
Իշխանական պատգամավորի՝ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին աբսուրդային հիմնավորումը. Ինչ էր առաջարկել 2019թ. ՊՆ-ն

Մայիսի 20-ին 168.am-ն անդրադարձել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակին առնչվող օրենսդրական փաթեթին, որտեղ, այսպես ասած՝ օրենսդրական էքսկուրս էինք անցկացրել՝ 2017 թվականից սկսած՝ մինչ այսօր:
Իսկ այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամն իր առաջարկած օրինագիծը ներկայացրել է «Մեդիա» կենտրոնում հրավիրված՝ «Բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի՞ զորակոչից և արտագաղթից խուսափելու խնդիրը» քննարկմանը:
Բնականաբար, Հայկ Սարգսյանը հիմնականում կրկնել է այն, ինչ արդեն ոչ մեկ անգամ ասել է, այդ թվում՝ ակնկալվող արդյունքների հետ կապված, մասնավորապես, պահեստազորի թվի աճի առնչությամբ:
Այսինքն, իշխանական պատգամավորը շարունակում է պնդել և հավատալ, որ ՀՀ քաղաքացին մեկ ամսում կարող է ձեռք բերել բավարար ռազմական գիտելիքներ և հետագայում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ արդյունավետ իրեն դրսևորել, այն դեպքում, երբ ականատես ենք եղել, թե ինչպիսի խուճապային իրավիճակ են առաջացրել ՄՈԲ ուժերը, պատահական և ոչ բավարար մարտական պատրաստություն ունեցած կամավորականները 44-օրյա պատերազմի ժամանակ, և, որ դասալքություն, փախուստ մեծամասամբ հենց նրանց շրջանում է եղել:
Իհարկե, արդյունավետ կռվողները քիչ չեն եղել պահեստազորայինների և կամավորականների շրջանում, ունեցել ենք հերոսներ, բայցև կանոնավոր զորքին «խանգարողներ» են եղել: Արդյո՞ք պատմությունը չի կրկնվելու: ՔՊ-ական պատգամավորը, ի դեպ, մոռացել է, որ 1-2 ամսվա զինծառայողներին, որոնք բավարար հմտություններ չեն ունեցել, տարել են պատերազմի թեժ հատվածներ:
Երկրորդ, Հայկ Սարգսյանը ՀՀ քաղաքացիությունից ու զինվորական ծառայությունից հրաժարվողների թվի աճը բացատրում է 2020 թվականի պատերազմի արդյունքով, դրան հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումներով, այս դեպքում մի քիչ աբսուրդային պատկեր է ստեղծվում՝ բանակում չծառայելու դիմաց վճարելու են, որ հետո ռազմական գործողությունների մասնակցեն և վտանգե՞ն իրենց կյանքը:
Այս հեռանկարը չծառայողին մտածելու տեղիք չի՞ տալու, բացի այս՝ չծառայելու դիմաց վճարող անձից երկրի համար ի՞նչ կռվող են ուզում ստանալ, խոսքը տվյալ դեպքում բարոյահոգեբանական տրամադրվածության մասին է:
Առհասարակ, իշխանական ռազմական կամ պաշտպանական պրոյեկտներում, ծրագրերում այս բաղադրիչն անտեսվում է, մինչդեռ զինվորի, սպայի, հրամանատարի բարոյահոգեբանական տրամադրվածությունը շատ որոշիչ դեր ունի մարտական գործողություններում և նրա արդյունքների վրա:
Ավելորդ է նույնիսկ նշել, որ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելուց հետո տվյալ անձն առավել անխոչընդոտ կգտնի Հայաստանից դուրս ապրելու, արտագաղթելու ճանապարհը:
Հայկ Սարգսյանը հրավիրված քննարկմանը կարևորել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը, ավելին՝ զարկ տալով երևակայությանը՝ նա այս քայլը դիտարկել է՝ որպես բանակում ինքնասպանությունների թվի կրճատմանը նպաստող հանգամանք:
«Վերջերս հարցում եմ կատարել՝ ծառայության ո՞ր ամսին են ինքնասպանություն կատարում մեր զինծառայողները: Սա վերլուծելու համար, որ, եթե մենք ծառայության ժամկետը կրճատենք, հնարավո՞ր է՝ ռիսկերը կնվազեցնենք: Օրինակ, այն քաղաքացին, որ ցանկանում է դիմել ինքնասպանության, եթե իմանա, որ իրեն կարճ ժամանակ է մնացել տուն գնալուն, կարող է ձեռնպահ մնալ այդ քայլից»,- նշել է իշխանական պատգամավորը:
Այս ձևակերպումը ոչ միայն անհեթեթ է և ոչ պրոֆեսիոնալ, այլև՝ մանիպուլյատիվ, եթե հաշվի առնենք, որ բանակում եղել են ոչ մարտական և մարտական պայմաններում մահվան դեպքեր, երբ զինվորի զորացրվելուն շատ քիչ ժամանակ էր մնացել:
Այսինքն, կա՛մ զորացրվելու ժամկետի ավարտից շաբաթներ առաջ զինվորը մարտական հերթապահության է բարձրացել, ինչի արգելք, մեծ հաշվով, չկա, և ճակատագրական դեպք է տեղի ունեցել, կա՛մ կարճ ժամանակահատվածում ոչ կանոնադրական հարաբերությունների համատեքստում խնդիրներ են ծագել, այդ թվում՝ դիրքում քնել-չքնելու հետ կապված, և սա պայմանավորել ծառայության ժամկետի հե՞տ:
Այլ հարց է, որ ինչպես մի առիթով գրել ենք, դիրքում քնելը խորքային պատճառներ ունի՝ ծառայության վայրից մինչև մարդկային ռեսուրսի խնդիր: Իսկ բանակում սպանության և ինքնասպանության դեպքերի պատճառները նաև արատավոր երևույթների ամրապնդման և տարածման մեջ են, ինչը, ի դեպ, ավելի ուշ Հայկ Սարգսյանը հաստատել է:
«Բոլոր այն դժբախտ պատահարները, արատավոր երևույթները, որ լինում են քաղաքացիական կյանքում, կարող են լինել նաև բանակում: Բանակն անջատ չի, և մեր հասարակության հայելին է: Մեր հասարակության ներկայացուցիչներն են գնում բանակ: Տարի ենք ունեցել, որ բանակում ինքնասպանությունների մեծ մասը՝ զինվոր, սպա, պայմանագրային, եղել են բուքմեյքերական գործունեության կամ ինտերնետային շահումով խաղերի, կազինոների հետևանքով: Այսինքն, տվյալ անձինք պարտքեր են կուտակել և դրա պատճառով դիմել ինքնասպանության, ինչը քաղաքացիական կյանքում ևս պատահում է: Այստեղ խնդիրը միայն ռազմական քաղաքականության կամ պաշտպանության նախարարության թերացումների մեջ չպետք է փնտրել»,- մանրամասնել է ՔՊ պատգամավորը:
Այստեղ Հայկ Սարգսյանը մի կողմից կրկնում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ բանակում ինչ լինում է, բոլորս չպետք է «հարձակվենք» պաշտպանության նախարարության վրա:
Մյուս կողմից էլ՝ իշխանական պատգամավորն արձանագրում է իրենց իսկ իշխանության օրոք ազարտային խաղերի արատավոր բարքերի խորացումը քաղաքացիական և ոչ քաղաքացիական կյանքում:
Հարկ է նկատել, որ Հայկ Սարգսյանը կարծես թե ՀՀ պաշտպանության նախարարության և նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ վերաբերմունքը մեղմացրել է, գուցե այդպիսով ցանկանում է իր օրենսդրական նախաձեռնության ապագան չվտանգե՞լ:
Նշենք, որ 2022 թվականին իշխանական պատգամավորը բանակում արատավոր երևույթների դեմ պայքար հենց պաշտպանության նախարարությունից էր պահանջում և մեղադրում անգամ դրանք թաքցնելու մեջ:
Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերին, երբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում բանակում օրենսդրական բարեփոխումներն էին քննարկվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Հայկ Սարգսյանն անհրաժեշտ էր համարել հրապարակավ բարձրաձայնել հետևյալը.
«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին, լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան: Եվ դրանց մասին, կարծում եմ, պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ-ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ գնում են, բայց պետք է սրա մասին բարձրաձայնել և այս ամբիոնն օգտագործել»:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել, բայց դրանք պետք է ունենան հրապարակային և փակ մաս: Սուրեն Պապիկյանի այս հորդորը Հայկ Սարգսյանն ի գիտություն չէր ընդունել:
Վերադառնալով ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման մասին հարցին, հիշեցնենք, որ այս հարցը 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն օգտագործում էր՝ որպես նախընտրական գործոն-խոստում՝ «պետք է կրճատենք ժամկետային զինծառայության ժամկետը, կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն»:
Իսկ Փաշինյանն այստեղ «խաղարկել էր» 44-օրյա պատերազմի միջով անցած ծառայությունը դեռ չավարտած զինվորների ծնողների պահանջը՝ «ոչ թե զորացրում, այլ ծառայության ժամկետի կրճատում»:
Իսկ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին հարցն իշխանությունների քաղաքական օրակարգից դուրս չեկավ, այլ հարց է, որ ամեն անգամ դրանց բարձրաձայնման առիթներն էին փոխվում՝ առանց լուրջ հիմնավորման:
Այս համատեքստում նշենք, որ 2019-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկվածների համար:
Մեր տեղեկություններով՝ այն ենթադրում էր 6 ամիս նախապատրաստական փուլ և 1 տարի մարտական հերթապահություն առաջնագծում, հատկապես, երբ այդ ժամանակ մարտական հերթապահությունը դեռ բավականին մեծ ռիսկայնություն էր ենթադրում:
Հավելենք, որ նույն ժամանակում Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդուարդ Բաբայանը և Գևորգ Պետրոսյանն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր, որ զինվորական ծառայության մեկ տարին չլրացած պարտադիր ժամկետային զինծառայողները չիրականացնեն մարտական հերթապահություն, ինչը, իհարկե, իր ռիսկերն ուներ: