
Վախենում են անգամ 1 ՎՐԱՆԻՑ. այդ ո՞վ է ասել՝ Հայաստանը Գագիկ Մելքոնյանի հայրենիքն է, բայց իմ հայրենիքը չէ. Գեղամ Ստեփանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գեղամ Ստեփանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ո՞րն է բանական մարդու մոտիվացիան, որը միտումնավոր նույն ազգի տարբեր հատվածների միջև թշնամանք, ատելություն է սերմանում։ Այսպիսի վիճակ երբեք չի եղել։ Ես մինչև 2018թ․Երևանում ուսանող եմ եղել, և չի եղել մի դեպք, որ որևէ մեկը նշի իմ արցախցի լինելը։ Եթե դասախոսներս նշել էլ են, ապա միայն դրական համատեքստում՝ որպես պայքարող տեսակի։ Կենցաղային մակարդակում տարբերակում միշտ էլ եղել է, բայց երբ դա վեր է ածվում քաղաքական գործիքի, արդեն ներազգային ատելության հետևանք կարող է դառնալ։
- Քաղաքական իշխանության ղեկավարն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ արցախցիներն այստեղ իշխանափոխություն են նախապատրաստում՝ դրանով իրենց շուրջը մոբիլիզացիա կենտրոնացնելու նպատակով։
- Ադեկվատ մարդիկ պետք է այնպես անեն, որ իշխանության կողմից գեներացված քարոզը հանդիպի ուժեղ պատի։ Ինչո՞ւ այստեղ ես պետք է ինձ հյուրի կարգավիճակում զգամ։ Ինչո՞ւ պետք է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համարի, որ Հայաստանն իր հայրենիքն է, բայց իմ հայրենիքը չէ, և սա՝ այն դեպքում, երբ արցախցիները 30 տարի ձայն են բարձրացրել՝ Մայր Հայաստանին միանալու համար։
- Հաջորդ բանը, որն այս իշխանությունների կողմից մեր դեմ օգտագործվելու է, հետևյալ կեղծ թեզն է․եթե Աստված չանի, հանկարծ Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, մեզ ասելու են՝ դուք եք մեղավոր, եթե չխոսեիք վերադարձի իրավունքի մասին, պատերազմ չէր սկսվի, ու դա փորձելու են սերմանել մեր հայրենակիցների մեջ։
- Մեր բոլորի մեջ չպիտի լինի «ով ում համար արեց» տրամաբանության մեջ խոսակցություն։ Ոնց որ Երևանում չեն ասում՝ Սյունիքի համար շատ բան ենք անում, այնպես էլ Արցախի վերաբերյալ չպիտի լինի։ Ի՞նչ տարբերություն՝ Սյունիք, Արցախ…
- Այն, որ Հանրային հեռուստաընկերությամբ արցախցիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում, ցույց է տալիս, որ դա պետական քարոզչություն է, որն ուղղորդվում է իշխանությունների կողմից։
- Ես կարծում եմ՝ արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու թեման դաշտ են գցել՝ ցույց տալու համար, որ արցախցին անշնորհակալ է, որ ասեն՝ էսքան բան ենք անում իրենց համար, բայց իրենք անգամ քաղաքացիություն չեն ուզում ստանալ։
- Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ընդունելու կեղծ թեզին: Արցախցիները 070 կոդով անձնագրով Հայաստանում ընտրության են մասնակցել, հանրային պաշտոններ են զբաղեցրել, քանի դեռ դուք 2023թ․ հոկտեմբերի 23-ին մի որոշմամբ չչեղարկեցիք մեր քաղաքացիությունը։ Այնպես որ, դա կեղծ օրակարգ է։ Մենք եղել ու մնում ենք Հայաստանի քաղաքացիներ։
- Արցախցիների այս շարժումը չունի իշխանափոխության օրակարգ, բայց դա չի նշանակում, որ արցախցիներն այս իշխանության նկատմամբ հակակրանք չունեն։ Մեզ քաղաքացիությունից երևի զրկեցին, որպեսզի քաղաքական պրոցեսներին չկարողանանք մասնակցել, որովհետև հիմա արցախցիներն ընտրելու և ընտրվելու չունեն։ Բայց անգամ սոցհարցումներն են ասում՝ արցախցիների շրջանում այս իշխանության նկատմամբ գրեթե միաձայն դիմադրություն կա։
- Արցախատյացության առաջին ուժեղ ալիքը եղավ Սրբազան շարժման ընթացքում, երբ սպառնում էին՝ հանրահավաքներին չմասնակցել, թե չէ կզրկեն սոցիալական աջակցությունից։
- Ամեն դեպքում արցախուրացության ու արցախատյացության նկատմամբ հանրային պարսավանք կա իշխանական այդ քարոզչության նկատմամբ, ու դա շատ գովելի է, որովհետև այդ ճնշման արդյունքը մենք առանձին դեպքերով տեսնում ենք։
- Իսկ ո՞վ է դեմ, որ թալանվածը հետ վերադարձվի։ Ինքը՝ Շահրամանյանը, անձամբ է դատախազություն հաղորդում ներկայացրել, որ քննեն ու տան իրավական գնահատական։ Ես համաձայն եմ՝ Արցախի ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի ու օգտագործվի Արցախի ժողովրդի կարիքները հոգալու համար։ Բայց Շահրամանյանի ձեռքը լծակ կա՞, որ թալանը վերադարձնի, որ գնում, Արցախի ներկայացուցչության մոտ Շահրամանյանի հետ ցույց եք անում։ Երեկ էլ էին այնտեղ։ Ես ուզում եմ, որ իմ հայրենակիցները շատ լավ հասկանան՝ ճիշտ տեղից չեն պահանջում։ Որովհետև այդ շենքում իրենցից կախվածն արել են, հաղորդում են ներկայացրել ՀՀ դատախազություն։ Ես շատ մարդիկ եմ ճանաչում, ովքեր ազնիվ մղումներով են գալիս, բայց եթե ուղղորդված են՝ ես այդտեղ խնդիր ունեմ։ Ամեն դեպքում արցախցիները շատ լավ ճանաչում են բոլորին՝ ինձ էլ, Սամվել Բաբայանին էլ, մյուսներին էլ։ Բավական է նայել այդ ակցիաների մասնակցայնությանը։
- Արցախցիների հանրահավաքի ժամանակ, երբ ես ավարտեցի հարթակից իմ ելույթը ու իջա, ինձ մոտեցող բոլոր արցախցիները խոսում էին վերադարձի իրավունքի մասին։ Բայց այս իշխանությունն այն աստիճանի է վախեցած Ադրբեջանից, որ բանակցությունների սեղանին այդ հարցն ընդհանրապես չի էլ դնելու։
- Սոցհարցումները ցույց են տալիս, որ արցախցիների 90%-ն արտագաղթի հակվածություն չունի, բայց իշխանությունն այնպես է անում, սոցիալական աջակցությունից զրկում է, որ մարդիկ զզվեն, թողնեն գնան։
- Կառավարությունն իրապես ձախողել է միջազգային դոնորների հետ աշխատանքը։ Առաջին օրերին հնչած հայտարարություններից շատերն այդպես էլ մնացին հայտարարություններ։ Ինչո՞ւ չի կազմակերպվել դոնոր-կոնֆերանս։ Ինչքան կհավաքվեր՝ կհավաքվեր։ Բայց չեն անում, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասում է՝ կարիքը չկա։ Բա եթե չկա, սոցիալական աջակցությունն ինչի՞ եք կտրում։ Թափանցիկություն չկա, այդպես էլ չհասկացանք՝ ով որքան գումար տվեց արցախցիներին աջակցելու անվան տակ, ով չտվեց, ինչպես ծախսվեց…
- Արցախի թեման թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից փակվում է, և մեր խնդիրն է հակադարձել դրան։
- Մեզ ասում են՝ գնա՛, ապրի՛ր գյուղում: Մենք դեմ չենք, ու շատերը ապրում են գյուղերում, բայց այնտեղ աշխատանք չկա։ Լավ, մարդուն ուղարկում ես չքավորության գի՞րկը։ Թող հանկարծ չթվա, որ ես ասում եմ՝ գյուղում չպետք է ապրեն։ Ամենևին, ու կեղծ է այն պնդումը, թե բոլոր արցախցիները Երևանում են ուզում ապրել։ Նայեք վիճակագրությունը։ Բայց մարդկանց աշխատանքային զբաղվածության հարցը լուծեք։
- Տիգրան Խաչատրյանի հետ վերջին հանդիպումից հետո ասացին՝ 2 ամիս էլ կշարունակեն 40+10 աջակցությունը, բայց ասում են՝ վրանը պիտի հանեք։ Չեմ հասկանում այդ վախը վրանից։ Այսինքն՝ եթե շարժում պիտի սկսվի, հետո վրան չի՞ կարող լինել, կամ էդ վրանը չի՞ դրվելու։ Խորհուրդը դեռ չի պատասխանել այդ աշխատանքին, բայց արցախցիները դեմ են 2 ամսվա առաջարկին․ հարցը 80 000 դրամը չէ։ Դրա համար չեն մարդիկ պայքարում․ իրավունքների հարց է։
- Ադրբեջանը չի բացահայտում իր բոլոր պահանջները, բայց ցանկացած պահանջ կատարելուց հետո, անկասկած նոր պահանջներ են հնչելու։ Ադրբեջանն աշխատում է համակարգված, փոխարենը՝ դիմացը ստանում է միայն զիջողականություն։
- Այդ ում ուզենաս տանես, Ստեփանակերտում բնակեցնես, որ չուզենա։ Կատարյալ զարգացած քաղաք, բնություն։ Ադրբեջանցիներն էքսկուրսիաներ են նույնիսկ կազմակերպում, տարբեր միջոցառումներ, բայց բնակեցում չկա, որովհետև Ադրբեջանը հասկանում է, որ դրա պատասխանը տալու ժամանակը գալու է։ Կեղծիք են տարածում, թե իբր բնակեցնում են, բայց սուտ է։ Բերեցին, մեծ շուքով Արցախի պետական համալսարանի շենքում բացեցին «Ղարաբաղ» համալսարան, նկարեցին, տարածեցին, բայց հիմա այնտեղ ուսանող չկա։ Չի կարող սա երկար ձգվել։ Ադրբեջանը հեղինակազրկում է միջազգային դատարանները, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, բոլոր միջազգային կառույցները։ Սա երկար շարունակվել չի կարող։ Ինչ-որ պահի Ալիևն իր լկտիության պատասխանը տալու է»:
- Միջազգային դատական ատյաններից հայցերի ետ քաշելը դավաճանություն է։ Երբ մարդու իրավունքների պաշտպանության միակ հույսը դա է մնացել, ու դրանից էլ ես զրկում նրան, հրաժարվում ես նրանց պաշտպանությունից, ի՞նչ անուն տաս դրան։ Անգամ նեյտրալ կամ իրենց հետ աշխատող իրավապաշտպաններն են ասում՝ մի՛ արեք, հայցերը հետ մի՛ քաշեք։
- ԱՄՆ Կոնգրեսում ես առիթ ունեցել եմ խոսելու արցախցիների հավաքական վերադարձի մասին, սակայն Հայաստանի Ազգային ժողովում այդ հնարավորությունը չեմ ունեցել։
- Հանդիպումներից մեկի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Շոֆերն ուղիղ ասաց՝ դուք էիք հաղթող, դուք էիք թելադրում, հիմա ադրբեջանցիներն են հաղթող, նրանք են թելադրում։
- Կեղծ են ՀՀ իշխանությունների կողմից տիրաժավորվող այն պնդումները, որ եթե Արցախի իշխանությունները Սոֆյա կամ Բրատիսլավա գնային, մեզ համար լավ կլիներ։ Ամենևին։ Մեզ ընդամենն առաջարկվում էր լեզվական և կրոնական իրավունքներ։ Այսինքն՝ դպրոցներում հայուց լեզու սովորելու և Հայ առաքելական եկեղեցի հաճախելու իրավունք կունենայինք ընդամենը։ Հիմա հեշտ է ամեն ինչ մեզ վրա բարդել, բայց պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։
Մանրամասները՝ տեսանյութում։