
Հարձակվել են հանքերի վրա, խելահեղ աճեցրել են մոլախաղերը, անուղղելիորեն փոփոխել են ՀՀ տնտեսությունը․ Հրանտ Բագրատյան
Փաշինյանի իշխանության յոթնամյակն արժե համեմատել նախորդ երկու յոթնամյակների՝ 2003-2009-ի և 2010-2017 թթ․-ի հետ։ Այս յոթ տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 43 տոկոսով, դա, միջին հաշվով, տարեկան անում է 5,1 տոկոս։ Դա լավ չէ, ավելի դանդաղ աճ է, քան նախորդ յոթնամյակինը։ Խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ հանրապետության տնտեսությունը ենթարկվել է անուղղելի և վատ կառուցվածքային փոփոխությունների։ Յոթ տարում 0,9 տոկոսից 4,5 տոկոս են դարձել ծառայությունները, խաղերը։ Տարեկան 40-50 երիտասարդ այդ պատճառով ինքնասպան է լինում։ Նույնիսկ մի բանկ է ստեղծվել, որը հատուկ ֆինանսավորում է այդ մարդկանց, հեռուստաալիք ունեն, ամբողջ օրը դա են գովազդում՝ գնացե՛ք, խաղացե՛ք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Հայաստանի բնակիչներին պետք է արգելել խաղալ այդ մոլախաղերը։ Հայ մարդը չպետք է խաղա դրանք։ Ամեն տեղ այդպես չէ, բայց Մոնակոյում կամ Մակաոյում այդպես է՝ տեղաբնակն իրավունք չունի խաղալու։ Երբ շատ հաճախ այս մասին խոսում ես, ասում են՝ խաղադրույքները դրսից են անում։ Դրսից թող անեն։ Տնտեսության մեջ էականորեն բարձրացել է նաև հանքահումքային արդյունաբերությունը։ Հայաստանը ռեսուրսներով շատ աղքատ պետություն է։ Որոշ հիմարներ հեռուստացույցով, նույնիսկ Առաջին ալիքով ասում են՝ մեր հայրենի հարստությունները, բայց մենք էական հարստություն չունենք։ Հայաստանի բոլոր հանքահումքային ռեսուրսները 16 մլրդ դոլարի են, եթե բոլորը հանենք։ Համեմատության համար՝ Վրաստանինը 45 միլիարդ է, Ադրբեջանինը՝ 450 միլիարդ»,- ասաց քաղաքական գործիչը։
«Հայաստանում մեկ շնչին ընկնող հանքահումքային ռեսուրսները կազմում են 5 հազար, Վրաստանում՝ 14 հազար, Ադրբեջանում՝ 45 հազար դոլար։ Ուկրաինայում, որը հենց այնպես իր ռեսուրսների կեսը տվեց ԱՄՆ-ին՝ ոչինչ չստանալով, այդ ցուցանիշն 90 հազար դոլար է։ Պետք է բաժանենք 50 միլիոնի, բայց եթե փաստացի բնակչության թվի վրա բաժանենք, 200 հազար դոլար կստացվի։ ՌԴ-ում դա 550 հազար դոլար է։ Մենք ՌԴ-ից աղքատ ենք 100 անգամ։ Նույնիսկ Չինաստանում՝ 23 տրիլիոն դոլարի ռեսուրսներով և 1,4 միլիարդ բնակչությամբ, շնչին ընկնում է մոտավորապես 20 հազար դոլար։ Հարձակվել են հանքերի վրա՝ Կապան, Քաջարան, Ամուլսար, հանք է, որ հանում են։ Նախորդ իշխանության ժամանակ խոսում էին Թեղուտի մասին։ Գնանք, ստուգենք՝ քանի՞ ծառ է տնկվել։ Երբեք ոչ մի ծառ չի տնկվում, առավել ևս՝ այս իշխանության օրոք»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ վարչապետը պիտի գրագետ լինի, գոնե բարձրագույն կրթություն ունենա, բայց անպատրաստ է. «Փաշինյանը խոսում էր տասը միլիոն ծառ տնկելու մասին, երբ այդ ժամանակ Հայաստանում 23 միլիոն ծառ կար։ Որտե՞ղ ես տնկելու մնացած տասը միլիոնը, եղած անտառները կիսով չափ ավելացնելո՞ւ ես։ Մեր ժողովրդին պետք է հարց ուղղել՝ որտեղի՞ց եք գտնում ոչ նորմալ այս մարդկանց, բերում-դնում իշխանության, բացատրե՛ք։ Սրան ընտրած հատվածը հիմա փոքրամասնություն է, բայց ինչպե՞ս են գտնում մի մարդու, որը կգա և Արցախի վերջը կգա։ Նաթանյահուն, Պուտինը, Թրամփը, Էրդողանը, Ալիևը չէին կարող, Փաշինյանը կարողացավ տեղահանել երեք հազար տարվա ժողովրդին։ Դա Հայաստանի ամենահին հատվածն էր, այնտեղ էր կառուցվել աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին»:
«Վտանգավոր է Հայաստանի հասարակության մտավորական հատվածը։ Ունենք ակադեմիկոսներ, որոնք ամբողջ օրը քաղաքականությունից են խոսում, որովհետև պատմությունից զրո են։ Մի տգետ վերջերս հեռուստատեսությամբ քննադատում էր Գրիբոյեդովին։ Զարմանալի բան է։ Թուրքերն ասում են, որ Երևանում իրենք մեծամասնություն էին, և մի պահ այդպես է եղել, որովհետև ավելի քան 300 տարի տևած թուրք-պարսկական պատերազմներում պարսիկները՝ Իսմայիլ խանը, Նադիր շահը, պարտվել են։ Դրանք բոլորը թուրքական ծագում ունեին՝ քաջարներ էին, սեֆյաններ։ Փեհլեվիներն արդեն պարսիկներ էին»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում