
««Party»-ն տվյալ դեպքում «fast food» ապրելակերպն է թե՛ երաժշտության մեջ, թե՛ ընդհանրապես մեր կյանքում»

«Նեմրա» ռոք խմբի նոր երգերում արտացոլված են այն հույզերը, մտքերն ու զգացմունքները, որոնք խմբի անդամներին ուղեկցել են 2019 թվականին նախորդ ալբոմը թողարկելուց հետո:
Այսօր՝ հունիսի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ծավալուն համերգին նախորդած ասուլիսում այս մասին հայտարարեցին «Նեմրա» ռոք խմբի անդամները, որոնք իրենց երկրպագուներին են ներկայացնելու The end of The Party վերնագրած նոր ալբոմում ընդգրկված ստեղծագործությունները։
Համերգը, ինչպես նշեց խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը, բաղկացած է լինելու երկու մասից: Նա տեղեկացրեց, որ երկար քննարկումների արդյունքում որոշվել է ներկայանալ ոչ թե հստակ տարանջատված նոր և հին երգերով, այլ միախառնված երգացանկով: Բանախոսը հայտնեց, որ, ինչպեսև նախորդ երկու ալբոմներում, նորում նույնպես ներառված է 11 երգ, որոնց հեղինակներն են ինքը և խմբի բեք-վոկալ ու բաս կիթառ նվագող Վասպուր Եղիազարյանը: Երգերն անգլերեն են: Նշվեց նաև, որ այս ալբոմում ավելի շատ են ծանր հնչողությամբ երգերը:
«Ցավոք, չենք կարողանա ներկայացնել մեր առաջին ալբոմի բոլոր երգերը, թեպետ մեկնաբանություններում արդեն տեսնում ենք հանդիսատեսների առաջարկած տարբերակները: Եթե բոլորը նվագենք, համերգը կտևի մինչև առավոտ: Չենք ցանկացել համերգը շատ հագեցնել այլ կատարումներով, քանի որ բուն նպատակը մեր նոր ալբոմը ներկայացնելն է»,- նշեց Վան Եղիազարյանը:
Երաժիշտն ընդգծեց, որ խմբի բոլոր անդամներն անհամբերությամբ են սպասում բեմ բարձրանալուն:
«Հատուկ թեմաներ չենք ընտրել: 2019 թվականին մեր նախորդ ալբոմի թողարկումից հետո մինչև հիմա կուտակված էմոցիաները, մտքերն ու զգացմունքներն են ներառված այդ բոլոր երգերում, մեր կյանքի դրվագներն են: Այս ալբոմի երգերն առաջարկում են մեր այժմյան տրամադրությանն այլընտրանքային տրամադրություն: «Party»-ն տվյալ դեպքում «fast food» ապրելակերպն է թե՛ երաժշտության մեջ, թե՛ ընդհանրապես մեր կյանքում: Մակերեսային մտածելակերպը, զգացմունքները, մտքերը: Ժամանակն է վերջ տալու այդ մակերեսային փարթիներին: Իսկ ալբոմի շապիկին պատկերված է կրակի միջից հանված ալբոմ, որը փարթիի ժամանակ շպրտվել է մի կողմ՝ կրակի մեջ: Այն մարդիկ, որոնք կլսեն այս երգերը, կփրկեն այդ ալբոմը և ընդհանրապես այն երաժշտությունը, որն առաջարկում է միտք, մեղեդի, զգացմունք»,- ասաց նա:
Վան Եղիազարյանը մանրամասնեց, որ համերգի ընթացքում ներկայացվելու է Էդգար Էլբակյանի հեղինակած երգը, որը մինչ այդ ինքը կատարել է Լիլիի հետ, իսկ հիմա կներկայացվի բացառապես «Նեմրա» խմբի ձևաչափով ու կլինի շատ գեղեցիկ:
Նաև սպասվում է հատուկ մրցանակների խաղարկություն, որի հաղթողը որոշվելու է պատահականության սկզբունքով՝ հանդիսատեսների շարքից: Հաջողակը կարժանանա խմբի անդամների ստորագրություններով CD սկավառակի, շապիկի և «Նեմրա»-ի տարբերանշանով պայուսակի, իսկ համերգից հետո հնարավորություն կունենա անմիջականորեն շփվելու իր կուռքերի հետ:
Պատասխանելով հայերեն երգերով ալբոմ թողարկելու մտադրության մասին հարցին՝ Վան Եղիազարյանը նշեց.
«Երբեք չենք ստիպել մեզ գրել ինչ-որ թեմայով, կամ կոնկրետ լեզվով: Դա մեզնից անկախ է ստացվում: Հայերեն երգեր ունենք՝ երկուսն արդեն պատրաստ են, իսկ «Բացիր աչքերդ» երգը նույնիսկ հրապարակել ենք: Եթե երգերի համապատասխան քանակ ապահովենք, ապա կթողարկենք հայերեն երգերով ալբոմ, բայց դրան, թերևս, հարկ կլինի երկար սպասել»:
«Նեմրա»-ի բեք-վոկալ և ստեղնաշարային գործիքներով նվագող Մարիաննա Կարակեյանը նշեց. «Այս համերգից առաջ հուզմունքս գնալով աճում է: Բայց շատ ոգևորված ենք: Վերջերս Սերժ Թանկյանի հետ համագործակցությամբ տեսահոլովակ ենք պատրաստել, որի երգը կենդանի հնչողությամբ դեռ չենք կատարել: Առաջիկա համերգի ժամանակ մենք կերգենք այն, սակայն Սերժ Թանկյանի ձայնը կհնչի ձայնագրված տարբերակով, քանի որ նա, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել»:
Վասպուր Եղիազարյանն էլ նկատեց, որ այս համերգը նաև շատ լավ առիթ է ոչ միայն նոր ալբոմը ներկայացնելու, այլև հաջորդ ալբոմի երգերի ստեղծման մասին մտածելու համար:
Հարվածային գործիքների վարպետ Մարեկ Զաբորսկին էլ խոստացավ, որ ինքը և ընկերներն ամեն ինչ կանեն հանդիսատեսին դրայվ հաղորդելու և որակյալ երաժշտություն մատուցելու համար: