Ինչո՞ւ է Ադրբեջանը խորացնում Իրանի հետ գործընկերությունը, ինչպե՞ս է դիրքավորվելու Հարավային Կովկասում. մարտահրավեր Ադրբեջանի համար

Ադրբեջանն ու Իրանն Արցախում մայիսի 18-ից համատեղ զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին զորավարժություններին մասնակցող իրանական անձնակազմի ղեկավարը և մյուս մասնակիցներն Ադրբեջան են ժամանել՝ «Արաքս-2025» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել հանդիպում զորախմբերի ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկայացվել է զորավարժության նպատակների, սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստման գործընթացի, անվտանգության կանոնների և տարբեր փուլերում կատարվելիք առաջադրանքների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։

Իրանական ԶԼՄ-ներն անդրադարձել են զորավարժություններին: Mehr գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերն ու Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել են «Արաքս-2025» խորագրով համատեղ զորավարժությունները։ Ըստ հրապարակումների, բրիգադի գեներալ, համատեղ զորավարժությունների ղեկավար Վալի Մադանին հայտարարել է, որ ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը Ադրբեջանի տարածք են մտել Իրանի Արդաբիլ նահանգի Բիլեհ-Սավար ցամաքային սահմանային անցակետով՝ զորավարժություններին մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ համատեղ զորավարժությունները նշանակալի քայլ են ընդհանուր սահմանների երկայնքով անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 21-ը։ Թե կոնկրետ ո՞ր տեղանքում են անցկացվում վարժանքները, չի հաղորդվում։ Հարկ է հիշեցնել՝ Իրանն ու Ադրբեջանը 2024թ. նոյեմբերին էին համատեղ զորավարժություններ անցկացրել, այս տարվա ապրիլին էլ Իրանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները ՀՀ-ի հետ էին համատեղ զորավարժություն անցկացրել։

Կարդացեք նաև

Ադրբեջանը շարունակում է ակտիվ աշխատել իրանական ուղղությամբ: Տարեսկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այցելեց Իրան, որից հետո սկսեց կազմակերպվել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի 120 հոգանոց պատվիրակությամբ այցն Ադրբեջան, որին նախորդեց իրանական պատվիրակության այցն Ադրբեջան:

ԻԻՀ նախագահի այցից հետո ԻԻՀ փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն ևս այցելեց Ադրբեջան, որտեղ հայտարարեց, թե Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում:
Բացի սա, օրերս կրկին Իրան է այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը, ով ելույթներ է ունեցել միջոցառումների շրջանակում, ինչպես նաև հարցազրույց տվել իրանական ԶԼՄ-ներից մեկին: Tasnim գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է սահմանադրորեն վերջ տա Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին, որպեսզի կարողանան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել»: Նա նաև անդրադարձել էր Ադրբեջան-Իրան համագործակցությանը քաղաքական և տնտեսական ոլորտներում՝ բարձր գնահատելով դրանց զարգացման տեմպերը:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ ադրբեջանա-իրանական համագործակցությունը դրական միտումներ ունի, քանի որ Ադրբեջանը սկսել է ակտիվորեն աշխատել Չինաստանի, Իրանի ուղղությամբ, հատկապես, երբ Հնդկաստանի հետ հարաբերություններն ավելի բարդանում են: Սա, ըստ նրա, լավ հնարավորություն է Իրանի համար խորացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որն Իրանը տևական ժամանակ փորձում էր իրականացնել, սակայն այդքան էլ չէր հաջողվում Ադրբեջանի հետ առճակատման և ժամանակ առ ժամանակ բռնկվող լարվածությունների պատճառով:

«Իսկ ներկայումս Իրանը հնարավորություն է ստացել Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, հնարավորինս չեզոքացնելով այն վտանգները, որոնք Իրանը զգում էր ռեգիոնում: Խոսքը թե սահմանային անվտանգության վերաբերյալ Իրանի մտահոգություններին է վերաբերում, թե հայ-ադրբեջանական բանակցություններում ապաշրջափակման հարցերին ու Ադրբեջանի պահանջներին: Ուստի, հնարավորության դեպքում կազմակերպվում է համատեղ զորավարժություն սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով, հատկապես, որ այդ տեղանքում Ադրբեջանն ու Իրանը նոր են սկսում համատեղ աշխատել, ուստի նման զորավարժությունը կողմերի համար, կարծում եմ, կարևոր է»,– ասաց վերլուծաբանը: Սահմանային անվտանգությունն, ըստ նրա, այդ ուղղությամբ ռազմավարական հարց է Իրանի Իսլամական Հանրապետության համար, որի պատճառով ԻԻՀ-ն զորավարժություններ է անում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանի հետ սահմանը մեծացել է, Իրանի տեսանկյունից իրողություններ են փոխվել, որոնք բացասական են Իրանի համար, ուստի Իրանն իր դիվանագիտությամբ ձգտեց կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, իսկ ներկայումս էլ՝ ամրապնդել իր անվտանգությունը: Կարծում եմ, որ Իրանը հետևողական է լինելու նաև ռեգիոնում իր՝ միջնորդի դերը զարգացնելու ու հաստատելու հարցում: Ի վերջո, Իրանի նախագահի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երբեմն ակնարկներ էին հնչում իրանա-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին: Այդ նպատակը ևս ծառայում է Իրանի անվտանգությանը՝ առաջին հերթին, ու Իրանի շահերին ռեգիոնում, քանի որ Իրանը շարունակում է պնդել, որ ռեգիոնում միջանցքներ, ինչպես նաև սահմանների փոփոխություններ չպետք է լինեն»,– ասաց նա:

Վերլուծաբանը գտնում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև իրավիճակը Հնդկաստան-Պակիստան հարաբերություններում ստիպում է Ադրբեջանին էլ ավելի խորացնել համագործակցությունն Իրանի հետ:

«Երբ Հնդկաստանը բավականին սուր հայտարարություններ է անում Պակիստանի դաշնակիցների հասցեին, Ադրբեջանին պետք է փորձի ռեգիոնում ամրապնդել իր դիրքերը, հատկապես, երբ Հնդկաստանի հետ սերտորեն համագործակցում է նաև Իսրայելը: Սա, ինչպես ասել եմ, մարտահրավեր է Ադրբեջանի համար, ինչը ստիպում է էլ ավելի զգուշավոր քաղաքականություն վարել ռեգիոնում»,– ասաց նա:

Սա, նրա որակմամբ, կունենա ազդեցություն նաև հայ-իրանական հարաբերություններում, քանի որ Իրանը ստիպված է լինելու հավասարակշռված դիրքավորվել տարածաշրջանում:

«Սակայն Հայաստանի հետ կապված կարմիր գծերը վերաբերում են առաջին հերթին Իրանի անվտանգությանը, ուստի այդ մասով ոչինչ չի փոխվի: Պարզապես Իրանի հայտարարությունները փոքր-ինչ կփոխվեն: Կարծում եմ՝ այս ֆոնին Ադրբեջանն էլ ակնկալելու է Իրանից դիրքորոշումների մեղմացում հենց կարմիր գծերի մասով»,– ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս