Ադրբեջանն ընկալել է Իրանի՝ Հայաստանի հետ զորավարժությունների անցկացման քաղաքական նպատակը

168.amգրել է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման համար «հիմքեր» է ստեղծում սահմանագծի տարբեր ուղղություններով, և, որ վերջին շրջանում ադրբեջանական տեղեկատվական և ոչ տեղեկատվական գործողությունների թիրախում դարձյալ նաև Տավուշն է: Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ին մերձակա caliber.az-ն օրերս պնդել է, որ Տավուշի հատվածում իբր «հայկական կողմը փորձել է սրել իրավիճակը, հայկական դիրքերից մեկն ակտիվություն է դրսևորել»:

Այն, որ սահմանագոտու ցանկացած ուղղության հետ կապված՝ Ադրբեջանն իր ռազմավարական նպատակներն ունի, դա գաղտնիք չէ:

Նախքան 2018 թ. ադրբեջանական կրակոցների ազդեցությունը հասարակության և բանակցային գործընթացի վրա կանխվել է համաչափ պատասխանով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը, մասնավորապես՝ Տավուշում, ի՞նչ է իրականում տեղի ունենում, քանի որ սոցցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները և պաշտոնական հայտարարություններն ու իշխանության ներկայացուցիչների պնդումները տարբեր են:

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ Ադրբեջանն այս փուլում առաջնագծին լարվածություն հաղորդելով՝ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության շրջանում, և դրանով իսկ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա՝ Հայաստանի իշխանությունների հետագա հնարավոր զիջումների առումով:

Այսինքն, թիրախի ուղղությունները, այդ թվում՝ Տավուշի, Ադրբեջանը պատահական չի ընտրել, քանի որ և՛ Տավուշի, և՛ Գեղարքունիքի, և՛ Սյունիքի դեպքում ընտրված են այն ուղղությունները, որին մերձակա հատվածներում կան բնակավայրեր, և ցանկացած կրակոց՝ անկանոն թե թիրախային, բնականաբար, լսելի են լինում տեղի բնակիչներին, ուստիև բարոյահոգեբանական ազդեցություն ունենում:

Ադրբեջանն այս մոտեցումը տարբեր փուլերում օգտագործել է, հիմա տարբերությունն այն է, որ մինչև 2018 թվականը ՀՀ-ում ամեն ինչ արվել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների ազդեցությունը հայ հասարակության և բանակցային գործընթացի վրա էական չլինի, և այդ նպատակով ադրբեջանական ցանկացած սադրանքի՝ անկախ մասշտաբից և հնարավոր ազդեցությունից ընդհանուր իրադարձությունների վրա, հայկական կողմը համարժեք պատասխանել է և կանխել նաև դրա ազդեցությունը բանակցային պրոցեսում ՀՀ-ի նկատմամբ ճնշումների համատեքստում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Իշխանափոխությունից հետո և նախքան 44-օրյա պատերազմն Ադրբեջանն արժանի հակահարված ստանում էր, մասնավորապես, և՛ Նախիջևանի ուղղությամբ, և՛ Տավուշի հատվածում, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էլ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, ԳՇ պետերն ընթացքում փոխվել են՝ Արտակ Դավթյան, Օնիկ Գասպարյան:

168.am-ը 2023 թվականին «Փաշինյան-Ալիև տանդեմ. բարձրաստիճան ո՞ր նախկին ռազմական ղեկավարի կամ գեներալի անազատությունն է բխում նաև ադրբեջանական պահանջներից» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է՝ ՀՀ բարձրաստիճան ո՞ր նախկին ղեկավարին կամ գեներալին է Ադրբեջանը թիրախավորել, մեղադրել «ռազմական հանցագործության» և Փաշինյանին չենթարկվելու համար, ինչն արտահայտվել է Ադրբեջանի դեմ պատասխան գործողություններով և դիրքային բարելավումներով:

Իսկ ադրբեջանական ապատեղեկատվությունը շարունակվում է, և վերջին օրերին, ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոսում է նաև «պատասխան կրակոցների» մասին, ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, ոչ մի համատեքստում դրանց չի անդրադառնում: Այսինքն, տեղեկատվական պատերազմի դաշտում էլ ակտիվություն չի դրսևորում՝ որպես նախաձեռնող և պատասխան տվող:

Այս ամենի ֆոնին, բնականաբար, սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում ադրբեջանական կողմից կուտակումների մասին: Իհարկե, տարբեր առիթներով նշել ենք, որ շատ դեպքերում և ուղղություններում այս մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է, եթե հաշվի առնենք նաև ՀՀ ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զինուժի 2021 թվականից ներկայությունը և ապրապնդվելու փաստը:

Մյուս կողմից, հարց է՝ ինչպե՞ս կարող է շարքային քաղաքացին, ըստ էության, հստակ արձանագրել ադրբեջանական զորքի կուտակումները կոնկրետ ուղղություններում:

Ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումների, տեղաշարժերի մասին տվյալները գաղտնագրվում են, ինչպես Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են Արտաքին հետախուզական ծառայությունից, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքն այս առնչությամբ սահմանում է՝

– Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության, արդիականության և համաչափության սկզբունքներին համապատասխան:

– Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:

– Գաղտնագրման հիմնավորվածությունը յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից:

– Գաղտնագրման արդիականությունը տեղեկությունների ստացման (մշակման) պահից կամ մինչև այդ դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:

– Գաղտնագրման համաչափությունը տեղեկություններին տրված գաղտնիության աստիճանի համապատասխանությունն է դրանց տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառվող հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

Նշենք, որ ըստ սույն օրենքի, արգելվում է պետական գաղտնիքի շարքին դասել, մասնավորապես, մարդկանց անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները և այլն:

Հայաստան-Իրան պաշտպանական համագործակցությունը տրամաբանության մեջ է

Եվ մինչև Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են «հաշիվներ պարզել» առաջնագծում և ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրել, իսկ ՀՀ իշխանություններն էլ որոշեն, թե՝ հասարակությանն ինչ չափով պիտի ներկայացնել տեղեկությունը, այս ընթացքում՝ ապրիլի 9-10-ը, ՀՀ-ի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ անցկացրեցին, որի ժամանակ խաղարկվել են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Իհարկե, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Ավելին, Նորդուզի շրջանում Իրանի և Հայաստանի՝ երկու օր տևած համատեղ զորավարժությունների ժամանակ, իրանական կողմի հաղորդմամբ, կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ, իրականացվել են հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարների հմտությունների ցուցադրում, պայթեցման գործողություններ, կրակային աջակցություն և այլն:

Եվ որքան էլ որոշ փորձագետներ իրականությունից դուրս գնահատականներ հնչեցնեն զորավարժությունների անցկացման ժամկետի և շարժառիթի վերաբերյալ, պետք է հաշվի առնել, որ երկկողմ զորավարժությունների կազմակերպումը մեկ օրվա բան չէ: Իսկ Հայաստան-Իրան զորավարժությունների անցկացման շուրջ, մեր տեղեկություններով, տևական ժամանակ քննարկում է ընթացել՝ հատկապես կապված դրա բնույթի հետ:

Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր. 

«Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում մեր համագործակցությունը տրամաբանական շրջանակում է առաջ գնում: Եվ այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մենք փոխադարձ ընկալում ունենք, այն ունի տարբեր բաժիններ: Եվ մենք փորձում ենք հետամուտ լինել այն բաժինների ուղղությամբ, որոնք բխում են երկու երկրների շահերից»: Եվ անհրաժեշտ չհամարելով նշված թեմաների շուրջ զրույցը, ընդգծել էր՝ «եթե զորավարժություն կանցկացվի, ուրեմն՝ պայմանավորվածություն կա»:

Իսկ ապրիլի 9-10-ն անցկացված զորավարժությունների մեսիջը շատ ավելի քաղաքական է:

«Հայ-իրանական զորավարժություններն ավելի շատ քաղաքական մեսիջ էին պարունակում, դրանք էական մասշտաբներ չէին ընդգրկում, կամ՝ սցենարի քաղաքական մասը բացառապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ սա ստեղծված լարված իրավիճակում ՀՀ-Իրան համագործակցության դրսևորում էր, և տարբեր ակտորներին փոխանցում այն, որ տարաբնույթ սրացումների պայմաններում Հայաստանը և Իրանը նաև այս ուղղությամբ են համագործակցելու», -մեզ հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ զորավարժության հիմքում դրված սցենարը և դրանից բխող օպերացիաներն ավելի շատ ԱԱԾ տիրույթում են:

«Բայց, կրկնում եմ, քանի որ կար որոշակի քաղաքական մեսիջներ հղելու խնդիր, զորավարժությունը ստացավ այն ձևակերպումը, որը ստացավ»,- եզրափակեց պատգամավորը:

Իսկ ի՞նչ եզրահանգման է եկել Ադրբեջանը: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վերլուծական հոդվածում նշվում է, որ Հայաստանի հետ համատեղ զորավարժություն անցկացնելով, Իրանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ:

Այսինքն, ադրբեջանական կողմի դիտարկմամբ, Թեհրանում հասկանում են, որ հավասարակշռության բացակայությունը, որից կարող է շահել միայն կողմերից մեկը, կարող է թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, և հենց դրա համար է, որ ադրբեջանական լրատվամիջոցի հավելմամբ, Իրանը նույնիսկ քաղաքական և դիվանագիտական շփումներում է փորձում հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, ինչն արտահայտվում է նաև Իրանի ղեկավարության այցերի միջոցով՝ Երևան, Բաքու:

Հայաստան-Իրան զորավարժությունների համատեքստում ադրբեջանական «Հաքքինազի» հոդվածագիրը նկատել է նաև, որ կողմերը բավականին զգուշավոր տարբերակ էին ընտրել, այսինքն՝ Ադրբեջանն այստեղ վտանգներ չի տեսել, մինչդեռ հայ-ամերիկյան խաղաղապահ զորավարժությունների շուրջ ամեն անգամ աղմուկ է հանում և գործի դնում երևակայությունը: Գուցե, եթե ՀՀ-Իրան զորավարժություններն անցկացվեին ՀՀ-ում, նույն երևույթի ականատեսը լինեինք:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2024 թվականին Իրանը և Ադրբեջանն Իրանի Արդաբիլ նահանգում անցկացրել էին «Արազ-2024» քառօրյա համատեղ զորավարժությունները, որին մասնակցել էին ադրբեջանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Նպատակն էր՝ կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։

Իրանի փորձագիտական և պաշտոնական շրջանակներից ակնարկել էին, որ իրանա-ադրբեջանական զորավարժությունները նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը՝ ընդգծելով օտարերկրյա ուժերի բացակայության կարևորությունը տարածաշրջանում։

Տեսանյութեր

Լրահոս