
«ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչած թեզերը հիստերիայի են հասցրել օրվա իշխանավորներին». Արմեն Հարությունյան
ՀՀԿ ՈւԿ նախագահ Արմեն Հարությունյանն այն կարծիքին է, որ «ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչած թեզերը հիստերիայի են հասցրել օրվա իշխանավորներին»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պարզ կերպով բացահայտեց գործող իշխանության բոլոր ստերը. «Մինչև իշխանության գալը իրենք հայտարարում էին, թե գալիս են, որ Արցախը պահեն, ավելի անվտանգ Հայաստան ստեղծեն, նաև սոցիալական վիճակը բարելավեն, բայց տեսանք ամբողջովին հակառակ պատկերը»:
Նա նկատեց, որ 2020թ. պատերազմից հետո Փաշինյանը չէր արձագանքում իր հասցեին հնչող տարբեր արտահայտությունների, բայց ցնցումների մեջ ընկավ, երբ Սերժ Սարգսյանը նրան անվանեց կապիտուլյանտ. «Նման ցնցումներից հետո, երբ փորձում են իրենց կապիտուլյանտ լինելը վերագրել մեզ, ծիծաղելի է, որովհետև մեր իշխանության ժամանակ չի ստորագրվել այդ թուղթը, մեր իշխանության ժամանակ չի հանձնվել ամբողջ Արցախը, մեր իշխանության ժամանակ չէ, որ Ալիևն ինչպես ուզում՝ մատը թափ է տալիս և ինչ լկտի հայտարարություններ ասես՝ անում է ՀՀ վերաբերյալ: Նրանք ԱԺ-ն վերածել են թատրոնի: Իշխանական պատգամավորներից մեկի համար ԱԺ-ն այն հարթակն էր, որտեղ պետք է դուրս գար և հայտարարեր իր անդրավարտիք ունենալ-չունենալու առեղծվածի մասին»:
Արմեն Հարությունյանի դիտարկմամբ՝ գործող իշխանություններն անընդհատ վախեցնում են պատերազմով՝ տարածելով այն թեզը, թե եթե իրենք չլինեն, կլինի պատերազմ. «Բայց այս տարիների ընթացքում տեսել ենք, որ քանի իրենք կան, անընդհատ լինում է պատերազմ: Նրանց օրոք նույնիսկ տեղի ունեցավ ցեղասպանություն Արցախում: Նա խոսում է ՀՀ սուվերեն տարածքը պահելուց, բայց ադրբեջանցիները մի քանի հատվածում տեղակայվել և դուրս չեն գալիս: Գերիների և Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցն ընդհանրապես չեն քննարկում: Ի՞նչ փոխզիջումների մասին եք խոսում: Մենք անընդհատ տեսնում ենք Հայաստանի զիջումները»:
Նա հավելեց, որ իրավիճակից ելքը տեսնում է փողոցային պայքարի և իմփիչմենթի գործընթացի մեկնարկի միջոցով:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում