Ռիսկի տակ է ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը. Որքանո՞վ է հիմնավոր ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի լուծարումը

Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում որոշվել է լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականին հաստատվել են Պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը:

Ավելի կոնկրետ՝ նախարարության կառուցվածքում զինվորական ներկայացուցչությունների բաժնի, գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության և գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության գործող ռազմատնտեսական վարչության գործառույթներում ներառվել են այդ կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2018 թվականի մայիսի 11-ի նիստի ժամանակ էր հավանություն տվել ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու ՊՆ նախաձեռնությանը, այն իրականացնելու էր տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործու­նեութ­յուն:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ ակնկալվում էր, որ ինստիտուտի ստեղծմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրա­կանացման հարցերում, պե­տության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակ­ներում կընդլայնվի ներհանրապետական արտադրու­թյան տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառա­զինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար և այլն:

Հավելենք, որ դեռ 2016-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը հավանություն էր տվել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին, որի շրջանակներում էլ հիմնադրվել էր գիտահետազոտական ինստիտուտը:

Իսկ արդեն 2017 թվականի հունվարի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել էր Հայաստանի Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը։ 

Նշվում էր, որ մինչև 2020թ. ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղություններն են.

1) ԶՈՒ-ի սպառազինությունում գոյություն ունեցող ՍՌՏ-ի, ՌՏՈՒ-ի նորոգումը, արդիականացումը,

2) նոր ՍՌՏ-ների, ՌՏՈՒ-ների ստեղծումը և արտադրումը, որոնք են`

ա. հրաձգային զենքերը, զինամթերքը, ՌՏՈՒ-ն, թեթև սպառազինությունը, հրետանային միջոցները, ՍՌՏ-ի բազային և հատուկ մասերը.

բ. լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադիոլոկացիոն սպառազինությունը.

գ. անօդաչու թռչող սարքերը, հարվածային անօդաչու թռչող սարքերը և հակառակորդի նմանատիպ սարքերին հակազդման միջոցները.

դ. հետախուզության տեխնիկական միջոցները.

ե. կապի տեխնիկական միջոցները.

զ. նավարկային միջոցները.

է. ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները.

ը. քիմիական և կենսաբանական պաշտպանական միջոցները,

3) հրթիռաշինության զարգացումը.

4) ավտոմատացված կառավարման համակարգերի ստեղծումը:

Փաստաթղթում շեշտվում էր, որ ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով:

Իսկ մինչև 2020թ. ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները սրանք էին.

1) մետաղամշակող կենտրոնների և ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային պարկի ստեղծումը,

2) ռադիոէլեկտրոնային սարքավորումների և դետալների հավաքման արտադրության ստեղծումը,

3) պայթուցիկ նյութերի` հեքսոգենի, օկտոգենի ու վառելիքային նյութերի համաձուլվածքների արտադրության ստեղծում, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիաների յուրացումը,

4) բարձր, գիտատարողունակ և մրցունակ տեխնոլոգիաների յուրացումը, նոր մշակումների և արտադրությունների կազմակերպումը:

ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները ևս կարող էին փոխվել:

168.am-ի հետ զրույցում Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական փորձագետ Ավետիք Քերոբյանը հաստատեց վերը նշվածը՝ նկատելով, որ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ»-ի ստեղծումը բխում էր ռազմարդյունաբերական պետական ծրագրից:

«Ինստիտուտի գործառույթների շրջանակում տարբեր հարցեր էին, այդ թվում՝ նոր պատերազմների, նոր ռազմական բախումների համար անհրաժեշտ զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի պատկերի, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ձևավորումը, ինչպես նաև՝ ռազմական նշանակության փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտատեխնիկական ուղեկցումը:

Իհարկե, իր գոյության ընթացքում ինստիտուտը չի կարողացել աշխատել մեծ արդյունավետությամբ: Եվ ոչ վերջին հերթին այն պատճառով, որ այն թողնվել էր ՊՆ ենթակայության տակ, Ռազմարդյունաբերության կոմիտեն, որն ինստիտուտի ստեղծման պահին գտնվում էր ՊՆ ենթակայության տակ, իսկ մեկ տարի հետո հանձնվեց ԲՏԱ նախարարության ենթակայությանը: Եվ փաստացի այն կառույցները, որոնք զբաղվում էին կամ պետք է զբաղվեին ռազմարդյունաբերության զարգացմամբ, գործում էին տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ, ու փոխհամագործակցությունը, այդ թվում՝ բյուրոկրատական պատճառներով, չի ստացվել:

Ժամանակին ինստիտուտը համալրվել է զինված ուժերի պաշտոնաթող սպաներով, գեներալներով, որոնց տեխնիկական փորձը կարող էր շատ ավելի արդյունավետ օգտագործվել, եթե պաշտպանական գերատեսչությունը կարողանար պահանջարկ ձևավորել իր ներսում՝ ինստիտուտի աշխատանքները կազմակերպելու, այն հանձնարարություններով ծանրաբեռնելու, և կարողանար անել այնպես, որ ԲՏԱ նախարարության և Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի միջև արդյունավետ համագործակցություն լիներ:

Հիմա ինչ վերաբերում է կառավարության այսօրվա նիստում ինստիտուտը լուծարելու որոշմանն ու դրա հիմնավորմանը, որ կանխում են ինստիտուտի, ՊՆ-ի և ԳՇ կոնկրետ վարչությունների գործառույթների կրկնությունը, ապա չպետք է մոռանանք, որ ինստիտուտը ստեղծվել է 2018-ին, և ՊՆ ու ԳՇ ստորաբաժանումների գործառույթները, որոնք վերջերս են հստակեցվել, հենց իրենք են կրկնում ինստիտուտի գործառույթները և ոչ թե հակառակը: Ուստի այստեղ օպտիմալացման մասին խոսելիս, պետք է ՊՆ և ԳՇ նոր գործառույթները սահմանելուց այդ մասին մտածեին և խոսեին, և ոչ թե հիմա: Փաստացի ստացվում է, որ ՊՆ-ն և ԳՇ-ն իրենց ստորաբաժանումները սահմանել են՝ կրկնելով ինստիտուտի գործառույթները»,- մանրամասնել է Քերոբյանը՝ նկատելով, որ կառավարչական և կառավարության կառուցվածքի անկատարությունն է, որ հանգեցրել է նման խնդրի, և ոչ թե կառույցների մասնագիտական համալրվածությունը, անձնակազմերի կարողությունները:

Այս համատեքստում Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը հավելել է, որ ունենք մի իրավիճակ, երբ ԲՏԱ նախարարությունը կամ Ռազմարդյունաբերության կոմիտեն ի վիճակի չէ իրականացնել պետական բյուջեով նախատեսված և ֆինանսավորված պաշտպանական նշանակության փորձակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքները, որի համար 2024 թվականի բյուջեով նախատեսված է մոտ 7 միլիարդ դրամ:

«Նախորդ ամիս ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի փոփոխությունները ներկայացնելիս ԲՏԱ նախարարն այդ աշխատանքները չկատարելու պատճառ որպես՝ բերում էր բյուրոկրատական արգելքները: Բայց, կրկնում եմ, Կառավարությունն իր կառուցվածքով է բերել ու հասցրել այս վիճակին, և փաստացի չի կարողանում կատարել իր իսկ ստանձնած հանձնառությունը, այդ եզրահանգմանն ենք գալիս, երբ ուսումնասիրում ենք կառավարության 2022, 2023 թվականների կատարողականները: Առաջնային է այստեղ 2020-2024 թվականներին Ռազմարդյունաբերության կոմիտեի համալրվածության հարցը: Այդ ընթացքում ընդամենը 2.5 տարի է Կոմիտեն ունեցել նշանակված նախագահ:

Հաշվի առնելով, որ 2022 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հունիսը Կոմիտեն ունեցել է նշանակված նախագահ, բայց չի կարողացել իրացնել փորձակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված միջոցները, գալիս ենք այն եզրահանգման, որ ո՛չ նպատակ, հանձնարարություն է տրված եղել, ո՛չ էլ չանելու համար պատասխանատվության է կանչվել Կոմիտեի ղեկավարը, ինչո՞ւ չէ՝ ԲՏԱ նախարարները:

Ընդ որում, այդ ծրագիրը չի կատարվել զգալի տոկոսով, այդ երեք տարիների ընթացքում կատարողականն առավելագույնը կազմել է 40 տոկոս, նվազագույնը՝ մոտ 15:

Փաստացի այն միջոցները, որոնք պետբյուջեով նախատեսված են եղել ռազմարդյունաբերության զարգացման՝ առաջանցիկ նախագծեր կատարելու համար, դրանք անգործության, անկարողության կամ դիտավորության հետևանքով չեն ծախսվել:

Եվ եկել ենք մի վիճակի, որ նույնիսկ նախորդ տարիների կնքված պայմանագրերը, որոնք պետք է շարունակվեին 2024-ին, փաստացի չեն ֆինանսավորվում նույն կառավարության անկարողության կամ դիտավորության պատճառով: Եվ ռիսկի տակ է առհասարակ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը, քանի որ պետական կամ մասնավոր ընկերությունները չունենալով կառավարության լիազոր մարմնի կողմից հանձնարարություն, ֆինանսավորում, ժամանակի հետ կորցնելու են այդ աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ ռիսկային ոլորտ է, և չերաշխավորված ֆինանսավորման պատվերի պարագայում չեն կարողանալու տևական ժամանակ պահպանել ներդրումներն այդ ոլորտում և զարգացում ապահովել: Եվ ունենալու ենք մի վիճակ, երբ դոփելու ենք տեղում և ստիպված ենք լինելու արտադրել այն, ինչ մշակվել է մի քանի տարի առաջ, իսկ նոր մարտահրավերներին անպատրաստ ենք լինելու»,- եզրափակեց Քերոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս