Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ–ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik Արմենիա

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։

Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:

«Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են, և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է Sputnik Արմենիայի գրավոր հարցման` ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։

ԱՀԾ-ում առաջարկել են հետևել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին։

Գրավոր հարցմամբ նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է ծառայությունը գնահատում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների հավանականությունը այս և մոտակա ամիսների ընթացքում։ ԱՀԾ-ում այս հարցին ևս չեն պատասխանել։

Հավելենք, որ մարտի 21–ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, և իրենց ծառայությունում հետևում են իրավիճակին։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ:

Ընդ որում, ադրբեջանական դիրքերից անընդհատ կրակոցներ են լսվում՝ որոնք ուղղված են լինում նաև Հայաստանի ուղղությամբ։ Մարտի 31-ին, օրինակ, ադրբեջանական կողմից արձակված կրակոցները վնասել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս