
Իրանի նկատմամբ սպառնալիքների շարքից հետո Իրանն ու ԱՄՆ-ը սկսում են բանակցել․ ի՞նչ հետևանքներ «կզգա» Հարավային Կովկասը

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-Իրան դիվանագիտական «փոխհրաձգությունից», Իրանին ուղղված Թրամփի սպառնալիքներից հետո ԱՄՆ-ը և Իրանը պատրաստվում են բանակցել։
Բանակցությունները տեղի կունենան միջնորդ երկրում՝ Օմանում, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուոիթքոֆի և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ։
«Իրանն ու ԱՄՆ-ը շաբաթ օրը կհանդիպեն Օմանում՝ «անուղղակի բարձր մակարդակի բանակցությունների համար»,- X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
«Սա որքան հնարավորություն է, նույնքան էլ՝ փորձություն: Գնդակն Ամերիկայի դաշտում է»,- գրել է Իրանի արտգործնախարարը։
Միևնույն ժամանակ Արաղչին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հաստատել էր, որ Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցությունները տեղի կունենան իր և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գլխավորությամբ։
Մինչ պաշտոնական Թեհրանը խոսում է անուղղակի բանակցություններից, նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի «ուղիղ բանակցություններ» կվարի Իրանի հետ։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ուղղակի բանակցությունների չեն գնա ԱՄՆ-ի հետ, սակայն պատրաստ են միջորդավորված բանակցությունների։ «Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը», – հայտարարել էր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Իսկ Թրամփն էլ ասել էր, որ նախընտրում է ուղիղ բանակցությունները՝ զգուշացնելով՝ պատրաստ է նաև ռազմական գործողությունների, եթե դիվանագիտությունը ձախողվի: Սպիտակ տան ղեկավարը նախորդ ամսվա սկզբին Թեհրան ուղարկված նամակով առաջարկել էր բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնացել, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։
Թերևս առաջին անգամն է, երբ հայաստանյան հանրությունը նման ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Իրանի շուրջ հնարավոր զարգացումներին։ Դրա գլխավոր պատճառը հարավկովկասյան ռեգիոնում ստեղծված իրավիճակն է՝ Հայաստանի խոցելիությունը, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ, որն արտահայտվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջով և այլ տարածքային նկրտումներով, որոնք արտացոլվում են ադրբեջանական մեդիայում գեներացվող պրոպագանդայով։ Հայաստանյան փորձագիտական համայնքի գերակշիռ մասը գտնում է, որ Իրանի շուրջ անկայունությունը գրգռելու է Բաքվի «ախորժակը» Հայաստանի հանդեպ։
Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցությունների մեկնարկն Իրանի ու Միացյալ Նահանգների միջև դրական լուր է։ Ըստ նրա, այս դեպքում էական չէ՝ դրանք տեղի են ունենում ուղղակի՞, թե՞ անուղղակի։
«Ակնհայտ է, որ երկու կողմն էլ այս բանակցությունների կայացման համար որևէ զիջում է արել, ԱՄՆ-ը համաձայնել է բանակցել Օմանում, իսկ Իրանը համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ ԱԳ նախարարի մակարդակով, ինչը որոշակիություն է տալիս բանակցային գործընթացին։ Կարծում եմ՝ այս բանակցային գործընթացի արդյունավետությունը գնահատելու համար հարկավոր է գնահատել բանակցային առաջին փուլի արդյունքները, առաջին հանդիպումն ամենակարևորն է լինելու։ Եթե հաջողվի այս հաղորդակցությունը պահպանել ու որոշակի դրական դինամիկա ունենալ բանակցություններում, ապա կարելի է համարել, որ Իրանի շուրջ էսկալացիա չի լինի։
Դա, բնականաբար, իր դրական հետևանքները կունենա նաև Հարավային Կովկասի համար, քանի որ Իրանում անկայունությունը տարբեր բաղադրիչներով կարող է անդրադառնալ հարևան ռեգիոնում զարգացումների վրա»,- նման կարծիք հայտնեց Սյուզան Ստյուարտը։ Նրա խոսքով, որքան էլ կողմերի՝ ԱՄՆ-ի ու Իրանի դիրքորոշումները հաստատակամ ու կարծր են թվում, հավանականությունը մեծ է, որ կողմերը կընթանան դրական հունով։
«Սպառնալիքներն այս դեպքում հանրային դիվանագիտության մի մաս են, միջոց, սակայն իրական գործընթացը տեղի ունեցավ կուլիսներում, և կողմերը կարողացան հանդիպում համաձայնեցնել, ինչը կարևոր զարգացում էր։ Եվ եթե բանակցությունները չտապալվեն, ապա նման հայտարարություններ ու էսկալացիայի վտանգ չի լինի»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա փորձագետը կարծում է, որ այն ներկայումս ամենախոցելի ռեգիոններից է, որտեղ մեծ խաղացողները բաժանարար նոր գծեր են փորձում հաստատել։
«Բնականաբար, դա առանց ցնցումների տեղի չի ունենում։ Այդ փոքր ռեգիոնում զգալի է յուրաքանչյուր ցնցում, որը տեղի է ունենում հարևանությամբ կամ այն ուժերի հետ, որոնք ունեն ազդեցություն Հարավային Կովկասում։ Ուստի Իրանի շուրջ էսկալացիան իսկապես մտահոգիչ զարգացում է առաջին հերթին՝ Հարավային Կովկասի, ապա նաև՝ աշխարհի համար։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ներկայումս աշխարհաքաղաքական վերափոխման գործընթացները շարունակվում են, այդ թվում՝ հարավկովկասյան ռեգիոնում, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականությունները միմյանցից տարանջատվում են, սա նոր խնդիր է ռեգիոնալ երկրների և տարածաշրջանային խաղացողների համար։ Այդ իրավիճակից կա՛մ փորձում են օգտվել, կա՛մ հարմարվել, փոխելով իրենց արտաքին քաղաքականությունը»,- ասաց Ստյուարտը։
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին էլ ասաց, որ իր կանխատեսումներն իրականացան։
Նա հիշեցրեց ավելի վաղ հայտնած իր կարծիքը, որ սպառնալիքները ոչ այլ ինչ են, քան Իրանին բանակցային սեղան ներքաշելու և գործարք կնքելու փորձ։
«Այդ բանակցությունների տարբեր փուլերում գուցե նման սպառնալիքների ու ճնշումների ականատեսը դառնանք։ ԱՄՆ-ը նաև ռազմական առումով որոշակի շարժեր կազմակերպեց բանակցություններին ընդառաջ, որպես ճնշման լծակ Իրանի նկատմամբ, սակայն, կարծում եմ, Իրանում անհրաժեշտ հաշվարկներն արել են և պատրաստ են բանակցությունների։ Գտնում եմ, որ դրանք հեշտ չեն լինելու, ամեն զարգացում հնարավոր է, քանի որ ԱՄՆ-ը ձգտում է իր պայմանները թելադրել, իսկ Իրանը ցանկանում է արժանապատիվ բանակցություններ, որոնք անհամատեղելի են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա, նրա կարծիքով, բանակցությունների հաջողությունը կարևոր է ռեգիոնի համար։
«Բնականաբար, որոշ հարցերում ԱՄՆ-Իրան կոնսենսուսը դրական կլինի Հայաստանի համար, իսկ էսկալացիան ՝ բնականաբար, բացասական միտումները կխորացնի Հայաստանի դեմ»,- ասաց Ռաևսկին։