
Ընտրություններ 2026․ հեղափոխական թալանի պերճանքն ու քաղաքացիների թշվառությունը

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվում էր ընդդիմադիր պատգամավորներից մեկի նախաձեռնությունը, որով առաջարկվում է մասամբ կասեցնել Երևանում գտնվող բնակարանների գույքահարկի աճը։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, 2021թ.-ից մայրաքաղաքի բնակարանների գույքահարկն աստիճանաբար բարձրանում է և արդեն այս տարվանից, օրինակ, Երևանի կենտրոնում գտնվող անգամ մի քանի տասնամյակ առաջ կառուցված շենքի բնակիչը ստիպված է լինելու վճարել մինչև 300-350 հազար դրամ գույքահարկ։
Ի՞նչ ճակատագիր կունենա այս օրինագիծը, դժվար է ասել։ Մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ն կմերժի այն՝ ուժի մեջ թողնելով գործող կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս հարկային եկամուտների հավաքագրումը տապալած իշխանությանը՝ հավելյալ միջոցներ բռնագանձել քաղաքացիներից։ Իշխանությանը պետք է փող, որովհետև տնտեսական քաղաքականություն՝ որպես այդպիսին, չկա, քաղաքացիները կարող են համակերպվել այս անգամ «գույքահարկի մատերիալ» դառնալու հերթական հարստահարմանը, որովհետև պաշտոնեական դասը կարող է չհամակերպվել պարգևավճարների պակասին ու հանկարծ ընդվզել։
Գույքահարկի միջոցով քաղաքացիներից գումարներ շորթելու այս նախաձեռնությունը մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որոնք առաջին հայացքից՝ լինելով տնտեսական ու սոցիալական, ունեն ուղիղ քաղաքական նշանակություն և խոսում են այն մասին, որ առաջիկայում Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորությունը մոտ է զրոյին։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում իշխանությունները հանդես են եկել քաղաքացիների սոցիալական վիճակը ծանրացնող այնպիսի նախաձեռնություններով, որ ցանկացած երկրում նման քայլեր կատարող իշխանությունը հաջորդ ընտրության ժամանակ խայտառակ պարտություն կկրեր։ Տրանսպորտի ուղեվարձի թանկացում, նախկինում չհարկվող բազմաթիվ ծառայությունների հարկում, գույքահարկի բազմապատիկ ավելացում․․․
Այս և նմանատիպ բազմաթիվ այլ նախաձեռնություններ էականորեն ծանրացնում են առանց այդ էլ դժվար ապրող քաղաքացիների կյանքը։ Այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի անց կայանալու են համապետական ընտրություններ։ Քաղաքականության դասագրքային օրենքով, որևէ իշխանություն ընտրություններից առաջ կատարում է ճիշտ հակառակ քայլերը՝ հնարավորին չափ թեթևացնում է քաղաքացիների սոցիալական բեռը՝ ընտրություններում նրանց քվեն ստանալու համար։ Իսկ եթե դա պոպուլիստական իշխանություն է, Փաշինյանինն է, ապա «ժողովրդահաճո» քայլերից մարդիկ ուղղակի պետք է ուշքի չգային։
Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ իշխանությունը պահպանելու համար առանց բացառության ամեն ինչի պատրաստ Փաշինյանը, ընտրություններից մեկ տարի առաջ անում է քայլեր, որոնք երաշխավորում են իշխանության կորուստը։ Նա քաղաքական ինքնասպանության չի պատրաստվում (խոսքը մարդու մասին է, ով հայտարարել է, թե կարող էր կանգնեցնել պատերազմը նույն արդյունքով, բայց առանց զոհերի, և չի արել դա՝ «դավաճան չկոչվելու համար»), հետևաբար՝ միակ բացատրությունն այն է, որ Փաշինյանը թքած ունի քաղաքացիների քվեի վրա և վստահ է վարչական, ուժային մեթոդներով ընտրություններով իշխանությունը պահպանելու վրա։
Բայց դրա համար անհրաժեշտ է փող՝ նույն վարչական, ուժային համակարգին սնելու, պարգևատրելու համար։ Հետևաբար՝ իշխանությունը պատրաստ է ցանկացած գնով հարստահարել քաղաքացիներին՝ ընտրություններում «հաղթանակ ապահովող» համակարգին ֆինանսավորելու համար։ Սա, ի թիվս այլ գործոնների, ցույց է տալիս «ընտրությունների միջոցով իշխանափոխության» թեզի անհնարինությունը, ինչը համառորեն կամ ավելի նյութական պատճառներով անտեսվում է ընդդիմության հատկապես այն հատվածի կողմից, որն արդեն իսկ ապացուցել է ընտրությունների միջոցով ՔՊ-ի իշխանության վերարտադրության արդյունավետությունը։
Հարություն Ավետիսյան