Գյումրու արդեն լուծարված ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Գյումրու համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու պաշտոնական որոշում դեռևս չունի։
«Ընդհանուր առմամբ փրայմըրիզ կոչվածը, որը տեղի ունեցավ Գյումրիում, մենք որակել էինք շոու, բացառապես ելնելով հետևյալ նկատառումից։ Գյումրի համայնքում հաշվառված է 109.453 ընտրող, իսկ այդ փրայմըրիզին մասնակցել է ընդամենը 1050 ընտրող, որից 20-30 քվեաթերթիկ անվավեր է համարվել։ Այսինքն՝ մասնակցել է ընդամենը 1000 հոգի, սա չենք կարող համարել ընտրություն, որովհետև ընտրական ցուցակում ընդգրկված անձանց 1 տոկոսն էլ չի մասնակցել ընտրությանը։ Սա ՔՊ-ի կուսակցության ներքին խնդիրն էր, որը, կրկնում եմ՝ մենք անվանեցինք շոու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։
Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի բնորոշմամբ՝ ՔՊ-ի գործելաոճն է՝ անօրինական ճանապարհներով բոլոր տեղերում իր ձեռքը վերցնել իշխանությունը։