
«Որևէ երկրի քաղաքացի չի երազում՝ գա-հասնի Հայաստան, այդ սահմանով անցնի Թուրքիա, սահմանի բացումը ձեռնտու է միայն ադրբեջանցիներին». Լոքմագոզյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հանդիպումից հետո Քըլըչը հայտնել է, որ քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։
Նա նաև ասել է, որ հայ-թուրքական սահմանն առայժմ չի բացվելու։
Սերդար Քըլըչն ասել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ։
Քըլըչին հարց են ուղղել նաև Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ։ Հարցին՝ արդյոք Թուրքիան նույնպե՞ս Հայաստանից պահանջել է փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ, նա պատասխանել է.
«Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»։
Նշենք, որ հայկական կողմը վաղուց արդեն վերանորոգել ու վերազինել է Մարգարայի անցակետը՝ պատրաստվելով այն բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նախապես հայտարարել էին երկու երկրների իշխանությունները։ Մարգարայի անցակետը բացվել էր միայն 10 օրով՝ Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տանելու նպատակով։
Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը վստահ է՝ հայ-թուրքական սահմանի բացման կամ չբացման հարցն առհասարակ կապված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, քանի որ Թուրքիան երբեք էլ չի ձգտել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։
«Ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի նախագահ Գյուլի պրոտոկոլային հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն Էրդողանի կողմից միանգամից խափանվեցին. Գյուլի կողմից վարվող քաղաքականությունն այլ էր, Էրդողանինը՝ այլ։ Էրդողանն այսօր անգամ այդ պայմանավորվածությունների մասին չի էլ խոսում։ ՀՀ օրվա իշխանությունն էլ դրա մասին չի խոսում, ինչից կարելի է ենթադրել, որ այն, ինչ այսօր իրենք մեզ ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների անվան տակ՝ բոլորը մեզ է ուղղված, ներքին լսարանի և նրա աչքին թոզ փչելու համար են, այս ամենն աճպարարություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տիրան Լոքմագոզյանը։
Նա հիշեցրեց՝ ՀՀ կառավարության ղեկավարը թուրք լրագրողների հրավիրեց Հայաստան, Մարգարայի անցակետը ցույց տվեց, որպեսզի տեսնեն, թե նրանց համար ինչ են արել, ինչ պատրաստություններ են տեսել՝ ինչը եղած աճպարարության մի դրվագն է։
«Գուցե ՀՀ իշխանությունը հույս ուներ, որ Թուրքիան ընդառաջ կգնա իրեն, գոնե սահմանը կբացի, այն էլ՝ ոչ թե Հայաստանի համար, այլ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ինքս միշտ ասել եմ, որ երրորդ երկրների քաղաքացիներ ասելով՝ նկատի ունեն ադրբեջանցիներին, թող մի քանի զբոսաշրջիկ էլ լինեն, որոնք կցանկանան Թուրքիայից Հայաստան գալ, կամ՝ հակառակը։ Որևէ երկրի քաղաքացի մեր սահմանի կարիքը չունի, ավելի լավ ճանապարհներ կան, որևէ մեկը չի երազում՝ գա-հասնի Հայաստան, որ Հայաստանից էլ այդ սահմանով անցնի Թուրքիա, սահմանի բացումը ձեռնտու է միայն ադրբեջանցիներին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տիրան Լոքմագոզյանի բնորոշմամբ՝ այսօր «ՀՀ կառավարությունն Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Հայաստանում»։
«Բոլորն էլ լավ տեսնում են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, որը հակահայ է, փոխարենը՝ պրոթուրքական ու պրոադրբեջանական է։ Թուրքիան է ասում, որ Ադրբեջանի հետ մեկ պետություն են, երկու ժողովուրդ, եթե «միջանցքն» էլ ստանան Հայաստանից, ապա կդառնան մեկ երկիր, մեկ ժողովուրդ»,- ընդգծեց Տիրան Լոքմագոզյանը։