
ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում. գյումրեցին իր ասելիքն ասել է ու քաղաքում բացառել ՔՊ-ի կառավարումը. Նարեկ Միրզոյան

Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, արդեն դադարեցվել են։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվել է Նարեկ Միրզոյանին։
Նարեկ Միրզոյանի խոսքով՝ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը դաշինքից դուրս գալու դիմում էր ներկայացրել, հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ էլեկտրոնային տարբերակով մեկ այլ դիմում էր ներկայացրել՝ ասելով, որ ցանկություն ունի մանդատը պահել, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինք»։
«Օրենքով սահմանված ժամկետներն ավարտված էին, այսինքն՝ համապատասխան արձանագրությունը կազմվել էր և օրենքն այլևս թույլ չէր տալիս համապատասխանաբար այն հետ վերցնել, ուստի հանձնաժողովը պարտավոր էր մանդատը փոխանցել ընտրական ցուցակի հաջորդ համարին։ Մարտուն Գրիգորյանի և մեր ավագանու հետևողական քայլերի արդյունքում հասանք նրան, որ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն կազմի ու մանդատը փոխանցի»,- 168.am-ի հետ զրույցում տեղի ունեցած գործընթացը մանրամասնեց Նարեկ Միրզոյանը։
Նրա փոխանցմամբ՝ Գյումրիում նախընտրական իրավիճակը կարծես թե հանդարտվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը պետք է հաշվի նստի մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, որտեղ պարտություն է կրել։
«Բնականաբար, ՔՊ-ն Գյումրիում իր պարտությունը չի մարսում, չի ընդունում, որ իշխանազավթման փորձերից հետո Գյումրիում իշխանություն չունեն։ Փորձում է ցանկացած եղանակով ու միջոցներով շարունակել այն քայլերը, որոնց արդյունքում, կարծում են՝ կհասնեն բաղձալի նպատակին, այսինքն՝ իշխանություն կստանան Գյումրի քաղաքում։ Սա բոլորի համար էլ պարզ է։
Գյումրեցին իր ասելիքն ասել է ու քաղաքում բացառել է ՔՊ-ի կառավարումը։ Ծանոթ լինելով նախկինում ՔՊ-ի գործելաոճին, մեր բնակիչը բացասական վերաբերմունք ունի իշխանազավթման ցանկացած փորձի»,- հավելեց Նարեկ Միրզոյանը։
Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ ՔՊ-ն փորձում է որոշակի լարվածություն ստեղծել, բայց թիմերի աչալուրջ լինելու դեպքում իշխանազավթման ցանկացած փորձ կբացառվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել, սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել էր արձանագրություն և ներկայացվել թիվ 31 ընտրական հանձնաժողովին։ Հանձնաժողովը նախ սահմանված կարգով չէր գործել, իսկ այդ ընթացքում էլ Կարեն Բադալյանը փոշմանել էր, քանի որ նոր դիմում էր գրել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից՝ դառնալով ավագանու անկախ անդամ։
Հիշեցնենք նաև, որ Գյումրիում մարտի 30-ին տեղի ունեցած համայնքապետի արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին Սարիկ Մինասյանը, ՔՊ-ն, Վարդան Ղուկասյանը՝ Կոմկուս-ը, Մարտուն Գրիգորյան՝ «Մեր քաղաքը» դաշինք, Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» և Կարեն Սիմոնյանը՝ «Մայր Հայաստան» դաշինք։
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել էին, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ, և այդպես էլ արեցին՝ մարտի 16-ին ավագանու նիստում Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ դարձավ Գյումրու քաղաքապետ։