
ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՆԵՂԱՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ, ՄՈՐԻՑ, ԵՐԵԽԱՅԻՑ. ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՀԱՆՁՆՎԵԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍՈՒՄ. ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ. ԱՎԵՏԻՍ ԽԱԽԱՄՅԱՆ
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, Amanoo բնակելի թաղամասը կառուցող «Khakhamyan Heritage» ընկերության հիմնադիր Ավետիս Խախամյանն է։
Հարցազրույցի ընթացքում Խախամյանի հնչեցրած կարևոր թեզերը ներկայացնում ենք ստորև.
– Ես ծնվել-մեծացել եմ միջին հնարավորություններով ընտանիքում. միակ ժառանգությունս 300 ԱՄՆ դոլար արժեքով մի թևնոց էր։
– Չեմ ցանկանում պոպուլիզացնել գործարարի կերպարը. որևէ մեկը չի կարող ասել, թե բոլորը պետք է դառնան գործարարներ, հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա ուսուցիչներ։
– Գործարար լինել նշանակում է՝ ունենալ անքուն գիշերներ։
– Գործարարն ամուսնանում է իր բիզնեսի հետ։
– Ես տարբեր ժամանակաշրջաններում փոխել եմ իմ բիզնես ոլորտները՝ ամսագրային ոլորտը փոխել եմ ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման ոլորտով, հետո՝ ռեստորանային. այժմ ներգրավված եմ կառուցապատման ոլորտում։
– Աշխատել եմ Արաբական Միացյալ էմիրություններում, որտեղ էլ կայացրեցի կյանքիս ճակատագրական որոշումը՝ Հայաստան վերադառնալու, պայմանավորված մեկ հանգամանքով, երբ տեսա կառուցապատման ոլորտում Հայաստանում առկա բացը։
– Երբ գործունեություն էի իրականացնում ԱՄԷ-ում, տեսնում էի, թե ինչպես է այնտեղ պետական համակարգն անապատը վերածում կանաչի։ Որոշեցի Հայաստան գալ և այդ մոդելով շարժվել՝ վերականգնել կանաչը, ապա նոր ստեղծել բնակելի թաղամաս
– Կյանքիս 18 տարին նվիրեցի ամսագրային բիզնեսին, մեծ ափսոսանքով եմ նայում իմ այդ ժամանակին. ստեղծեցինք բաներ, որոնք մնայուն չէին, այժմ հենց այդ մնայուն բանն եմ ստեղծում։ Ցանկանում եմ, որ ստեղծածս արժեք դառնա։
– Փորձում եմ իմ լուման ներդնել քաղաքային միջավայրում՝ տարբերվող դառնալու հարցում. սիրում եմ, երբ մտածում են տարբեր, ոչ թե մասսայական։
– Աշխատասիրություն և հավատարմություն՝ սկսած գործին. սրանով եմ առաջնորդվում:
– Մենք շատ հեշտ հրաժարվում ենք արժեքներից։
– Բիզեսում և կյանում երբեք չեմ հանձնվում. դա ամենահեշտն է. ամուսնալուծությունն էլ է հանձնվելու պես բան։
– Մենք ունենք հողի հիշողություն. միշտ կարող ենք գնալ դրսում աշխատել, բայց չէ՞ որ պետք է ունենալ որոշակի արժեքներ, չէ՞ որ մենք ծնվել ենք հայրենիքում, հայ ենք. հայի գործունեությունը պետք է կապված լինի իր հողի և ջրի հետ։
– Երբ հեռանում են Հայաստանից, չգիտեմ՝ նեղանում են հայրենի հողի՞ց, ջրի՞ց, թե՞ անձանցից, բայց չէ՞ որ այդ անձինք անցողիկ են, հայրենիքը՝ մնայուն։ Չի՛ կարելի նեղանալ մորից, երեխայից և հայրենիքից…
Հարցազրույցի վերջում Ավետիս Խախամյանին խնդրեցինք հարց ուղղել «Կապիտալի ուժը» հաղորդաշարի հաջորդ հյուրին. հարցը՝ ստորև՝
– Իսկ ինչո՞վ եք Դուք կարողանում օգտակար լինել հայրենիքին՝ ապագա ուժեղ հայրենիքին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։