
#ՀԻՄԱ. ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆ ՑՈՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ. #ՈՒՂԻՂ
2025 թվականի փետրվարի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ դատապարտելով ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով։
Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել Ջալալ Հարությունյանին, իսկ դատախազը՝ մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը պահանջել էր առավելագույն պատիժ՝ 8 տարվա ազատազրկում։
Մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա թշնամու հարձակմանը և դրա ծանր հետևանքներին:
Դատավճռի հրապարակումից հետո տուժող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ կիրառել պատժի խստացում՝ 8 տարվա ազատազրկում:
Այսօր՝ ապրիլի 23-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստ է հրավիրվել, որը կարճ ժամանակ անց հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 16-ին:
«Մենք որոշեցինք դատական նիստը հետաձգել, կստանանք պաշտպանների բողոքը, կքննարկենք այն վարույթ ընդունելու հարցը, եթե որոշենք, որ պիտի վարույթ ընդունվի, ապա համատեղ քննություն կնշանակվի»,- նշեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը: