Գիտե՞ք՝ Թուրքիայից ինչքան դեղ է Հայաստան գալիս. այսօր տասնյակ խոշոր  դեղագործական ֆիրմաներ դուրս են եկել Հայաստանից. փորձագետներ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ու Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն են։

Փորձագետները մասնավորապես խոսել են Հայաստանի դեղերի շուկայում տիրող աղետալի վիճակի մասին:

«Վրաստանում գրեթե 3 անգամ մատչելի են գրանցում։ Ավելին, այնտեղ, եթե դեղը գրանցված է ԵՄ անդամ երկրում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, այն այլևս փորձաքննություն չի անցնում, միանգամից ճանաչվում է։ Այսօր Վրաստանում պաշտոնապես գրանցված է 11.000 անվանում դեղ։ ՀՀ քաղաքացիների մեծ տոկոսը գնումներ է կատարում Վրաստանի շուկայից։ Այնտեղ դեղերը ՀՀ համեմատ 30-40 տոկոսով ավելի մատչելի են, էժան են։ 2018թ.-ից մինչև 2023թ. ավարտը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 1160-ով, այսինքն՝ մոտ 35%-ով պակասել է գրանցված դեղերի քանակը։

Այն իրավիճակը, որը հիմա մեզ մոտ է, մի 7-8 տարի առաջ Վրաստանում էր։ Դեղ չունեին, այստեղից էին դեղ տանում։ Հիմա իրավիճակն ուղիղ հակառակն է։ Ինչպես նշեցի՝ գրանցված 11.000 անուն դեղ ունեն։ Վրաստանում ասում են՝ ես ուղղակի ճանաչում եմ եվրոպական կամ ամերիկյան սերտիֆիկատը, որն արտադրող երկրում գրանցել է դեղը։ Իրենք Վրաստանում դեղ չեն գրանցում, ինչը անում ենք մենք։ Բայց մենք էլ այդքան ռեսուրս չունենք։ Դրանից ելնելով՝ դեղորայքը Վրաստանում առնվազն 30-40%-ով մատչելի է։ Մեր ազգաբնակչության 30%-ը դեղ է ձեռք բերում Վրաստանից»,- ասաց Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Բագրատաշենի անցակետի վրացական հատվածում մի քանի հատ մեծ դեղատներ կան, չնայած այդտեղ բնակավայրեր չկան։ Դեղատներն աշխատում են հայ սպառողի համար։

«Նույն օնկոլոգիայի դեղերը Վրաստանում կրկնակի են էժան, Թուրքիայում՝ եռակի։ Եվրոպական դեղարտադրողների 90%-ը Թուրքիայում գործարաններ ունեն։ Հայաստանում ապօրինի դեղաշրջանառության 20%-ը Թուրքիայից է գալիս, ինչը նույնպես ազգային անվտանգության խնդիր է։ Դուք գիտե՞ք՝ Թուրքիայից ինչքան դեղ է գալիս Հայաստան»,- ասաց նա՝ հավելելով՝ մարդիկ դեղորայք բերում են նաև Ռուսաստանից, Պարսկաստանից, Եգիպտոսից:

Անուշ Պողոսյանն էլ ասաց՝ քանի որ Հայաստանը չունի Reference Price  հասկացությունը, որը դեղերի գնագոյացման համար կարևոր նշանակություն ունի, արտադրողից մինչև դեղը Հայաստան է հասնում, շուրջ 60%-ով թանկանում է, քանի որ չկա սահմանված այն շեմը, որից բարձր դեղը չի կարող վաճառվել:

«Մինչև 2018թ․ դեղերի գրանցման գներն այդքան բարձր չեն եղել Հայաստանում, և դեղերի գրանցումը խնդիր չի եղել, թեպետ դեղերի քանակը շատ չի եղել։ Բացառապես կառավարության անգործության պատճառով այսօր տասնյակ խոշոր դեղագործական ֆիրմաներ դուրս են եկել Հայաստանից, այդ թվում՝ Reference Price չունենալու պատճառով»,- ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:

Քաղցկեղի դեղը՝ «Herceptin»-ը, 440 մլգ, որը հանրահայտ է, Ռուսաստանում արժե 30 000 ռուբլի, մեր գումարով՝ մոտ 130 000 դրամ: Մեզ մոտ վաճառքի գինը 355 000 դրամ է: Աբսուրդ է: Որովհետև «Herceptin»-ը, որն արտադրում է «Roche»-ը, Հայաստանում գրանցել է այնպիսի տուփով, որ որևէ տեղ այդ տուփով չկա: Այսինքն՝ Ռուսաստանին տրամադրվող տուփը Հայաստանին տրամադրվող տուփից այլ է: Միջի դեղը նույնն է: Այդպես են արել, որ փող աշխատեն: Ընդ որում, եթե Հայաստանում դեղը վաճառվում է 355 000 դրամ, բացարձակ չի նշանակում, որ մատակարարն է փող աշխատում:

Ավելին, շատ խոշոր արտադրողներ դեղը տալիս են մատակարարին՝ ասելով՝ քեզ 100 անվանում դեղ եմ տալիս, բայց 5-ի համար ես իմ գինն եմ թելադրելու, ու դու այդ գնով պիտի առնես: Հակառակ դեպքում այդ պայմանագիրն առհասարակ չեմ տա քեզ: Դրանցից մեկը «Herceptin»-ն է, քանի որ քաղցկեղի դեղերի մեծամասնությունը ձեռք է բերվում պետական գնումներով: Եթե այս դեղը դեղատանը վաճառում են 355 000 դրամով, լավագույն դեպքում 10% մարժայի տատանում է տալիս: Նույն գնով՝ 10% մատչելի, պետությունն է գնում տվյալ ընկերությունից: Բայց նույն պետությունը նույն դեղը կարող է 2 անգամ մատչելի գնել նույն Ռուսաստանից: Բայց քանի որ պետք է գնեն «Roche»-ից, դրա համար թանկ է նստում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս