Փաշինյանը պանիկայի մեջ է, Ադրբեջանին գուցե մղեն խելագար օպերացիայի, ու կկրկնվի Ուկրաինայի օրինակը. Լեոնկով

«Հայաստանի ապագան կախված է աշխարհաքաղաքական ընտրությունից»,- այս մասին 168TV-ի  «ԴԻՊԼՈՄԱՏ» հաղորդաշարում ասաց ռուս ռազմական վերլուծաբան, «Арсенал Отечества» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին ու տարածաշրջանում առկա ռիսկերին:

Ըստ Լեոնկովի, Հարավային Կովկասը ներկայումս հայտնվել է մի շարք աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում. Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կողմից, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից, սակայն չպետք է մոռանալ նաև ևս երկու հետաքրքրված խաղացողների մասին Հարավային Կովկասում, խոսքը Թուրքիայի ու Իսրայելի մասին է: Նրա խոսքով՝ այս բոլոր երկրների շահերն անդրադառնում են ռեգիոնում տիրող իրավիճակի վրա՝ հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Բոլորս հիշում ենք 2020 թվականի իրադարձությունները, 44-օրյա պատերազմը, որը ոչ միայն ողբերգություն դարձավ հայ ժողովրդի համար, այլև հանգեցրեց պատմական տարածքների կորստի, որոնք, ցավոք, անկախ Հայաստանի Հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում այդպես էլ չստացան ճանաչված կարգավիճակ, միջազգային սահմանները, կարգավիճակն այդպես էլ հստակեցված չէին: Այս ամենի արդյունքում այն հակամարտությունը, որը կար ԽՍՀՄ փլուզման ժամանակ, բռնկվեց նոր ուժով և հանգեցրեց նրան, որ պատմական տարածքներից ստիպված էր հեռանալ 120.000 բնակչություն, իսկ տարածքը մնաց Ադրբեջանի տիրապետության ներքո։ Այս ամենը միտումնավոր արվեց հայկական ղեկավարության կողմից, որպեսզի հասնեն Խաղաղ համաձայնագրի, սահմանների դեմարկացիայի՝ վերջնականապես բացառելով հետագա ռազմական բախումները»,- նման կարծիք հայտնեց Ալեքսեյ Լեոնկովը:

Սակայն, նրա գնահատմամբ, իրավիճակը ոչ թե կարգավորվում, այլ վատթարանում է, և այս ամենն ընթանում է բոլոր այն գործընթացների ֆոնին, որոնք տեղի են ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի շուրջ:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում խաղաղություն կառուցել, երբ ՀՀ իշխանությունները բոլոր նախապայմաններն ընդունում են և նշում, թե դրանով խաղաղություն են կառուցում, վերլուծաբանը պատասխանեց, որ Ադրբեջանն իրեն դիրքավորում է՝ որպես հաղթող, որպես երկիր, որի թիկունքում կանգնած են որոշակի աշխարհաքաղաքական ուժեր, իսկ Հայաստանը հայտնվել է խաչմերուկում: «Այսինքն՝ մի կողմից՝ ՀՀ ղեկավարությունը փորձում է ցույց տալ սեփական անկախությունը Ռուսաստանից, ժամանակ առ ժամանակ աչքի է ընկնում Ռուսաստանի դեմ էպատաժային քայլերով, որոնք կասկածի տակ են դնում բարեկամական այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են դարերով, մյուս կողմից՝ Հայաստանն ուժեղ գործընկերներ է փնտրում Արևմուտքում, ինչպիսին Ֆրանսիան է, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, չհասկանալով, որ ներկայումս արևմտյան երկրներն իրենցից ներկայացնում են հսկայական «Տիտանիկ» նավ, որն արդեն այսբերգից հարված է ստացել։ Եվ փաստորեն, ՀՀ իշխանությունները խորտակվող նավ են մուտք գործել, որտեղ յուրաքանչյուրն իր համար է աշխատում, դա մենք տեսնում ենք այն քաղաքականությունից, որը զարգանում է Արևմտյան Եվրոպայում՝ չկա միասնականություն, չկան միասնական որոշումներ, ինչպե՞ս հիմնվել այնպիսի երկրների վրա, որոնք փլվում են և փախչում նավից»,- ասաց Լեոնկովը:

Հայաստանի նման երկրներին, նրա խոսքով, մշտապես հարկավոր է ուժեղ գործընկեր, միայնակ հնարավոր չէ դիմադրել միությունների, ալյանսների:

«Միակ բացառությունն այն է, որ այդ երկրները գրավում են չեզոք կարգավիճակ, չեն մասնակցում բլոկերի, սակայն դրա համար հարկավոր է ունենալ մի այնպիսի բան, որ շրջապատի երկրներն ընդունեն այդ չեզոք կարգավիճակը, ինչպես Շվեյցարիան, Շվեդիան՝ մինչև վերջերս, որն անակնկալ կերպով դարձավ բլոկային երկիր: Եվ հասկանալի է, որ եթե Հայաստանը չունի ուժեղ դաշնակիցներ, այսինքն՝ Ռուսաստանից նա հրաժարվում է, Եվրոպան հայտարարում է, որ Հայաստանի հետ է, բայց զբաղվում է սեփական խնդիրներով, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը բավականին թույլ է: Իսկ Ադրբեջանն ընդհակառակը՝ ունի դաշնակիցներ, ունի Թուրքիա, Թուրքիայի թիկունքում Մեծ Բրիտանիան է, Ադրբեջանին այս կամ այն կերպով աջակցում է նաև Իսրայելը, որը հետապնդում է սեփական նպատակները, որոնք ակնհայտորեն պրոադրբեջանական չեն: Նրանք իրենց շահերն են հետապնդում, և իրենց գլխավոր թիրախն Իրանն է:

Իսրայելը ցանկանում է Ադրբեջանի միջոցով Իրանի հյուսիսում ստեղծել բավականին հզոր ռազմական կետ, որը կազդեր իրավիճակի վրա ու կսպառնար Իրանին՝ միևնույն ժամանակ ազդելով որոշակի տնտեսական գլոբալ գործընթացների վրա, որոնք գնում են Իրանի տարածքով։ Խոսքը Հյուսիս-Հարավ ծրագրի մասին է, որն անցնում է նաև Ադրբեջանի տարածքով: Թվում է՝ Ադրբեջանն ինքնուրույն զարգանալու հնարավորություն է ստացել, այնինչ նրա բոլոր գործողությունները մտնում են այն քաղաքականության մեջ, որը ծրագրել են բրիտանական շրջանակները: Թուրքիան այդ դիրքորոշումների փոխանցողն է, իսկ Ադրբեջանը՝ իրականացնողը, իրականացնում է աշխարհաքաղաքական բոլոր այն նպատակները, որոնք ադրբեջանամետ չեն»,- պարզաբանեց ռուս ռազմական վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ֆոնին Իրանի դիրքերին, ապա, ըստ Ալեքսեյ Լեոնկովի՝ Իրանի դիրքերը բավականին ամուր են՝ հաշվի առնելով այն խորհրդակցությունները, որոնք վերջերս Մոսկվայում տեղի ունեցան Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցությամբ:

«Երբ ԱՄՆ-ը սպառնում է, որ հիմա կպատժի Իրանին, պետք է հարց ուղղել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կհավաքի այս հարցի շուրջ կոալիցիա, ինչն արեց Իրաքի դեպքում և միայն երրորդ փորձից կարողացավ ջարդել: Իրանն էականորեն ավելի հզոր է 2001 թվականի Իրաքից, նա ունի բավականին հզոր ռազմարդյունաբերություն, նրանք կանգ չեն առնում, շարունակում են ավելացնել իրենց ներուժը, եթե ինչ-որ բան սկսվի, ապա հրթիռային «պինգ-պոնգը» ոչնչի չի հանգեցնի, մինիմալ վնաս կարող են հասցնել Իրանին:

Աշխարհաքաղաքական առումով ներկայումս ամեն բան Իրանի օգտին է, քանի որ ԱՄՆ-ը, լինելով բազմաթիվ խնդիրների մեջ, էսկալացիայի դեպքում կարող է միայն դեկլարատիվ աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,- ասաց Լեոնկովը:

Ուստի Մերձավոր Արևելքում բուռն զարգացումները, ըստ նրա, դեռևս գտնվում են դինամիկայի մեջ, բայց արդեն հասկանալի է, թե ռազմավարական տեսանկյունից ինչով կավարտվի այս ամենը:

«Եթե ԱՄՆ-ը շարունակի պնդել, որ իրենք այստեղ հեգեմոն դիրք ունեն, և բոլորը պետք է իրենց լսեն, ապա նրանք կպարտվեն: Իսկ եթե նրանք ավելի ճկուն քաղաքականություն վարեն, ապա կշահեն, ամենայն հավանականությամբ: Սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, ԱՄՆ նախագահը տրամադրված չէ նման հեռանկարին, նա ցանկանում է հարցը լուծել այս պահին ու այստեղ, ինչն իրատեսական չէ»,- նկատեց նա:

Լեոնկովի կարծիքով, եթե ներկայումս Հարավային Կովկասում իրավիճակը չբռնկվի, Ադրբեջանը կարող է անսպասելիորեն հայտնվել նաև մեկուսացման մեջ, այնպիսի մեկուսացման մեջ, որ այն երկրները, որոնք ազդեցություն ունեն, չեն կարողանա ոչինչ անել, կամ կարող են նրան այնպիսի խելագար օպերացիայի մղել, որը կարող է նույնիսկ Ադրբեջանի պետականության վրա անդրադառնալ և կարող է կրկնվել ուկրաինական սցենարը:

«Ադրբեջանի ղեկավարն ունի աքիլեսյան գարշապար, և կարելի է ժողովրդական մասսաներ հանել ոտքի ու վերածել ադրբեջանական Մայդանի: Նա չի հասկանում, որ բրիտանացիները բարեկամներից հեշտությամբ վերածվում են թշնամիների, երբ աշխարհաքաղաքական շահերը ֆիասկո են ապրում: Ուստի Ադրբեջանը շատ վտանգավոր խաղ է խաղում, իսկ Երևանին հարկավոր է կողմնորոշվել, թե ով է իր իրական, դարավոր բարեկամը»,- ասաց նա:

Լեոնկովը նաև ասաց, որ հետևում է Փաշինյանի պահվածքին: «Ինձ թվում է, որ նա պանիկայի մեջ է, քանի որ նրա պրոամերիկյան կուրսը, հանուն որի նա այդքան ջանք ու միջոց է ներդրել, փակուղային ու իրականում նույնիսկ կործանարար կուրս է»,- պնդեց վերլուծաբանը:

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ ՀՀ ապագան կախված է աշխարհաքաղաքական ընտրությունից: «Կկարողանա՞ն արդյոք ինքնակողմնորոշվել հայերը, ճիշտ ճանապարհ ընտրել և դուրս գալ խորտակվող «Տիտանիկից», ժամանակի հարց է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ը վարվում իր բարեկամների հետ, պատկերավոր օրինակ է Ուկրաինան, պետք է երբեմն կանգնել ու նայել շուրջբոլորը»,- ասաց Լեոնկովը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս