«15 զինվորի կյանք խլած կացարանը 2020-ից է գործել որպես կացարան. այնտեղ սովորական պայմաններ չեն եղել»․ Փաշինյան
«Ակնհայտ է, որ հակահրդեհային ամենապրիմիտիվ կանոնները չեն պահպանվել»,- այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով գիշերը Գեղարքունիքի մարզում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կա Գլխավոր շտաբի պետի որոշում նաև այդ կետով, որտեղ ամեն ինչ հստակ նշված է և վերահիշեցման անհրաժեշտություն չկար․
«Մարդիկ պետք է տիրապետեն իրենց աշխատանքին, յուրաքանչյուրն իր գծով։ Այո, պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական ծառայել է դեռևս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի, ցանկացած կացարան, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն»։
Փաշինյանը հակահրդեհային կանոնները պահպանելու վերաբերյալ տեսչական մարմինների ուշադրությունը հրավիրեց քաղաքացիական օբյեկտների վրա, ասելով, որ բոլոր այն օբյեկտները, որտեղ պատշաճ ապահովված չեն հակահրդեհային կանոնները, պարզապես փակեն․
«Զինվորական ծառայությունն առանձին, բայց քաղաքացիական մեծ օբյեկտներ ունենք, որոնք չենք փակում, որպեսզի չստացվի, թե մի քանի 100 մարդու օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկում ենք: Բայց էլի ես հանձնարարում եմ, որ կոմպրոմիս պետք է չլինի, չլինի՛ ուղղակի այդպիսի դեպք, որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք և փակե՛ք, ուղղակի գնացեք և փակե՛ք, ֆիզիկապես փակե՛ք։ Թող ներդրողը կամ պատշաճ ներդրում անի և հրդեհային կանոնները պահի, եթե ոչ, թող այդտեղ առևտուր անողները գնան այլ տեղում անեն առևտուր, որտեղ հակահրդեհային կանոնները, անվտանգությունը պատշաճ ապահովված է, հակառակ դեպքում այսպես արձանագրելով՝ գնալու ենք առաջ։
Ինչքան էլ դժվար որոշում լինի, հստակ գնացեք և փակե՛ք, էսօրվանից, էս շարքը պետք է կանգնեցնել»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում