
Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Հաջայի նահանգի օդային տարածքում հարձակումներ իրականացնելու ժամանակ։ Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիները հայտարարել են, որ սա ապրիլին խոցված յոթերորդ MQ-9 անօդաչու թռչող սարքն է։ Նրանք նաև հայտարարել են, որ երկու ռազմական գործողություն են իրականացրել և հրթիռներով ու ԱԹՍ-ներով Կարմիր և Արաբական ծովերում թիրախավորել են ամերիկյան «Հարի Թրուման» և «Կառլ Վինսոն» ավիակիրները և նրանց հարակից ռազմանավերը: Հութիների պնդմամբ՝ իրենց ռազմական դիրքն այսօր «բավականին ավելի լավ է, քան շաբաթներ առաջ», և իրենք կարողացել են ձախողել ԱՄՆ-ի բազմաթիվ հարձակումներ։
Հութիները շեշտել են, որ կշարունակեն աջակցել պաղեստինցիներին «մինչև Գազայի դեմ ագրեսիայի դադարեցումը և պաշարման վերացումը»:
Հեռուստաալիքը հավելում է, որ ապրիլի 22-ի երեկոյան և 23-ի առավոտյան ԱՄՆ օդանավերը մի շարք հարձակումներ են իրականացրել Եմենի մի քանի նահանգների ուղղությամբ։ Թաիզի նահանգում ԱՄՆ-ն չորս գրոհ է իրականացրել կապի ցանցի վրա։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։
Համաձայն հութիների տվյալների՝ մարտի 15-ից ի վեր Միացյալ Նահանգների ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ և վիրավորվել ավելի քան 400-ը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: