
Կարելի է տեսնել՝ ապագան որ կողմ է գնում․ ինժեներական, մեքենաշինական այդ ընկերություններին հարկային արտոնություններ պետք է տալ․ Էրիկ Կասսաբյան
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից բացի, պետությունը պետք է հարկային արտոնություններ տրամադրի նաև ինժեներության ոլորտին, որպեսզի այն ևս գրավիչ դառնա»,-ասում է սիրիահայ ճարտարագետ, հայ-ամերիկյան EngineerX ընկերության ինժեներական բաժնի ղեկավար, ինժեներ Էրիկ Կասսաբյանը։
Իսկ թե որքանո՞վ է կարևոր ոլորտի զարգացումը, ինչո՞վ է տարբերվում ՏՏ ոլորտից, ո՞րն է առավելությունը, այս և այլ հարցերի մասին զրույցը՝ ստորև․
-Ծնվել եք Սիրիայում, դպրոց հաճախել Հայաստանում, ուսանողական տարիներն անց եք կացրել Կանադայում։ Ճամփորդությունն ինչո՞ւ է այս ուղեգիծն ունեցել։
-Այո, ծնվել եմ Հալեպում։ 1998թ․ մեկ ամսով որոշեցինք գալ, տեսնել Հայաստանը, որն արդեն անկախ պետություն էր։ Մեզ շատ էր զարմացրել հյուրընկալությունը, ոնց որ տանը լինեինք, ու որոշեցինք տեղափոխվել այստեղ՝ ապրելու։ Հայրիկը հեռուն էր նայել, ինչպես դա հասկացանք հետագայում։ Նա ուզում էր, որ Հայաստանում մեծանանք՝ հայոց մշակույթն ու ազդեցությունը կրելով։ 5-րդ դասարանից այստեղ սկսեցի դպրոց հաճախել։ Երբ դպրոցն ավարտեցի, որոշեցի գնալ Կանադա և սովորել։
-Երբ նոր դպրոց ես հաճախում, երկար ճանապարհ պետք է անցնես, որպեսզի «ընդունվես» դասընկերների կողմից․կապ չունի՝ սփյուռքահա՞յ ես, թե՞ ՀՀ մարզից կամ երևանյան այլ դպրոցից։ Ձեզ ինչպե՞ս ընդունեցին։
-Փորձը զանազան էր։ Երևանի Ասքանազ Մռավյանի անվան թիվ 25 դպրոցն եմ հաճախել, որը հիմա չի գործում։ Իրականում ընդունելությունը շատ ջերմ էր, ընդհանուր առմամբ խտրականություն չեմ զգացել։ Ինձ համար լեզուն էր շատ դժվար, որովհետև Սիրիայում չնայած հայկական դպրոց եմ գնացել, նյութերի մեծ մասն արաբերեն էր՝ բացի հայոց լեզվից և կրոնից։ Մաթեմատիկան, ֆիզիկան արաբերեն էի սովորել, ու այստեղ գալուց հետո դա ամենաբարդ մասն էր։ Հիշում եմ, որ ուսուցիչները հարցնում էին, թե ինչո՞ւ թղթին չեմ գրում, ուղղակի բանավոր եմանում։ Սկզբում կարծում էին՝ չգիտեմ, դրա համար չեմ գրում, բայց հետո որ պատասխանն ասում էի, ասում էին՝ օ՜, լավ։ 8-րդ դասարանից գնացի ՀՊՃՀ, վարժարան, խորացված սովորեցի մաթեմատիկա, ֆիզիկա, ու կարծես կամաց-կամաց նշմարվում էր, թե ապագայում ինչ մասնագիտություն եմ ընտրելու։ Նշեմ, որ Կանադայի և Հայաստանի մաթեմատիկայի մակարդակը համազոր էր։
-Սովորել եք մեխանիկական համակարգերի ճարտարագիտության բաժնում։ Ինչո՞վ էր պայմանավորված բաժնի ընտրությունը․մտածում էիք՝ փողաբե՞ր է։
-Հատկապես հայկական իրականությունում, ինձ թվում է՝ ուսման հարցում ծնողներն ունեն որոշակի ազդեցություն։ Ուզում էի կամ ճարտարապետլինել, կամ ճարտարագետ։
Մանկուց սիրել եմ լեգոներ հավաքել, քանդել խաղալիքներն ու տեսնել՝ ինչպե՞ս է աշխատում։ Սկզբում մտածում էի ճարտարապետության ուղղությամբ գնալ, որովհետև շենքերի կառուցումն այդ շահաբերության մասն էր, բայց իրականում մեկ տարի կորցրեցի ճարտարապետության ոլորտում։ Հետո հասկացա, որ իմը չէ։ Այդ ժամանակ արդեն զարգանում էր ռոբոտաշինությունը, և քանի որ սիրել եմ ձեռքով աշխատել՝ մեխանիկայի ոլորտն ավելի գրավեց։ Եթե անձը սիրում է ինչ-որ բան, վաստակելու ձևը գտնում է։
Արևմտյան երկրներում զարգացած է ինժեներությունը։ Հայաստանում հետսովետական տարիներին մի շարք գործարաններ այլևս չաշխատեցին, 2000-ականներին ոլորտը գնաց դեպի IT, քանի որ ընդամենը մեկ համակարգիչ ու մասնագետ էր պահանջվում դրա համար։ Իսկ ինժեներականի դեպքում արդեն արդյունաբերության ոլորտը պետք է զարգացած լինի, որ հնարավոր լինի աշխատատեղերով ապահովել։
-Մեխանիկական ճարտարագիտությունն ու ծրագրավորումն ինչո՞վ են տարբերվում։
-Իրականում երկուսն էլ պետք են։ Ինժեներիան ավելի շատ շոշափելի է, միտքը՝ բազմազան։ Ինչ մտածում ես՝ կարող ես դարձնել եռաչափ մոդել, ապա տանել արտադրության։ Ռոբոտաշինության մեջ մեխանիկական մասը ֆիզիկական ռոբոտն է․ ձեռքերը, ոտքերը, շարժիչները։ Իսկ դրանից հետո դառնում է ինչ-որ մի կրիչ։
Ծրագրավորողներն էլ գալիս են, որ այն իրականությանը մոտ դարձնեն։
Երեխաները լեգո են խաղում, որովհետև այն հնարավորություն է տալիս, որ այն, ինչ մտքում է՝ իրար կողքի հավաքելով՝ իրականություն դարձնեն։ Ինժեներության ոլորտը լեգոյի նման է։ Հնարավորություն է տալիս նախագիծն իրականություն դարձնել։ Ծանոթ չեմ, թե ինչպե՞ս են ինժեներիան համալսարաններում դասավանդում, բայց կարող եմ ասել, որ Կանադայում պայմաններից մեկն այն էր, որ պետք է աշակերտն ընտրի պատմության կամ կենցաղի հետ կապված ինչ-որ թեմաներ։ Ժամանակին չէի հասկանում, ասում էի՝ ինչի՞ս է պետք՝ պատմություն սովորեմ, բայց արի ու տես, որ լավ մասնագետ դառնալու համար պետք է տարբեր ոլորտներ ուսումնասիրած լինես։
-Գնում ենք դեպի ռոբոտացում․ո՞ր ոլորտներում է կարևոր այդ մշակույթը ներդնելը։ Չինաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկներից 14-ը ռոբոտ է, Վիեննայի համալսարանում արդեն ռոբոտ ուսանող կա․սա աբսուրդ չէ՞։
-Արհեստական բանականության դեպքում շատերը վտանգներ են տեսնում, շատերը՝ օգուտ։ Ռոբոտն ուղղակի գործիք է, իսկ թե ինչպե՞ս կծրագրավորենք ու կօգտագործենք, մեզանից է կախված։
-Ձեր հետաքրքրությանշրջանակում է պաշտպանական ոլորտը, մեքենայական արդյունաբերությունը։ 1967-96թթ․ մենք արտադրել ենք «Երազ» մեքենա։ Նման նախագիծ ունե՞ք, ցանկություն կա՞։ Կվերադառնա՞նք հին օրեր, երբ ՀՀ-ն մեքենա արտադրող երկիր էր։
-Այստեղ խնդիրն ամբողջական համակարգն է։ Ամենը սկսվում է ուսումից։ Լավ և արդիական ինժեներական ուսում պետք է ստանան։ Եթե50 տարի առաջվա ինժեներական մոտեցումներին հետևենք, որը միայն կենտրոնացած էր բազային ուսման վրա, արդեն հետ ենք մնում։ Հետաքրքիրն այն է, երբ Կանադայումսովորում էինք, պրոֆեսորներն ասացին՝ այն, ինչ հիմա սովորում ենք, 4 տարուց որ ավարտեք բուհը, արդեն հնարավոր է՝ նոր բաներ բացված լինեն։
Ինչ վերաբերում է մեքենաշինությանը․ոչ միայն պետք է հնարավորություն ունենալ սարքել, այլև լինել մրցունակ։ Երազ ունենալը շատ կարևոր է, բայց պետք է հասկանալ, թե ինչպիսի գործիքակազմ է մեզ պետք, ու ձգտել դրան։ Իսկ պաշտպանական ոլորտը, իհարկե, այսօր մեր խնդիրներից մեկն է։ Ուրախ եմ տեսնել, որ շատ ընկերություններ լուրջ են վերաբերվում դրան, պահանջում են լավ մասնագետներ։
-Ոլորտի զարգացման համար ի՞նչ է պետք․կա՞ն խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում։
-ՏՏ ոլորտը զարգացած է, դրա համար շատ հնարավորություններ կան տրված՝ օրինակ, հարկային արտոնություն, իսկ ինժեներությանը, քանի որ դեռ այդքան էլ երևի զարգացած չէ, այդ հնարավորությունները տրված չեն։ Ինձ թվում է՝ կարելի է տեսնել՝ ապագան որ կողմ է գնում․ հաջորդ էտապն ինժեներությունը, մեքենաշինությունն է, ու այդ ընկերություններին հարկային արտոնություններ պետք է տալ։ Այդպիսով ոլորտն ավելի գրավիչ կդառնա։
-Ձեր ո՞ր նախագծով եք հպարտանում։
-Շատ փակագծեր չեմ բացի, բայց ռազմարդյունաբերության ոլորտում կային նախագծեր, որոնք արդեն կիրառվում են։ Ինժեների ուրախությունն էլ դա է, որ լինում է խնդիր, լուծում է և տեսնում է իրականացվող նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում: