
Եվրաքվեն և թուրքմենական գազի ներմուծման անիրատեսական խոսակցությունները

Որքան էլ իշխանությունների եվրաինտեգրման ձգտումներն ավելի շատ մարտահրավերներ են ստեղծում Հայաստանի համար, քան առավելություններ տալիս, օրերս Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը գնաց հերթական արկածախնդրության և ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Այդ գործընթացից թելադրված մտահոգությունները բազմաթիվ են, որոնցից մեկն էլ վերաբերում է ռուսական գազի ներմուծումներին։ Եվրաինտեգրման շրջանակներում իշխանությունների քայլերը կարող են Հայաստանին զրկել նաև ռուսական էժան գազ ստանալու հնարավորությունից։
Թե դա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության ու հատկապես եվրոպական երկրների շուկաներում տեղ ունենալու հայկական, առանց այն էլ՝ պահանջարկ գրեթե չունեցող ապրանքների մրցունակության վրա, դժվար չէ պատկերացնել։ Դեռ չենք խոսում բնակչության համար հնարավոր հետևանքների ու սոցիալական ազդեցությունների մասին։
Այսպիսի մտահոգությունները շատ իրական են, ու այդ պայմաններում վերջին շրջանում իշխանությունները կրկին շրջանառության մեջ են դրել թուրքմենական գազն Իրանի միջոցով Հայաստան ներմուծելու թեման՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, որ այն կարող է այլընտրանք լինել ռուսականին։ Վերջերս Երևանում անցկացված հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որը հնարավորություն կտա թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։
Առաջին անգամ չէ, որ խոսվում է թուրքմենական գազը Հայաստան բերելու մասին։ Այդ առնչությամբ բանակցությունները սկսել են նախորդ իշխանությունները՝ դեռևս 2017թ. նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան այցելության ժամանակ։ Դրան հաջորդած շրջանում մի պահ նույնիսկ գործարքի կնքումը շատ մոտ էր, բայց իշխանափոխությունից հետո գործընթացը սառեց, չնայած «հեղափոխականները» պարբերաբար հայտարարում էին, թե պատրաստվում են Թուրքմենստանից գազ ներկրել Հայաստան։
Խոսակցությունները կրկին ակտիվացան 2-3 տարի առաջ։ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարեց, թե սկսվել են Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները, և շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք՝ երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ։ Նա նաև հավաստիացրեց, որ իր երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել «սվոփ» համակարգի միջոցով, երբ Իրանն իր սահմանին կստանա թուրքմենական գազը, իսկ Հայաստանի սահմանին կմատակարարի իրանականը։
Անցել է գրեթե 3 տարի, բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի արդյունք էլ չկա։ Նախկինի նման, թուրքմենական գազը Հայաստան չի հասնում։ Բանակցությունները, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ անարդյունք շարունակվում են։
Ոչ մի հույս չկա, որ այս անգամ որևէ բան կարող է փոխվել։ Դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած երկրների հարաբերություններից, վերջացրած «սվոփի» իրականացման հնարավորությունից։
Զարմանալի չէ, որ խոսվում է թուրքմենական գազը Հայաստան բերելու մասին, երբ հնարավոր գործարքի ամենակարևոր կետի վերաբերյալ համաձայնություն չկա։ Խոսքը գազի գնի մասին է, որից մեծապես կախված է լինելու գործարքի իրականացման հավանականությունը, առավել ևս՝ արդյունավետությունը։
Հայաստանը նախկինում, մասնավորապես՝ 1990-ականներին, թուրքմենական գազ գնում էր, բայց ոչ Իրանի միջոցով։ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին դրա դիմաց մեծ պարտքեր էին կուտակվել, որը փակվեց նաև ոսկով։ Հետագայում տարանցման դժվարությունների պատճառով՝ թուրքմենական գազի ներմուծումը դադարեցվեց, և Հայաստանը սկսեց գազ բերել բացառապես Ռուսաստանից։ Այսօր էլ մեր երկրի ներքին սպառումը գրեթե ամբողջությամբ լախված է ռուսական գազից։
Տարիներ շարունակ Հայաստանը ռուսական գազը ստացել ու շարունակում է ստանալ արտոնյալ պայմաններով, որի արդյունքում գինն անհամեմատ ավելի էժան է։ Վերջին տարիներին այն կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց՝ 165 դոլար։ Սա շատ ավելի մատչելի գին է, քան տարածաշրջանում վաճառվող գազը, այդ թվում՝ իրանականը։
Որքան էլ մշտապես շահարկվել է Ռուսաստանի փոխարեն՝ սահմանակից Իրանից գազը գնելու թեման, այդ թվում՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, իրանական գազը, որը մատակարարվում է տարածաշրջանի երկրներին, սրանից առնվազն կրկնակի, եթե ոչ՝ եռակի թանկ է։ Դրա համար էլ Հայաստանն Իրանից երբեք գազ չի գնել, այսօր էլ չի գնում։ Բայց տարեկան 350-400 մլն խորանարդ մետր գազ ստանում է, հայտնի՝ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակումների շրջանակներում։
Այդ ծավալը վաղուց կարող էր անգամներով ավելին լինել, եթե իշխանության եկած ՔՊ-ական վարչախումբը կարողանար ժամանակին գործարկել երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը։
Հիշեցնենք, որ այն նախատեսված էր շահագործման հանձնել դեռևս 2019թ. վերջին, բայց մինչև հիմա շահագործման հանձնված չէ ու հայտնի էլ չէ, թե երբ է հանձնվելու։
Վաղուց մեկնարկած ծրագիրը, որը ժամանակին կյանքի կոչելու դեպքում հիմա կարող էր լուրջ օգուտներ բերել Հայաստանին և էապես ավելացնել իրանական գազի ծավալները, մինչև հիմա չեն կարողանում գլուխ բերել, թուքմենական գազի ներմուծումից են խոսում։ Հավանականությունը զրոյին մոտ է, որ մոտ ապագայում այն կարող է իրականանալ։ Հատկապես որ, այն, տնտեսականից բացի՝ նաև քաղաքական բաղադրիչ ունի։
Սա ընդամենը գաղափար է, որն իրականացնելու համար կարողություններ են պետք։ Իսկ այդպիսի կարողություններ այս իշխանությունները երբեք չեն ունեցել ու չունեն, ընդամենն իմիտացիա են անում։
Անկախ բոլոր խնդիրներից, միայն այն, որ հայտարարում են, թե քննարկում են Հայաստանի տարածքով թուրքմենական գազը նաև Վրաստան ու այլ երկրներ հասցնելու հարցը, արդեն լուրջ չէ։ Իրան-Հայաստան գազատարն այնպիսի հնարավորություններ չունի, որ թեկուզ կիսով չափ բավարարի անգամ Հայաստանի ու Վրաստանի պահանջարկը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ