Պաշտպանության նախարարությունը՝ Սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության լուծարման մասին

Մարտի 28-ին 168.am-ը հոդված էր հրապարակել՝  «Սուրեն Պապիկյանը գեներալների «գլխին հսկիչ է» կարգել իր ընկերոջն ու հարսանիքի խաչեղբո՞րը» վերտառությամբ, ինչի համար հիմք էր հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած մի լուսանկար:

Մասնավորապես, մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը, և, որ տեսական քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը, իսկ հրապարակված լուսանկարներից մեկում ԳՇ պետի կողքին մի երիտասարդ էր նստած և վերահսկում էր գեներալների տեսական քննությունը:

Եվ մենք բաց փաստերի հիման վրա մեր հոդվածում ներկայացրել էինք նրա ով լինելը, որ նա Արմեն Ղալեչյանն է, ով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ավելին, նրա հարսանիքի խաչեղբայրն է եղել:

Ինչ վերաբերում է Ղալեչյանի պաշտոնական դիրքին ՀՀ պաշտպանության նախարարությունում, ապա հաշվի առնելով 168.am-ի ավելի վաղ արձանագրած փաստերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար դառնալուց հետո իր մտերիմներին տեղավորել է պաշտպանական գերատեսչությունում, դարձրել իրեն օգնական, ենթադրել էինք, որ նույնը տեղի է ունեցել նաև այս դեպքում:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում 168.am-ը մարտի 29-ին գրավոր հարցում ուղարկեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

– Արմեն Ղալեչյան անուն-ազգանունով անձնավորությունը մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ներկա է գտնվել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցած տեսական քննությանը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի կողքին նստած: Ի՞նչ պաշտոն է նա զբաղեցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում, երբվանի՞ց և դրանից բխող ի՞նչ հարցերով է զբաղվում, արդյո՞ք զբաղեցրած պաշտոնը լիազորություն տալիս է բարձրաստիճան զինվորականների ատեստավորման գործընթացին անմիջական մասնակցության: Եվ, առհասարակ, ով ի պաշտոնե իրավունք ունի մասնակցելու բարձրաստիճան զինվորականների ատեստավորմանը:

– ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քանի՞ օգնական և խորհրդական ունի:

Եվ մինչև պաշտպանական գերատեսչությունը կպատասխաներ մեր հարցմանը՝ ելնելով ընդունված ընթացակարգերից, Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում մեր և ավելի ուշ մյուս լրատվամիջոցների հրապարակումներին արձագանքելով, տեղեկացրել էր՝ «ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացին մասնակցում եմ, որպես ՊՆ նախարարի օգնական, այսինքն, հանձնաժողովում ներգրավված եմ որպես նախարարի ներկայացուցիչ»:

Այսօր ստացել ենք նաև մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարության պատասխան գրությունը, որում նշվում է.

«Արմեն Ղալեչյանը 03.03.2025թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարի օգնականն է:

Ատեստավորման քննությունների ընթացքին Արմեն Ղալեչյանը, ՀՀ ՊՆ 12.04.23թ. N հրամանի 3-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն, մասնակցում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի օգնական՝ իր գործառույթներից բխող պարտականությունների կատարման շրջանակում:

Իսկ Պաշտպանության նախարարի օգնականների և խորհրդականների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը չենք կարող տրամադրել ՀՀ ՊՆ 16.05.2024թ. 797-Լ հրամանի 88-րդ կետի հիմքով»:

Իհարկե, ինչպես նշեցինք, ՀՀ պաշտպանության նախարարի օգնականների և խորհրդականների մասին որոշակի տեղեկություններ բաց աղբյուրներում կան, սակայն, ըստ էության, ամբողջական և իրական թվի մասին տեղեկություն հնարավոր չէ ունենալ՝ ըստ բաց փաստերի:

Մյուս կողմից, հանուն արդարության պետք է նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականների և օգնականների մասին թիվը գաղտնի է պահվել նաև Սուրեն Պապիկյանին նախորդածների դեպքում:

Օրինակ, 2019 թվականին «Սիվիլնեթը» հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել պաշտպանության նախարարի հաստիքային և արտահաստիքային խորհրդականների ցանկն ու վերջիններիս նշանակման ժամկետները։ Այդ ժամանակ Պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր:

Եվ Պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով այն ժամանակ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը (9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը), մերժել էր տրամադրել հայցված տեղեկատվությունը։ Սակայն, «Սիվիլնեթը» նկատել էր, որ այդտեղ որևէ կետով չի արգելվում ՊՆ խորհրդականների մասին տեղեկատվության տրամադրումը։

Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը փաստորեն նույն տեղեկատվության տրամադրումը մերժել է ՊՆ կոնկրետ հրամանի համաձայն:

Իսկ 168.am-ը մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկած իր հարցման մեջ հարցրել էր նաև՝

– 2024 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն անցավ սպառազինության վարչությունը և վերանվանվեց ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության: Եվ այս օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այս վարչությունը հնարավոր է լուծարվի, արդյո՞ք նման հարց դիտարկվում է:

«ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության լուծարման հարց չի քննարկվում»,- հայտնել են մեզ ՀՀ ՊՆ-ից:

Հավելենք, որ մարտի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից, և հոդվածը գրելու պահի դրությամբ դեռ նոր նշանակում չկար:

Տեսանյութեր

Լրահոս