
ՊատմաՌազմագիտական ամնեզիա….

Արցախյան առաջին պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանը 30 տարի չի կաշկանդվել հիշել այս կամ այն տարածքը, քաղաքը կորցնելու տարեթիվը, եթե անգամ որպես պարտվող կողմ՝ որոշակի բարդույթներ եղել են:
Իհարկե, ադրբեջանական կորուստները և հայկական կողմի ռազմական գործողությունները մատուցվել են այնպես, ինչպես ձեռնտու է Ադրբեջանին:
Բայց այստեղ կարևորը դա չէ, այլ, որ, կրկնում ենք, իրենց կորուստների մասին Ադրբեջանի ղեկավարությունը, պետական քարոզչամեքենան չեն խորշել խոսել, հիշեցնել՝ երբեմն դրանք համարելով նաև քաղաքական դավաճանության արդյունք: Եվ ադրբեջանական հանրության մեջ պետականորեն ներարկել են, որ ներքին և արտաքին, ռազմական գործոնների պատճառով կորսված տարածքները վերադարձնելու են:
30 տարի հետո Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, հասավ նպատակին: Թե ինչպես դա հաջողվեց, կանդրադառնանք մեկ այլ առիթով:
Ադրբեջանը տարածքային ամբողջականության սկզբունքի իրագործմանը ռազմական ճանապարհով հասնելուց հետո դե յուրե և դե ֆակտո չի փակել Արցախի առաջին պատերազմի էջը՝ իրենց պարտության և հայկական կողմի 30 տարի առաջ նվաճած հաղթանակի:
168.am-ը գրել է, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի «դատավարությանը» Բաքուն քննության առարկա է դարձնում պատերազմի ժամանակ իր հակառակորդի՝ հայկական կողմի ռազմական օպերացիաները՝ Շուշիի օպերացիա, Բերձորի ազատագրում, Աղդամի ազատագրում, Քարվաճառի ազատագրում և այլ պատերազմական դրվագներ:
Այսինքն, Ալիևը պատրաստ է նույնիսկ «մաքրել» Ադրբեջանի երբեմնի դավաճան իշխանությանը, կամ առնվազն չհիշել նրանց դավաճանությունները, որովհետև անհրաժեշտ է սլաքն ուղղել Հայաստանի Հանրապետության և ՀՀ նախկին նախագահների դեմ:
Իսկ ի՞նչ ենք մենք անում:
Երեկ մայիսի 9-ն էր՝ ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրը՝ 80-րդ տարեդարձը, այլ նաև 1992 թվականին «Հարսանիք լեռներում» օպերացիայի հաջող իրագործման կամ Շուշիի ազատագրման օրը, նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը:
Բայց արի ու տես, որ 2020 թվականի պատերազմից ամիսներ առաջ Շուշին, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեզ առավել մեծ վստահություն էր տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ», պատերազմում պարտությունից հետո դարձավ դժբախտ և դժգույն քաղաք:
2019-ին 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրումը Փաշինյանը համարում էր մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից, իսկ 44-օրյայի ժամանակ էլ Շուշիի անկման մասին լսելուց հետո, նա հրահանգել էր հետ գրավել քաղաքը, այլ հարց է՝ ինչպես, ինչ ռեսուրսով, բայց այսօր նույն Փաշինյանը հրահանգել է մոռանալ այդ երբեմնի ռազմական փայլուն և հերոսական էջը, որովհետև Շուշին Ադրբեջանին անցավ, ինչի հետ կապված, ամեն դեպքում, դեռ շատ դրվագներ կան բացահայտելու և հասկանալու:
Այսինքն, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով 3 տարի անազատության մեջ պահելով՝ Փաշինյանն իրականում Շուշին կորցնելու թեման չի փակում, այլ ավելի շատ հարցեր են առաջանում:
Բայց եթե Փաշինյանի քաղաքական կերպափոխումը, կամ, իր բառերով ասած՝ ինքնահայեցումը, կարելի է նույնիսկ ինչ-որ տեղ մարսել, ապա նույնը չի կարելի անել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի դեպքում:
Արծրուն Հովհաննիսյանին մայիսի 9-ին կանչել էին Հանրային հեռուստաընկերություն, որ կոտրի Հայրենական Մեծ պատերազմին առնչվող ռուսական միֆերն ու ստերը՝ ապացուցելու, որ առանց ԱՄՆ-ի՝ Սովետը չէր կարող հաղթել, և այլն, ինչը մեծ ոգևորությամբ արեց, և էական չէ՝ օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ: Ի դեպ, նույնիսկ այս պարագայում Արծրուն Հովհաննիսյանը դասավանդման ենթակա ռազմական դրվագներ առանձնացրեց:
Եվ թվում էր՝ իրեն ռազմական գիտնական, պատմաբան համարող անձը, որը նաև զինվորական է, և, բնականաբար, չի ընդունում, որ քաղաքական չեզոքություն է պարբերաբար խախտում, օրվա առիթն օգտագործելով, ռազմական կամ ռազմագիտական քննարկման առարկա կդարձներ նաև 1992 թվականի Շուշիի օպերացիան, կարող էր միաժամանակ 44-օրյայի ընթացքում քաղաքը մեր կողմից պահելու անկարողության, կամ, ինչպես ինքն էր ասում՝ Շուշիի ճակատամարտի, այդտեղ Ադրբեջանի հաղթելու, ինչո՞ւ չէ՝ «Գյոռբագյոռ» օպերացիայի դրվագները:
Բայց ոչ մի հիշատակում չեղավ Շուշիի մասին՝ անգամ օրվա խորհրդի համատեքստում, և ոչինչ, որ գնդապետի ուսադիրներ կրող Հովհաննիսյանը երկար տարիներ եղել է Շուշին ազատագրած հրամանատարներից Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղարը, և պարբերաբար, անգամ՝ 44-օրյա պատերազմի օրերին, շեշտել է գեներալի՝ Շուշիի ազատագրմանը մասնակցությունը:
Բնականաբար, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի բարեհաճությունը վայելող Արծրուն Հովհաննիսյանը չի հիշել նաև ՊԲ-ի ստեղծման պատմական փաստը, թեպետ ժամանակին հպարտությամբ վերլուծում էր , թե ինչպես է ՊԲ-ն ոչնչացրել ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներին, հետո՞ ինչ՝ այսօր ՊԲ գոյություն չունի, բայց մենք պատմական փաստերից և տեղի ունեցած ռազմական օպերացիաներից ենք, չէ՞, խոսում:
Գուցե մենք ենք միամտություն դրսևորում՝ պահանջելով զինվորականից և ռազմական գիտնականից ոչ քաղաքական վարքագիծ՝ մոռանալով 44-օրյա պատերազմի օրերին այդ նույն անձի տեղեկատվական «нестыковка»-ն, մեղմ ասած:
Նշենք, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուներ մամուլի խոսնակ, բայց Փաշինյանը և փաշինյանական ՊՈԱԿ-ը որոշել էին, որ պատերազմական տեղեկատվությունը և քարոզչությունը պիտի իրականացնի Արծրուն Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնում էր, որից ազատվեց պատերազմից հետո: 44-օրյա պատերազմի օրերին տեղեկատվական խառնաշփոթն առանձին քննարկման թեմա է:
Ւ դեպ, հետաքրքիր է՝ Ռազմական ակադեմիայի ղեկավարության համար նույնպե՞ս Առաջին պատերազմի հայկական ռազմական փայլուն օպերացիաները փակված թեմա են: Եթե այո, ուրեմն՝ ցավալի է ասել՝ Բաքվի շնորհիվ է, որ դրանք դեռ երկար չեն մոռացվելու և անընդհատ «տաք» են պահվելու….