
Բյուջեի եկամուտների աճին ոչ համարժեք ծախսեր. ո՞ւր են ուղղվում քաղաքացիների վճարած հարկերը

Օրերս կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ 2025թ. պետական բյուջեի՝ առաջին եռամսյակում կատարման հաշվետվությունը, որի նույնիսկ ոչ շատ խորքային-մասնագիտական ուսումնասիրությունը բավական է՝ հասկանալու համար, որ սա բնավ էլ գործող իշխանության «երազանքի» կատարողականը չէ։
Հաշվետվությունում տեղ գտած մակրոտնտեսական իրավիճակի նկարագրությամբ փորձ է արվել Հայաստանում տնտեսական ակտիվության կտրուկ դանդաղման հիմնական պատասխանատվությունը դնել արտաքին միջավայրի «ուսերին»՝ որպես առանցքային պատճառ ներկայացնելով ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի կտրուկ նվազումը։
Դանդաղման վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած բարենպաստ արտածին գործոնների էական թուլացման բացասական ազդեցության մասին հաշվետվությունում նշված է բավական «հպանցիկ»՝ ընդամենը մի քանի առավելագույնս չեզոք, ըստ էության, գրեթե «ոչինչ չասող» նախադասությամբ։ Օրինակ՝ «2025թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպերի դանդաղումը շարունակվել է՝ իր վրա կրելով վերամշակման և վերաարտահանման նպատակով ներմուծված թանկարժեք մետաղների ներմուծման գործոնի չեզոքացման ազդեցությունները»։
Եվ խոսքը տնտեսական ակտիվության ոչ թե մի փոքր, այլ 3.5 անգամ դանդաղման մասին է՝ պայմանավորված ոչ միայն ոսկու վերաարտահանմամբ, այլև մի շարք այլ արտածին գործոնների էական թուլացմամբ, ինչպես նաև տնտեսության՝ արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողականության նվազմամբ։
Մասնավորապես, հաշվետվությունում չի նշվում, որ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճին ամենաշատը նպաստած արդյունաբերության ոլորտն այս տարի ոչ թե պարզապես լոկոմոտիվի իր տեղը զիջել է ծառայությունների ոլորտին, այլ նույնիսկ էականորեն հակազդել է ակտիվության աճին, քանի որ ոլորտում աճի փոխարեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է չափազանց կտրուկ՝ 18.5%-ով նվազում։
Հաշվետվության հեղինակները նաև «համեստորեն լռել» են առևտրի ոլորտի աճի տեմպի կտրուկ դանդաղման մասին։ Տեքստում ընդամենն ասվում է, որ «առևտրի 6% աճը հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ առևտրի աճով», սակայն «մոռացել» են նշել, որ աճի տեմպն անցնող մեկ տարում կտրուկ նվազել է՝ 26.5%-ից մինչև 6%։
2025թ. առաջին եռամսյակում կտրուկ անկում է ունեցել նաև արտաքին ապրանքաշրջանառությունը. արտահանումը նվազել է 61.8%-ով, իսկ ներմուծումը` 47.9%-ով: Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը մեկ տարում վատթարացել է 22.1%-ով։
Մակրոտնտեսական իրավիճակի այսպիսի էական վատթարացումը չէր կարող ուղղակիորեն չանդրադառնալ պետական բյուջեի կատարման վրա։ Ավելին, բացասական միտումների հետագա խորացումն անխուսափելիորեն կվտանգի նաև տարեկան կտրվածքով դրա կատարումը։
Կատարողականի հաշվետվությունում որպես լուրջ ձեռքբերում է ներկայացված առաջին եռամսյակում բյուջեի եկամուտների՝ 2.1%-ով գերազանցումը եռամսյակային ճշտված ծրագրով պլանավորված ցուցանիշին։ Նաև հպարտությամբ հայտարարվում է, որ «ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 100.5%-ով ապահովել են առաջին եռամսյակի ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը», սակայն, բնականաբար, ուղղակիորեն չի խոսվում այն մասին, որ այդ «գերակատարումը» հիմնականում պայմանավորված է տարբեր օրենսդրական խստացումներով (օրինակ` շրջանառության հարկով հարկման դաշտից որոշ գործունեության տեսակների ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու հաշվին ընդլայնվել է ԱԱՀ-ով հարկվող անձանց շրջանակը, որոշ ապրանքատեսակների և գործունեության տեսակների համար բարձրացվել են ակցիզային հարկը և բնապահպանական հարկն ու բնօգտագործման վճարը, և այլն)։
Պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերի վերաբերյալ հաշվետվությունում պարզապես նշվում է, որ դրանք թերակատարվել են 22.9%-ով, սակայն, բնականաբար, չի խոսվում այն մասին, որ գործող կառավարության գործունեության ողջ ընթացքում պաշտոնական դրամաշնորհները մշտապես թերակատարվել են, քանի որ դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանները չկատարելը պետական իրավասու մարմինների համար սովորական բան է դարձել։
Անշուշտ, հնարավորինս աննկատ է թողնվել նաև այն, որ բյուջեի ընդհանուր եկամուտների հավաքագրման գծով չթերանալն առավելապես հնարավոր է դարձել «այլ եկամուտների» աճի շնորհիվ։
Մասնավորապես, 6.5 մլրդ դրամ կամ պլանավորվածից 22.2%-ով ավելի են եղել «տուգանքի մատերիալ» չհանդիսացող քաղաքացիների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից մուտքերը։ Եվս 7.7 մլրդ դրամի մուտքեր՝ կամ ճշտված պլանի ցուցանիշից 12.3%-ով ավելի, ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում ազատ միջոցների տեղաբաշխման դիմաց տոկոսավճարների տեսքով։
Առաջին հայացքից դրական թվացող այս երևույթը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ բյուջեում չափից ավելի շատ ազատ միջոցների առկայությունը խոսում է այն մասին, որ կառավարությունը չի կարողանում ապահովել ծախսերի՝ եկամուտներին համարժեք իրականացումը։
Ասվածի վկայությունն են մի շարք կարևորագույն ծրագրերի գծով արձանագրված չափազանց մեծ թերակատարումները։ Դրանցից են, օրինակ՝ «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը։
Ընդհանրապես, բյուջեի ծախսերի եռամսյակային ճշտված ծրագրի թերակատարումը չափազանց մեծ է՝ այն կազմել է 29.6% կամ 242.1 մլրդ դրամ: Ընդ որում, թերակատարման գումարի գրեթե 2/3-ը կապիտալ ծախսերի գծով է (կապիտալ ծախսերը թերակատարվել են 67.1%-ով)։ Դրանք եռակի կամ 153.7 մլրդ դրամով պակաս են եղել, քան նախատեսվում էր ճշտված պլանով։ Ընդ որում, այս գումարի «առյուծի բաժինը»՝ 119.3 մլրդ դրամը, իրենից ներկայացնում է կարևորագույն նշանակություն ունեցող՝ ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում թերակատարված ծախս։
Բոլորս էլ հիշում ենք, որ 2025 թվականի բյուջեն ներկայացնելիս՝ գործող իշխանության տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, մի շարք նախարարներ, իշխանական խմբակցության պատգամավորներ, իրար հերթ չտալով, գովերգում էին բյուջեի նախագիծը՝ որպես դրա կարևորագույն արժանիք ընդգծելով հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Մինչդեռ, որպես կատարված փաստ աչքի առաջ ունենալով առաջին եռամսյակի «տխուր» արդյունքները, որևիցե մեկը «հոդաբաշխ» բացատրություն չի տալիս, թե ո՞ւմ մեղքով կամ ի՞նչ պատճառով է եղել այդպիսի մեծ թերացումը։ Փաստորեն, կարևորը սկզբում բոլորից բարձր բղավելով թվեր «կրակելն» էր։
2025թ. առաջին եռամսյակի արդյունքները ցույց են տալիս, որ կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականությունը ոչ միայն զրկել է տնտեսությանն անհրաժեշտ աջակցությունից, այլև գործել է որպես արգելակ՝ խոչընդոտելով դրա զարգացումը։
Բյուջեի եկամուտների աճը, որը մեծ մասամբ պայմանավորված էր հարկային բեռի ավելացմամբ, չի ուղեկցվել համարժեք ծախսերով, որոնք պետք է ուղղված լինեին նույն հարկատուների անվտանգային, սոցիալական խնդիրների լուծմանը։ Արդյունքում, պետական միջոցները մնացել են չօգտագործված, իսկ տնտեսությունը՝ «ձգված գոտիներով»։ Այս մոտեցումը ոչ միայն չի խթանում, այլև ճնշում է տնտեսության աճը՝ վտանգելով երկրի սոցիալ-տնտեսական կայանությունը։