Դպրոց, մանկապարտեզ, սպորտդահլիճ վերանորոգողը, կամ՝ երբ ազդվում ես «Կալաշնիկովի» տեխնիկական բնութագիր-պաստառից

Ապրիլի 30-ին կառավարությունում Նիկոլ Փաշինյանը քննարկել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը, որը ձեռքին շրջում է հանրապետության մարզերով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ: Նույն ոգևորությունը Փաշինյանը դրսևորում է սպորտդահլիճների վերանորոգման հարցում: Վատ բան չէ, բայց…

Ինչու իշխանափոխությունից հետո բանակում «սնունդ օպերացիայով» տարված և արցախյան դիրքերում խմելու ջրի հարց լուծող Փաշինյանն այսօր չի այցելում զորամասեր, մարտական հենակետեր և հետաքրքրվում՝ ծառայություն, մարտական հերթապահություն կազմակերպելու համար ի՞նչ պայմաններ են ստեղծված, արդյո՞ք ֆիզիկական պատրաստության համար կան բավարար պայմաններ, հատկապես այսօր գործող ատեստավորման համակարգի դեպքում:

Վերջերս Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական հերթական նիստի ժամանակ վկա գնդապետ Արգամ Գևորգյանը պատմել էր, որ 2-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գործող զորամասերից մեկի՝ հակառակորդի կողմից թիրախավորվելուց հետո Ազատ գյուղի կացարանում է տեղավորվել զորամասի ինժեներասակրավորների վաշտը՝ բնագծից 7 կմ հեռավորության վրա, և, որ այն գյուղի վերջին տունն էր ու ամբողջությամբ փայտից էր, չէր համապատասխանում չափանիշներին՝ «մուտքը փայտից էր, շուշաբանդը ևս փայտից էր հավաքած, ներսում ձախից զինանոցն էր, աջում՝ կացարանը: Հին փայտից տուն էր»։

Ավելին, եթե հանկարծ հակառակորդից հարձակում լիներ, պաշտպանություն կազմակերպելու պայմաններ էլ չկային:

Կարդացեք նաև

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 15 զինվորի կյանք խլած կացարանը 2020-ից է գործել որպես կացարան: Կարո՞ղ էին այդ ընթացքում վաշտի տեղակայման այլ վայր գտնել, ի վերջո, այստեղ խնդիրը զուտ հակահրդեհային պայմանները խախտել-չխախտելու հարցը չէ:

Ի դեպ, 2022 թվականին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե պատերազմից առաջ և հետո քանի՞ զորամաս կամ զորամասային շինություն է 0-ից կառուցվել, այսպես ասած, դասական քարե շինություն, պաշտպանական գերատեսչությունը պահանջվող տեղեկությունը համարել էր այդ ժամանակ հրապարակման ոչ ենթակա:

Նշենք, որ պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի մայիսին, Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնել էր.

«Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով»:

Դրանից առաջ էլ Փաշինյանն ընդունելով, որ գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն է հայտնելու, ամեն դեպքում, ԱԺ-ում դրանք մանրամասն հրապարակել էր, ընդ որում՝ հեռախոսից օգտվելով:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Իսկ այն, որ 0-ից զորամասային շինություն Փաշինյանի իշխանությունը չի կառուցել, ըստ էության, պարզից էլ պարզ է: Բայց սա չի կաշկանդում Նիկոլ Փաշինյանին՝ խոսել նախկինների ժամանակ եղած մանկապարտեզների, դպրոցների վատ շենքային պայմաններից և դրանք նորոգելու՝ իր օրոք իրականացվող ծրագրերից: Կամ՝ Ազատի կացարանի դեպքը չի կաշկանդել իշխանության ներկայացուցիչներին խոսելու նախկինների «բանկա-բութուլկեքից», այն դեպքում, երբ դրանք դիրքերում իրենց օրոք էլ են հանդիպում, ինչպես նաև՝ ավտոմեքենայի անվադողերը: Անդրանիկ Քոչարյանն այստեղ կհիշեցներ ամրացված շրջաններն ու իրենց ժամանակ կառուցվող «ամրոցները»: Թեև կառուցվում են, բայց հոդվածի թեմայի համատեքստում պիտի նկատենք, որ Փաշինյանը դրանից առանձնապես չի խոսում, ինչպես ասում են, իրեն հետաքրքրում են դպրոցներն ու մանկապարտեզները, դե, զինված ուժերն անվտանգության գործոն չեն, խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, իսկ դրա խորհրդանիշը՝ մանկապարտեզն ու դպրոցը, եթե անգամ դրանք հակառակորդի քթի տակ են, կրակոցներ լսող սահմանամերձ բնակավայրերում:

2024 թվականի հունվարին գրել էինք, որ Փաշինյանը Նոր տարվա նախաշեմին չէր այցելել մարտական դիրքեր, ավելին, Ազատի կացարանի հրդեհից հետո նա չէր շտապել դեպքի վայր, բայց հրդեհից ժամեր անց կառավարության նիստի ժամանակ շտապել էր պաշտոնական վարկած առաջ քաշել, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Բանակի նկատմամբ լրագրող, ընդդիմադիր գործիչ, վարչապետ Փաշինյանի վերաբերմունքին, բանակից վախերի, բանակի, զինվորականության հետ կապված նրա բարդույթներին տարբեր առիթներով անդրադարձել ենք: Սակայն վերջերս արխիվային նյութեր փնտրելիս՝ մեր ուշադրությունը գրավեց «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ ներկայացող Նիկոլ Փաշինյանի դատավարությունից մի դրվագ։ 

«Ես հասկանում եմ, որ այսօրվա իշխանությունը «Կալաշնիկով» ավտոմատի վրա է հենված, բայց պարտադիր չի բոլոր տեղերում այդ մասին հիշի: Ես միջնորդում եմ, որ այդ պլակատները հանվեն դատական նիստերի դահլիճից: Ոչ մի օրենքով նախատեսված չի, որ դատական նիստերի դահլիճում պետք է «Կալաշնիկով» ավտոմատի մանրամասն նկարագրություն և բացատրություն լինի: Ասեք, թող այդ «Կալաշնիկով» ավտոմատի պլակատները հանեն, ինձ վրա ազդում է»,- հայտարարել էր Փաշինյանը, իսկ դատարանը բավարարել էր նրա միջնորդությունը և «Կալաշնիկովի» պլակատները հեռացրել դատական դահլիճի պատերից:

Եվ ավտոմատի միայն նկարից ազդվող, բանակում չծառայած, ռազմական գործի տարրական նրբություններին չտիրապետող անձը հետո հավակնեց դառնալ Հայաստանի ղեկավար, գերագույն հրամանատար, և պատերազմում պարտվելուց, հետպատերազմյան շրջանում տարածքային կորուստների հանգեցնելուց հետո փորձում է ժամանակ առ ժամանակ հանրությանը բացատրել՝ ինչ ասել է՝ անվտանգություն, գնահատել զինվորականության գործողությունները:

Այստեղից հարց է առաջանում՝ իսկ գուցե նրա առաջարկած խաղաղության օրակարգը և՞ս իր այս վախերից է բխում: Մենք ամենևին էլ պատերազմ չենք քարոզում։ Պատերազմը ծանր բան է, և դա պատերազմ տեսածներն ու պատերազմի դաշտում եղածները շատ լավ գիտեն, պարզապես, երբ մարդ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հոգեկան ծանր ապրումների մեջ է ընկնում ավտոմատի միայն լուսանկարից, զարմանալի՞ է, որ պիտի թուրք-ադրբեջանական ցանկացած սպառնալիքից հետո զիջումներ աներ:

Տեսանյութեր

Լրահոս