
Հղում է արվում Սամվել Շահրամանյանի իմաստուն փաստաթղթին՝ այդ կերպ արդարացնելով իրենց հերթական ամենածանր հանցագործության հատկանիշներ պարունակող քայլը․ Լարիսա Ալավերդյան

BBC-ի կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր «խաղաղության պայմանագրի» և, այդ համատեքստում, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու հայ գերիների ճակատագրի մասին՝ նշելով, որ նրանք «կարող են դուրս մնալ խաղաղության համաձայնագրից»:
Այն, որ հնարավոր է՝ գերիների հարցը մաս չկազմի «խաղաղության պայմանագրին», ուղղակի ու անուղղակի տարբեր հայտարարություններով նշում էին նաև իշխանությունները, իսկ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նման սպասումները որակում է միամտություն։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն անգամ չեն էլ ունեցել նման մտադրություն։
168․am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակում հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ տարվող պայքարը, ըստ իրավապաշտպանի, պետք է լինի բազմակողմ ու տարաբնույթ։
«Պետք է ավելի ուժգին աշխատեն բոլորը՝ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, և՛ բոլոր երկրներում, որոնք ժողովրդավարության մասին են թափահարում և անգամ ցույցեր կազմակերպում Թրամփի դեմ։ Թող ցույցեր անեն, որ չեն կարողանում Ադրբեջանից պահանջել այդ մարդկանց ազատ արձակել,- նշեց նա, ապա անդրադառնալով ՀՀ անելիքներին՝ ցավով արձանագրեց,- Այն միջոցները, որոնք պետք է օգտագործվեին, ՀՀ իշխանությունը չի օգտագործում։ Ի դեպ, այս մասին նշել է նաև Ռուբեն Վարդանյանի դատապաշտպանը»։
Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ոչ միայն ՀՀ իշխանությունները չեն անում անհրաժեշտը, այլև «վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարություններ է անում, թե «մենք դեռ պետք է հասկանանք, իմանանք․․․» տրամաբանության մեջ։
Խոսելով գերի ընկնելու հանգամանքների մասին և դատապարտելով այսօր այդ ոճում գեներացվող խոսույթը, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքնակամ է հանձնվել, իրավապաշտպանը նշեց․
«Այդ ինքնակամը տեղի է ունեցել բավականին սադրիչ գործողությունների ներքո․ իրենք ի՞նչ է՝ ուզում էին հանձնվե՞լ, նրանք հանձնվել են՝ փրկելով հարյուրավոր անմեղ մարդկանց։ Ու եթե մինչև օրս վերջինս հարցականի տակ է դրվում, ապա հենց դրա համար է նաև, որ Ադրբեջանն ինչ ուզում է, անում է։ Նրանք փրկել են անձանց, որոնց բռնել էր Ադրբեջանը․ դա հանձնվել չէ, զոհաբերվել է»։
Նա վստահ է, որ դեռ պարզվելու է այս հարցում ՀՀ իշխանությունների, ՌԴ իշխանությունների դերակատարումը, որը, պարտադիր չէ, որ դրսևորված լինի գործողություններով։
«Շատ անգամ անգործությունը ևս ծանր հետևանքներ է ունենում․ մարդու իրավունքը ոտնահարվում է երկու ձևով՝ սխալ գործողություններով և անգործությամբ։ Պետք է պարզվի, թե դա ինչպե՞ս է տեղի ունեցել, որովհետև դա խայտառակություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստնի համար»,- պարզաբանեց իրավապաշտպանը։
Քանի որ վերջին օրերին ՀՀ քաղաքացիության համար դիմած արցախցիներն ահազանգել էին, որ նոր անձնագրում որպես ծննդավայր՝ նշվում է Ադրբեջան, իսկ ՆԳՆ-ն սա մեկնաբանել էր միջազգային ստանդարտներով առաջնորդվելու հանգամանքով, Լարիսա Ալավերդյանին խնդրեցինք մեկնաբանել նաև այս իրարամերժ իրականությունը։
«Իրենք հակասահմանադրական ձևով զրկել են արցախցիներին 070 կոդով անձնագրերից, որը նաև ՀՀ քաղաքացիության մասին էր վկայում։ Դա մտածված առաջին քայլն էր։
Ես մերժում եմ այն վարկածը, թե օրվա իշխանություններն իրականացնում են այն, ինչն Ադրբեջանը, Թուրքիան կամ միջազգային իրավունքն է պարտադրում․ բոլոր հանցավոր գործողություններն իրականացվում են ՀՀ օրվա իշխանության նախաձեռնությամբ։ Ես դա ասում եմ՝ սկսած 2018 թվականից։ Այդ ի՞նչ մի նարատիվ է, թե Նոյեմբերի 9 ստորագրվել է ճնշման ներքո․ ո՛չ, դա պայմանավորված պատերազմ էր, և ինքն իր ցանկությունն է իրականացրել՝ ստորագրելով այդ եռակողմ հայտարարությունը, չունենալով դրա իրավունքը։ Նա ի՞նչ գործ ուներ այն տարածքների հետ, որոնք ներառված են փաստաթղթում․ ի՞նչ է, Հայաստանն ուներ որևէ սուվերենությո՞ւն այդ տարածքների վրա՝ ո՛չ, այդ փաստաթուղթը ոտքից գլուխ անօրինական է»,- ասաց նա։
Իրավապաշտպանը շեշտեց՝ քանի դեռ ՀՀ հասարակությունը չի հասկացել, որ չարիքի արմատը հենց այդ փաստաթուղթն է, քանի դեռ չի հասկացել՝ ինչ է իրականում կատարվում, Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պատնեշ չեն ունենա Արցախի հետ արվածը կրկնել Հայաստանի հետ։
«Ադրբեջանն Արցախի նկատամամբ չունի որևէ իրավունք․ միջազգային հանրությունից թող բերեն որևէ փաստաթուղթ։ Երբ Ալմաթիի հռչակագրին է հղում արվում, ստում են․ այնտեղ նման բան գրված չկա։ Ու վերջերս էլ հղում էր արվում Սամվել Շահրամանյանի շատ իմաստուն թղթի վրա, որը թեև չունի իրավական որևէ ուժ, բայց որով նա փրկել է 100 հազար և ավելի արցախցիների։
Ի՞նչ է, Միրզոյան Աղրդաղը (Արարատի թուրքերեն անվանումն է) նո՞ր է ճանաչում Արցախի նախագահի լեգիտիմությունը։ Չկա՛ նման բան․ որևէ մեկն իրավունք չունի, որ կարողանա ասել, թե Արցախը լուծարված է։ Այսինքն՝ սո՛ւտ է այն, ինչ ասում են՝ արդարացնելով իրենց հերթական ամենածանր հանցագործության հատկանիշներ պարունակող քայլը»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ին մի հայտարարություն էր արվել, որտեղ ընդգծվել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։