Այս խաղերը միայն սպորտի մասին չեն, այլ կազմակերպիչներն ամեն ինչ մտածել են, որպեսզի սպորտային պատրաստվածությունից զատ, երիտասարդները կարողանան զարգացնել իրենց տրամաբանությունը, գիտելիքները մշակույթի, ազգային արժեքների վերաբերյալ, որը նրանց հետ մնալու է ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ այդ գիտելիքները երիտասարդներն ու պատանիները ստանում են իրենց ուսուցիչների, մարզիչների ջանքերի շնորհիվ։
«Տեսա հուզիչ նվիրում. երիտասարդները մեզ հարցեր էին տալիս ու ստանում պատասխաններ, որոնք զորացրին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»,- ուրախությամբ ընդգծում է քահանան։
«Մենք նաև նպատակ ունեինք սրանով ուշադրությունը սևեռել Սյունիքի վրա, որովհետև հայրենաճանաչությունը հայրենիքը սիրելու ամենամեծ գրավականն է։ Այո, այսօր Սյունիքը Հայաստանի կարևոր դարպասն է, և մենք ուզում ենք, որ երիտասարդները չվախենան գալ Սյունիք, գան տեսնեն, որ իրենց հասակակիցներն այստեղ ապրում են։ Իրականում եղել են դեպքեր, երբ թիմերը հրաժարվել են մասնակցել, քանի որ Սյունիքը դիտարկել են որպես սահմանամերձ մարզ»,- շեշտեց Ալինա Գևորգյանը։