
Զրո տնտեսական արդյունք՝ 7 միլիարդ դոլար պարտքի դիմաց․ կվճարեն ապագա սերունդները

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 13 մլրդ 607 մլն դոլարի, որից կառավարության պարտքը եղել է 13 մլրդ 87 միլիոնը։ Մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է։
Ի տարբերություն Կենտրոնական բանկի պարտքի, որը վերջին տարիներին նույնիսկ մի քանի տասնյակ միլիոնով նվազել է, կառավարության պարտքը միլիարդներով ավելացել է։
Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, ու ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եկավ իշխանության, Հայաստանի պետական պարտքը 6 մլրդ 754 մլն դոլար էր։ Դրանից կառավարության բաժինը 6 մլրդ 157 մլն դոլար էր։
Անցած 7 տարիների ընթացքում, ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանի պետական պարտքն ավելացել է 6 մլրդ 853 մլն դոլարով և 6 մլրդ 754 միլիոնից դարձել է 13 մլրդ 607 միլիոն։ Այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել է։
Այդ ընթացքում կառավարության պարտքը 6 մլրդ 157 մլն դոլարից դարձել է 13 մլրդ 87 միլիոն։
Ավելացել է 6 մլրդ 930 մլն դոլարով. 773 միլիոնով ավելի շատ, քան 2018թ. նախորդած ամբողջ ժամանակահատվածում։
Ընդ որում, այս գումարի մեջ ներառված չէ վերջերս Ամուլսարի հանքի շահագործման համար «Լիդիան» ընկերությանը տրամադրված 150 մլն դոլարի բյուջետային երաշխիքը, որը ևս մտնում է կառավարության պարտքային պարտավորությունների մեջ։ Ու որպեսզի այն հետագայում էլ չերևա պարտքերի մեջ, կառավարությունում հիմա մտածում են բյուջետային երաշխիքներն ընդհանրապես հանել պարտքի ցուցանիշներից։ Չնայած դրանք ուղղակի պարտավորություն են կառավարության ու պետական բյուջեի վրա։ Եթե երաշխիքով տրամադրված գումարները չվերադարձվեն՝ պարտավոր է վերադարձնել կառավարությունը։
Այնպես որ, այն, ինչ մտադիր են անել, լինելու է իշխանության հերթական աճպարարությունը՝ պարտքի ամբողջական պատկերը թաքցնելու համար։ Իրականում դրանով ոչինչ չի փոխվում կառավարության պարտքային պարտավորություններում, բայց այն թույլ է տալու մի քանի հարյուր միլիոն դոլարով «թեթևացնել» պարտքի երևացող մասը։
Ինչևէ, բյուջետային երաշխքներով, թե առանց երաշխիքների, պարտքի թվերը ցույց են տալիս, որ ՔՊ-ականների իշխանության տարիներին Հայաստանը մտել է չափազանց մեծ բեռի տակ։ Պետական բյուջեի վրա պարտքի բեռն ավելի քան կրկնապատկվել է։ Լրացուցիչ գրեթե 7 մլրդ դոլարի պարտք են վերցրել։ Գումարի հիմնական մասը եղել է ներքին պարտքի տեսքով։
Ընդամենը 1 մլրդ 246 միլիոնից ներքին պարտքը հասցրել են 6 մլրդ 545 մլն դոլարի։
Ավելացրել են 5 մլրդ 299 միլիոնով կամ ավելի քան 425 տոկոսով։
Սրա համար է պարտքի մասին խոսելիս էկոնոմիկայի նախարարը միտումնավոր թաքցնում ներքին պարտքի ցուցանիշը։ Թեպետ ներքին պարտքը ոչնչով չի տարբերվում արտաքինից։
1,6 մլրդ դոլարով էլ ավելացրել են արտաքին պարտքը։ Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կառավարության արտաքին պարտավորությունները կազմել են 6 մլրդ 542 մլն դոլար։
Շատ հաճախ իշխանությունները փորձում են արդարանալ, թե պարտք վերցնելը վատ բան չէ, պարտք վերցնելուց չպետք է վախենալ։ Բայց այդպես չէ, առավել ևս՝ Հայաստանի պարագայում, երբ հայտնի չէ, թե ի՞նչ են արել այդ գումարները, ի՞նչ հավելյալ արժեք են ստեղծել, որոնք հետագայում պետք է պայմաններ ստեղծեն այդ պարտքերը վերադարձնելու համար։ Շուրջ 7 մլրդ դոլարով պարտքն ավելացրել են, մինչև հիմա չկա ոչ մի հաշվետվություն այդ գումարների ծախսման ուղղությունների ու ստացված արդյունքների վերաբերյալ։ Շատ հաճախ պարտքեր են վերցրել պարզապես բյուջեի ընթացիկ ծախսերը կատարելու, այդ թվում՝ աշխատավարձ, թոշակ ու իրենց պարգևավճարները վճարելու համար։
Որպես այդպիսին, ծրագրային գումարներն այս պարտքերի մեջ շատ քիչ են։
Ո՞վ կարող է ասել, թե մինչև հիմա ի՞նչ տնտեսական պրոյեկտներ են իրականացրել այդ գումարներով, կամ ի՞նչ կենսական նշանակության ենթակառուցվածքներ են ստեղծել։ Գրեթե ոչինչ հայտնի չէ, առարկայական ոչ մի տեսանելի, շոշափելի պրոյեկտ, որը կյանքի են կոչել, չկա։ Տարօրինակ չէ, որ վերջերս հանրապետության Երկրորդ նախագահը, անդրադառնալով ներգրավված պարտքերին, կասկած հայտնեց, որ 7 մլրդ դոլարից առնվազն 2 միլիարդը փոշիացրել են, կորել է։
Եթե նույնիսկ 2 միլիարդը չէ, 1 միլիարդն է, դարձյալ խոսքը չափազանց մեծ գումարի մասին է։
Չնայած այնպես չէ, որ մնացած 5 միլիարդի տնտեսական արդյունքը տեսանելի է։
Եթե այսօր իշխանությունը կարողանում է խուսափել այս հսկայական գումարների ծախսման ու ստացած արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց, մի օր, միևնույն է, պարտադրված է լինելու դա անել։ Ու այն ժամանակ կերևա, թե ինչ են արել պետության վրա դրած 7 մլրդ դոլարի պարտքը։ Այն ժամանակ այլևս չեն կարողանալու թաքնվել իշխանական լծակների հետևում ու բավարարվել հայտարարություններով, թե դրանք գնացել են բյուջե, ծախսվել են բյուջետային մյուս գումարների նման, ինչպես արեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հետ։ 100 մլն դոլար փոխանցեցին բյուջե, այդպես էլ հայտնի չդարձավ՝ ի՞նչ արեցին, ինչի՞ վրա ծախսեցին։
Հիմնադրամի պարագայում դեռ խոսքը 100 միլիոնի մասին էր, այս դեպքում միլիարդներ են, որոնք իշխանությունների «թեթև» ձեռքով ծանրացել են պետության ու քաղաքացիների վրա։ Տասնյակ տարիներ երկիրը պետք է ճռռա այդ պարտքերը փակելու համար։
Արդեն այժմ կառավարության պարտքի սպասարկումը ծանր բեռ է բյուջեի վրա։ Միայն պարտքի տոկոսները հասել են տարեկան գրեթե 1 մլրդ դոլարի։
Մինչև ՔՊ-ականների իշխանության գալն առնվազն 3 անգամ պակաս էր։
Քիչ է, պարտք են վերցրել, չգիտես ինչ են արել, մի բան էլ բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրում այդ պարտքերը սպասարկելու համար։ Ու 1 միլիարդը դեռևս սահմանը չէ։ Դատելով այն տեմպերից , որ պարտքն են մեծացնում ու թանկացնում, առաջիկայում պարտքի սպասարկման ծախսերը կշարունակեն աճել։ Մինչև ո՞ւր կհասնեն, կախված է նրանից, թե իշխանությունների ախորժակը դեռ ինչքան կբացվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ