Ռուս-ուկրաինական պատերազմն ակտիվանում է, բանակցությունները՝ տապալվո՞ւմ․ Հարավային Կովկասում առկա միտումները կշարունակվեն

ՌԴ զորքերը հունիսի լույս 7-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով Խարկովի և արվարձանների ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Ուկրաինայի ԱԻՊԾ-ն։

Ըստ Սինեգուբովի, ընդհանուր առմամբ ռուսաստանյան զինվորականները Խարկովի վրա հարձակման շրջանակում կիրառել են «Շահեդ» տիպի 48 անօդաչու, հինգ կառավարվող ավիացիոն ռումբ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ և երեք հրթիռ։

Նախօրեին էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտնել, որ Ռուսաստանը հարվածել է գրեթե ամբողջ Ուկրաինային։ Նրա խոսքով՝ մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։ Կան զոհեր և վիրավորներ։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, հարձակողական անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցներին, տեխնիկական սպասարկման, զենքի և ռազմական տեխնիկայի վերանորոգման կետերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի պահեստներին։ «Հարվածները հասել են իրենց նպատակին։ Խոցվել են բոլոր նշված օբյեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը սկսել է պատասխանել վերջին օրերին Ուկրաինայի պաշտպանության ուժերի իրականացրած խոշոր օպերացիային, որի հետևանքով ուկրաինական ուժերին հաջողվել էր հարվածել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր օբյեկտներին։ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև այս խոշորամաշտաբ թիրախավորումները տեղի են ունենում Ստամբուլյան բանակցությունների ֆոնին։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ վերջին զարգացումները թույլ են տալիս ասել, որ կողմերը պատրաստ չեն կարգավորման՝ Ռուսաստանը պատրաստ չէ որևէ զիջման, դնում է մաքսիմալիստական պահանջներ, Ուկրաինան իր հերթին՝ պատրաստ չէ դրանք ընդունել և այդ հարցում ունի Եվրոպայի աջակցությունը։

Ըստ նրա, այստեղ ամերիկյան վարչակազմն է, որ կողմնորոշված չէ ու դեռ փորձում է միջնորդության քայլեր անել, սակայն առանց հստակ ծրագրի, քանի որ ԱՄՆ նախագահի առաջնային պլանը չիրագործվեց, և իրադարձություններն այլ հունով ընթացան։

«Կարծում եմ, որքան էլ ցավալի է, սակայն մոտ ապագայում չենք տեսնելու բանակցություններում էական հաջողություններ, առավել ևս՝ հրադադար։ Սակայն առավելապես Ռուսաստանը չի մերժելու բանակցությունների առաջարկը, մասնակցելու է դրանց և փորձելու ապացուցել, թե ոչինչ չի ստացվում, պայմանավորվել հնարավոր չէ, այնինչ դրվող պահանջները ուկրաինական կողմի համար անընդունելի են, և կա հակվածություն, որ ռազմական ճնշմամբ Ռուսաստանը կարող է բանակցություններում ավելի ընդունելի դիրքավորում ունենալ։ Ուստի, կարծում եմ, դեռ կտեսնենք, որ ավելի էական ազդեցություն ունի իրավիճակի վրա իրադարձությունները պատերազմի դաշտում, քան բանակցային սեղանին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Իրակլի Մենաղարիշվիլին գտնում է, որ քանի դեռ նոր իրավիճակ չկա Ռուսաստանի ու Արևմուտքի միջև Ուկրաինայի շուրջ, Հարավային Կովկասում զարգացումները շարունակվելու են ներկայիս հունով։

Նրա խոսքով, ՌԴ-ն էականորեն պասիվացրել է իր քաղաքականությունը ռեգիոնում, թեև փորձում է պահպանել լավ հարաբերություններ գոնե Երևանի ու Բաքվի հետ։

«Տեղի ունեցավ Լավովի այցը Հայաստան, որը ցույց տվեց, որ հայկական ուղղությունը կարևոր է Ռուսաստանի համար, թեև ՀՀ-ն ավելի ակտիվ քաղաքական երկխոսություն է վարում Արևմուտքի հետ։ Ռուսաստանի համար կարևոր է հավաստիանալ, որ ՀՀ-ն չի հրաժարվում հարաբերությունների ներկայիս մակարդակից ու չի հայտարարում ԵՄ անդամակցության մասին։ Հայաստանում էլ դա չեն անում և սպասում են ԵՄ-ից հստակ ազդակների, որոնց ներկայումս ԵՄ-ն և արևմտյան մյուս կառույցները պատրաստ չեն, ելնելով մի շարք խնդիրներից։ Ռեգիոնալ մյուս երկրների ակտիվությունը Հարավային Կովկասում կշարունակի պահպանվել, մասնավորապես՝ խոսքը Թուրքիայի, Իրանի մասին է։ Ավելորդ է ասել, որ ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից էական իրադարձություն կարող է դառնալ հայ-թուրքական կարգավորումը»,- ասաց Իրակլի Մենաղարիշվիլին։

Նա գտնում է, որ ռեգիոնալ հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ ռեգիոնում գործընթաց կա, որի արդյունքները, սակայն, հստակ տեսանելի չեն։

«Աշխարհաքաղաքական ազդեցության պայքարին զուգահեռ՝ տեսնում ենք, որ ռեգիոնում աշխատում են ռեգիոնալ երկրները և իրենց առանձին օրակարգերն են փորձում առաջ մղել։ Այս ֆոնին կարևոր են հարավկովկասյան երեք երկրների միջև համագործակցության մեխանիզմները, որոնք կարող են նպաստել ընդհանուր մթնոլորտի բարելավմանն ու լարումների չեզոքացմանը»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս