պատիվ ունեմ»-ն ուզում է այս գործընթացն իբրև դամոկլյան սուր կախել իշխանությունների գլխին․ Վիգեն Հակոբյան

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խորհրդարանական ուժերի միջև նախօրեին ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններն ավարտվեցին անարդյունք․ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ձևաթղթի տակ այս պահին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններն են. այս մասին երեկ հանդիպումից հետո տեղեկացրել է «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հայաստան» խմբակցությունը կստորագրի՞, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան էլ՝ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցրել է, որ իրենց խմբակցության բոլոր՝ 28 պատգամավորների ստորագրությունները պատրաստ գրասենյակում դրված են, բայց դրանք կփոխանցվեն, երբ գործընթաց, փողոցային պայքար սկսվի։ Ի դեպ, ուշացումով նաև «Հայաստան»-ը հանրայնացրեց ստորագրություններով ինչ-որ թուղթ։

Թե ի՞նչն է խանգարում «Հայաստան» խմբակցությանը, որ ստորագրությունները ձևաթղթի տակ հայտնվեն այս պահին՝ հարցի պատասխանն այս օրերին հնչում է հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում։

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այս հարցի պատասխանը դիտարկում է քաղաքական ուժերի առաջնահերթությունների տարբերության տեսանկյունից։

Կարդացեք նաև

«Երբ, ի դեմս Դավիթ Համբարձումյանի, հստակեցվեց թեկնածուն, զգալիորեն պարզություն մտցվեց գործընթացում։ Տպավորություն էր նաև, որ այնպիսի թեկնածու է առաջադրվել, որ հաշվի է առնվել նրա նկատմամբ «Հայաստան» դաշինքի ոչ նեգատիվ վերաբերմունքը։

Այս առումով իմպիչմենտի նախաձեռնողները զգալիորեն մոտեցրին գործընթացի հանգուցալուծումը»,- արձանագրեց Վիգեն Հակոբյանը՝ դիտարկմամբ, սակայն, որ, ըստ էության «Հայաստան» դաշինքի նախկին ու ներկա հայտարարություններում առաջնահերթությունները չեն փոխվել։

Այսինքն, ըստ քաղտեխնոլոգի, ի տարբերություն անվստահության գործընթաց նախաձեռնող «Պատիվ ունեմ»-ի 6+28+2+18 ֆորմուլայի՝ «Հայաստան» դաշինքն ուրիշ մաթեմատիկա է առաջարկում՝ 6+2, ապա՝ գումարած 28, և հետո՝ 18։

«Ասում են՝ դուք տվեք ինձ 8 հոգուն, հետո ես իմ 28-ը կտամ»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց նա։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ «Պատիվ ունեմ»-ը ստիպված է աշխատել ոչ միայն ՔՊ-ի հետ, այլև իրեն ընդդիմադիր դիրքավորած խմբի, վերլուծաբանը արձագանքեց՝ երկու ուժերի միջև առկա տարաձայնություններից մեկն առնվազն լուծվել է թեկնածուի առաջադրմամբ։

«Ամեն դեպքում, տարաձայնությունները նվազել են․ հանրապետականները բավականին լուրջ առաջընթաց ունեն այն առումով, որ կարողացան այնպիսի թեկնածու առաջարկել, որն ընդունելի եղավ «Հայաստան» դաշինքի համար։

Այժմ խնդիրը հետևյալն է․ կան թեմաներ, որոնց պատճառով երկու գործընկերները, կարծեք, միմյանց հանդեպ անկեղծ չեն մինչև վերջ։ Ենթադրում եմ՝ «Հայաստան» դաշինքը կարծում է, որ եթե «Պատիվ ունեմ»-ը գործընթացը վստահորեն սկսել է՝ այդ դեպքում պետք է խաղը բաց խաղան, որպեսզի իրենց համար հասկանալի լինի՝ ՔՊ-ից էլ մարդ ունե՞ն, թե՞ ոչ։

Նրանք նախաձեռնող չեն, նրանք դիրքավորվել են գործընթացի հետևորդ և հարցեր ունեն՝ կարո՞ղ է կան ինչ-որ ջոկերներ, որի մասին չի ասվում․․․ այ, եթե ասեք, թղթի վրա գրվածը կդառնա միասնական ձևաթուղթ»,- մանրամասնեց բանախոսը։

Հարցին՝ հնարավո՞ր է բանակցությունների ձախողմանը հարցում դեր է խաղացել հանգամանքը, որ Սեյրան Օհանյանին «ԱԱԾ պադվալ ուղարկելու» վարչապետի զգուշացումից մեկ ամիս անց Գլխավոր դատախազությունը դիմեց խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը՝ ընդդիմադիրներ Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար, Վիգեն Հակոբյանը պատասխանեց․

«Չեմ կարծում՝ դա շատ մեծ է անակնկալ էր հիշյալ պատգամավորների համար, որովհետև  իշխանությունն այնքան է օգտագործել այդ գործիքակազմը, որ ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը, բոլոր սեգմենտներն արդեն ունեն իմունիտետ։ Իհարկե, նաև ոչ մի բան չեմ բացառում, բայց կարծում եմ՝ սա ոչ թե ճնշման հետևանք է, այլ քաղաքական դիրքորոշման, ինչի մասին նշեցի»։

Վիգեն Հակոբյանը, այդուհանդերձ, շեշտեց, որ բոլոր տարաձայնությունները հնարավոր է լուծել խոսելով։

«Հանրապետականների դիրքորոշումն այս հարցի շուրջ շատ ընկալելի է․ իմպիչմենտը նրանց կողմից ոչ թե ակցիա է, այլ գործընթաց,- բանաձևեց վերլուծաբանը՝ մանրամասնելով,- Նրանք ուզում են այս գործընթացն իբրև դամոկլյան սուր կախել իշխանությունների գլխին։

Իսկ իշխանությունը փաստացի լավ վիճակում չէ․ հանրապետականները հույս ունեն, որ թուլացած իշխանությունների մեջ կգտնվեն օղակներ, որոնք կանցնեն իմպիչմենտի կողմը։ Էլ չեմ ասում, որ ինչքան մոտենում են ընտրական պրոեցեսների ժամանակները, այնքան շատերն իշխանական թևում կասկածներ ունեն, որ իրենք հաջորդիվ դուրս են մնալու Նիկոլ Փաշինյանի տեսադաշտից, հետևաբար, այլևս մեծ ջանքեր չեն օգտագործի նրան աջակցելու համար, ավելին՝ կարող են իրենց մանդատները զենք դարձնել Նիկոլի դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս