«Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, այլ կերպ հնարավոր չէ». Մետաքսե Հակոբյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր հայտարարության արձագանքներին, երբ ասել էր, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու»։

«Ինձ համար, իրոք, անհասկանալի է, թե ինչու են իմ վերջին երկու հայտարարությունն այդքան նյարդայնացրել ոմանց: Որ ադրբեջանցիները ծանր են տարել այն, որ ես ասել եմ, թե հայերը մի օր պետք է վերադառնան և ապրեն Բաքվում, ես հասկանում եմ՝ ինչու, բայց օրինակ՝ Ղարաբաղից փախած որոշ նախկին պաշտոնյաներ, զիբիլի վրի կատուները, հայկական դաշտի մարած աբլիգացիաներն իրենց մի ավտոբուս համակիրներով, ֆեյսբուքի հայտնի մարմնավաճառները, ալկաշ ու տձև համալսարանի նախկին դասախոսը, ձուկիկը և քոչարյանա-սերժական գազանանոցի մնացած կենդանիների աղմուկն, իրոք, տարօրինակ է: Ինչո՞ւ Ղարաբաղի հայերը կարող են ուզենալ մի օր վերադառնալ իրենց տները, իսկ Բաքվի կամ Սումգայիթի ջարդերից իրենց տները կորցրած հայերը դրա իրավունքը չունե՞ն:

Իսկ Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, ինչպես եղել է նախկինում: Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ: Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը շեշտում է՝ բազմիցս խոսել են խնդրի շուրջ, փորձել են ՀՀ իշխանություններին բացատրել, մտածելով՝ գուցե նրանց քաղաքական ունակությունները կամ էլ պատմության վերաբերյալ գիտելիքները չեն բավարարում իրավիճակը հասկանալու համար, բայց իշխանությունների  գործողությունները ցույց տվեցին, որ նրանց քայլերը մտածված ու պլանավորված են։

Կարդացեք նաև

«Սա ադրբեջանական ուղղության քարոզն է, որն իրականացվում է Հայաստանում՝ այժմ արդեն պետական պաշտոնյաների բերանով։ Այս ամենն արդեն առնչվում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանին։ Եթե ուշադիր հետևեք, ապա կտեսնեք, որ այս խոսույթը միջազգային որևէ դերակատարի մոտ չկա, կա միայն ՀՀ իշխանությունների մոտ, նրանք են, որ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալը ձևակերպում են՝ որպես իրավունք։

Երբ մենք հայտարարում էինք, որ մենք Ադրբեջանի դրոշի տակ Արցախում չենք ապրելու, առաջինն ընդդիմացողներն ու ծանր տանողներն այս իշխանություններն էին»,- 168.am հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ արցախահայերը կարողացան պահել իրենց արժանապատվությունը և չապրեցին ադրբեջանական դրոշի ներքո, թեպետ կատարեցին ծանր ընտրություն։

«Հայաստանի իշխանությունն էլ Ադրբեջանի հետ մտածված շարժում է առաջ տանում, սա անում են նաև Թուրքիայի համար։ Լսեք Թուրքիայի պահանջները, հազարավոր թուրքերի մասին է խոսում, որոնք պետք է գան Հայաստան։ 1918 թվականին Թուրքիային չհաջողվեց ոչնչացնել Արևելյան Հայաստանը, հիմա է ուզում այդ ամենն անել։ Փաստորեն բոլորը միասին կատարում են Թուրքիայի գրեթե 1 դար տևած երազանքը։

Այսօր արցախցին պետք է ունենա քաղաքական նախաձեռնողական դիրքորոշում, անընդհատ պաշտպանվելով՝ ուժեղացնում է միայն այս իշխանություններին։

Մենք ոչ թե անընդհատ պետք է մեր իրավունքներից խոսենք, այլ պետք է հակադրվենք այս հանձնվող իշխանություններին՝ ցույց տալով, որ ՀՀ-ում ժողովրդի շահերը տանուլ տվող իշխանությունն է։ Առհասարակ հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թշնամին իր ծրագրերը կարճ ժամանակ անց, ցավոք, կյանքի է կոչելու»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս