Ինչո՞ւ է առաջանում փքվածություն, ակտիվացված ածուխը, կոճապղպեղն օգնո՞ւմ են, թե՞ վնասում. պարզաբանում է մասնագետը

Արդյոք մարդկանց մոտ առկա աղեստամոքսային և այլ խնդիրներն առաջանում են որոշ մթերքների օգտագործման հետևանքո՞վ, թե՞ մեկ այլ պատճառով։ Ե՞րբ է առաջանում սննդային անտանելիություն, ինչպե՞ս հասկանալ, որ որևէ սննդի նկատմամբ կա անտանելիություն։ Այս մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ, սննդաբան Լյուսի Հովակիմյանի հետ։

– Ի՞նչ է սննդային անտանելիությունը։

– Սննդային անտանելիությունների մասին ավելի շատ խոսվում է, քան դրանք իրականում կան։ Սննդային անտանելիության դեպքում մարդը կոնկրետ պրոդուկտից ունենում է որոշակի սիմպտոմներ։ Հաճախ են գալիս ու ասում, որ այս կամ այն սննդից անտանելիություն ունեն, բայց երբ հարցեր ենք տալիս, հասկանում ենք, որ ոչ թե սննդից է անտանելիությունը, այլ կարող է՝ սթրեսային իրավիճակ է եղել, գուցե այլ խնդիր կա, որը բացահայտված չէ։

– Ինչպե՞ս հասկանալ, որ այս կամ այն սննդի նկատմամբ անտանելիություն կա։

Կարդացեք նաև

– Հստակ սիմպտոմներ են սկսում առաջանալ։ Օրինակ, հաճախ նշում են, որ երբ հացային որևէ բան են ուտում՝ լինի հաց, բուլկեղեն կամ թխվածք, ունենում են փքվածություն, սնունդը չեն մարսում։ Այստեղ պետք է հասկանալ՝ արդյոք հարցը թվարկվածի մեջ պարունակվող գլյուտենի մասո՞վ է, թե՞ ուրիշ կոմպոնենտներ ունենք, որոնք առաջացնում են անտանելիություն։ Երբ որևէ օրգանական խնդիր չենք կարողանում գտնել բուժառուի մոտ, հասկանում ենք, որ հարցը գալիս է հոգեբանական ոլորտից։

– Հիմնական դեպքերը կապ ունեն սննդի՞, թե՞ հոգեբանական ոլորտի հետ։

– Երկուսն էլ պատահում են՝ կապված նրա հետ, թե տվյալ բուժառուի մոտ ինչ կախտորոշվի։ Եթե գտանք գլյուտեն անտանելիություն, ուրեմն՝ այս դեպքում խոսքը ցելակիայի մասին է։ Հենց գլյուտենը հանում ենք մարդու սննդակարգից, սիմպտոմները մի քանի ամսվա ընթացքում կարգավորվում են։ Եթե լակտոզ անտանելիություն է, կաթը հանելուց միանգամից մարդու մոտ ախտանշաններն անցնում են։

Շատ հաճախ գերզգայուն մարսողական համակարգի դեպքում, օրինակ, գրգռված աղու համախտանիշի ժամանակ, որը ևս ֆունկցիոնալ խնդիր է, տարբեր մթերքներից կարող ենք ունենալ անտանելիություններ։ Այս դեպքում սննդակարգը հստակ վերլուծելուց հետո ենք հասկանում, թե որ մթերքն է անտանելիություն առաջացնում։

Կա կարծիք, որ հասկանալու համար, թե որ սնունդն է վատ օրգանիզմի համար, կարևոր է օրագիր պահելը։ Օգնո՞ւմ է։

– Շատ է օգնում։ Փքվածության, լուծի դեպքում փորձում ենք հասկանալ՝ այդ սիմպտոմը կապ ունի՞ ուտելիքի հետ, թե՞ չէ։ Հաճախ բուժառուն մտածում է, որ իքս մթերքից ունի անտանելիություն, բայց սննդային օրագրում գրելու ժամանակ հասկանում է, որ այդ մթերքից մեկ օր ունեցավ անտանելիություն, մյուս օրը՝ չունեցավ։ Այս դեպքում ֆունկցիոնալ կոմպոնենտն է միանում։ Սննդային օրագիրն օգնում է հասկանալ՝ կա՞ ռեժիմ, թե՞ անկանոն է։ Պարզ է դառնում մթերքների քանակը և որակը։

Որո՞նք են հիմնական ախտանշանները։ Ինչպե՞ս հասկանալ, որ առկա է սննդային անտանելիություն։

– Հիմնականում բնորոշ են փքվածությունը, լուծը, աղիների գործունեության խանգարումները։ Ունենք նաև մեկ այլ հարց՝ սննդային ալերգիան, որը հաճախ են շփոթում սննդային անտանելիության հետ։ Սննդից ալերգիայի դրսևորումներն այլ կերպ են․ ցանավորում, քոր է լինում։ Իսկ անտանելիության դեպքում, բացի փքվածությունն ու լուծը, երբեմն լինում է փորկապություն։

Որո՞նք են գլյուտեն պարունակող մթերքները։

– Խորհուրդ չի տրվում առանց գաստրոէնտերոլոգի հետ խորհրդակցելու գլյուտենը հանել կյանքից։ Բացի հացամթերքից՝ գլյուտենն ավելացնում են շատ մթերքների, որ ավելի հաճելի համային հատկություններ ունենա։ Շոկոլադը հաճախ գլյուտեն է պարունակում, ու երբ դա հեռացնենք մարդու կյանքից, ուղղակի իր կյանքի գույները կհանենք։

Թեստավորում ենք այն դեպքում, երբ մարդու մոտ լինում է քաշի կորուստ, փքվածություն, լուծ, երկաթի դեֆիցիտ, դաշտանային ցիկլի խանգարում։

Գլյուտեն հիմնականում առկա է հացային մթերքների մեջ՝ մակարոնեղեն, հաց, թխվածք, շոկոլադ։ Կա նաև թաքնված գլյուտեն, օրինակ, սոյայի սոուսի մեջ։ Ոչ ոք չի պատկերացնում, որ այնտեղ կա գլյուտեն։

– Երկաթի դեֆիցիտը միշտ չէ, որ կապում են գլյուտենի անտանելիության հետեթե կա դեֆիցիտ, սա և՞ս պետք է ստուգել։

– Երկաթի դեֆիցիտի պատճառները շատ-շատ են։ Կանանց դեպքում դաշտանային ցիկլով կարող է պայմանավորված լինել։ Հնարավոր են գինեկոլոգիական տարբեր խնդիրներ՝ միոմա, էնդոմետրիոզ և այլն։ Հաճախ հանդիպող պատճառները գտնվում են մարսողական համակարգում․ այնտեղ կարող է լինել երկաթի կորուստ։ Կարող է լինել նաև աուտոիմուն գաստրիտի ժամանակ։

Գազավորված ըմպելիքները փքվածության պատճառ հանդիսանո՞ւմ են։

– Ցավոք, այո։ Գազավորված ըմպելիքների դեպքում մեծ քանակությամբ գազ են կուլ տալիս։ Նույն պրոցեսը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդիկ ուտելիս շատ խոսում են։ Ահավոր շատ օդ են կուլ տալիս։ Խորհուրդ կտամ որքան հնարավոր է՝ քչացնել գազավորված ըմպելիքները։ Եթե «Ջերմուկ» են սիրում, պետք է ուղղակի գազը հանել, ապա օգտագործել։

Կաղամբը, լոբին, սոխը ևս փքվածություն են առաջացնում։

– Այո։ Նշեցիք այն մթերքները, որոնք շատ գազ առաջացնող հատկություն ունեն։ Խոսեմ FODMAP ունեցող ուտելիքների մասին։ Ներառված է ածխաջրերի խումբ, որոնք գազ են առաջացնում նրա հետևանքով, որ հասնում են հաստ աղի և բակտերիաների կողմից ենթարկվում են նյութափոխանակության։ Լոբազգիները, սոխը, սխտորը դասվում են բարձր FODMAP ունեցող մթերքների շարքին, և երբ մարդու մոտ սննդաբանական մեծ փոփոխություններ անելու կարիք է լինում, նման ուտելիքները ժամանակավոր հեռացվում են մարդու սննդակարգից, ախտանիշներն անհետանում են, որից հետո խումբ առ խումբ սկսում ենք դանդաղ ավելացնել մթերքները, հասկանալ, թե տվյալ մարդը ո՞ր խմբի մթերքներից ունի անտանելիություն, ո՞րն առաջացրեց փքվածություն կամ աղիների գործունեության խանգարում՝ հիմնականում չձևավորված շիլայանման կղանք։ Հաջորդ փուլում անհատականացնում ենք սննդակարգը․ մարդը հստակ իմանում է՝ ինչ կարող է ուտել և ինչ քանակով ու ինչ չպետք է ուտի։ Սա երկար պրոցես է ու իրականացնում է գաստրոսննդաբանը և սրա համար հատուկ որակավորում է պետք։

Հայերը շատ են սիրում հաց օգտագործել, որը, ինչպես պարզ դարձավ, կարող է հանդիսանալ փքվածության պատճառ։ Սակայն մարդիկ կան, ովքեր ասում են՝ մինչև հաց լավ չուտեմ՝ չեմ կշտանում։ Ինչպե՞ս կարելի է սա հավասարակշռել։

– Մարդիկ, ովքեր ասում են՝ մինչև հաց չուտեմ, չեմ կշտանում, հիմնականում դրա տակ սովորույթային ֆակտորն է։ Իրականում պետք չէ այդքան փոխել։ Կողմ չեմ, որ մարդու սիրելի մթերքներն իր կյանքից հանենք։ Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ քանակի հաց է օգտագործում։ Նշեմ, որ նույնիսկ առողջ մարդը, ով չունի գլյուտեն անտանելիություն, հացից կարող է փքվել։ Եթե մի ամբողջ մատնաքաշ ուտեն՝ խնդիր կունենանք՝ պայմանավորված մեծ քանակով գլյուտենով և FODMAP-ով։

Ինչո՞վ է պայմանավորված, որ տանը նույն սնունդն ուտում ես՝ ամեն ինչ նորմալ է, բայց ռեստորանում կամ խանութից գնելու և ուտելու դեպքում փքվածություն է լինում։

– Շատ հաճախ պայմանավորված է լինում քանակով։ Տանն ուտում են 200-300 գրամ, իսկ դրսում՝ շատ ավելի մեծ քանակով։ Մինչև 500 գրամ կարող է այդ մթերքից ուտի ու չհասկանա։ Կապ ունի պատրաստման եղանակը․ գուցե տանը սոխ, սխտոր չեն ավելացնում, բայց դրսում ավելացնում են։ Նույն սխտորի փոշին. համեմունք է, որը չենք ավելացնում, բայց դրսում պատրաստվածին ավելացնում են։

Փքվածության ժամանակ օգտագործում են ակտիվացված ածուխ, կոճապղպեղ, սամիթ, անանուխի թեյարդյո՞ք դրանք օգնում են։

– Անանուխի թեյն իրականում բավականին օգնում է փքվածության ժամանակ։ Ունենք նաև անանուխի յուղ, որը նշանակվում է մի քանի պաթոլոգիաների ժամանակ։ Ակտիվացված ածուխ անընդհատ օգտագործել խորհուրդ չեմ տա․ այն օգտագործելու համար ցուցումներ ունենք։ Սննդային թունավորման դեպքում պետք է ածուխն օգտագործել առաջին 4 ժամում։ Անընդհատ ածուխ օգտագործելուն կողմ չեմ, որովհետև, բացի գազերը հավաքելուց, հավաքում է այն նյութերը, որոնք մարդը կերել է։ Այսինքն, ածուխն օգտագործելով՝ իր կերածից ոչ մի օգուտ չի քաղում։

Հաճախ օգնում է նաև երիցուկի թեյը։ Իսկ կոճապղպեղի հետ կապված հետազոտությունները հակասական են։ Նույն անանուխի թեյը կարող է որոշ մարդկանց օգնել, որոշներին՝ ոչ։

Որո՞նք են գլյուտեն չպարունակող մթերքները։

– Միսն ընդհանրապես գլյուտեն չի պարունակում։ Լոբազգիները, կաթնամթերքը, վարսակը, ձավարը, բրինձը ևս գլյուտեն չեն պարունակում։

– Ի՞նչ է լակտոզային անտանելիությունը, ո՞ր ախտանշաններն են հուշում դրա առկայության մասին։

Լակտազա ֆերմենտը մեր մարսողական համակարգում, բարակ աղիներում է գտնվում։ Երբ կաթ ենք խմում, իր մեջ եղած լակտոզան ճեղքվում է մեր լակտազա ֆերմենտի շնորհիվ։ Բայց կան մի խումբ մարդիկ, որոնց մոտ լակտազա ֆերմենտը քիչ քանակով է արտադրվում։ Ինչքան տարիքը բարձրանում է, այնքան ֆերմենտը մի փոքր քչանում է մեզ մոտ։ Ախտանշաններն են գազը, կղանքը, որը կարող է լինել շիլայանման, լուծ լինի, ցավեր որովայնում։ Եթե լակտոզային անբավարարություն է հաստատվում, ցանկալի չէ, որ կովի կաթ խմեն, բայց վերամշակման անցած մթերքներ կարող են օգտագործել․ օրինակ, կոշտ պանիրները հակացուցված չեն։

Հաճախ թթվասերը, կաթնաշոռը և այլ կաթնամթերքներ խառնում ու ուտում են, նորմա՞լ է։

– Նորմալ է, եթե չափաքանակը պահում են։

– Երբեմն կաթով դեղ են խմումխնդիրներ չի առաջացնի՞։

– Նայած՝ ինչ դեղ է, որովհետև դեղորայք կա, որը կաթը չի թողնում, որ ներծծվի։ Խորհուրդ չեմ տա բոլոր դեղերը կաթով խմել։

Սննդային անտանելիություն ուենցող մարդիկ հե՞շտ են մթերքներից հրաժարվում, թե՞ երկար ճանապարհ եք անցնում։

– Եթե արդեն կյանքի որակն է ընկնում, հեշտորեն հրաժարվում են շատ մթերքներից։ Իրականում դեռևս ոչ գրականության մեջ, ոչ էլ կյանքում չեմ հանդիպել մարդկանց, ովքեր բոլոր FODMAP խմբերից ունեն անտանելիություն։ Սովորաբար դրանք երկուսն են։

Սթրեսը, ոչ ակտիվ ֆիզիկական աշխատանքը ևս փքվածության պատճա՞ռ են։

– Շատ մեծ ռիսկի գործոն են դրանք։ Առօրյա հոգսերը, սթրեսային աշխատանքը, էմոցիոնալությունն ազդում են մարսողական համակարգի վրա, իսկ նստակյաց ապրելակերպը մեծ ազդեցություն ունի։ Ամբողջ օրը համակարգչի առջև նստած աշխատող մարդկանց մոտ, իրոք, շատ են մարսողական սիմպտոմները, հատկապես փքվածությունը, որովհետև մեր աղիները, օրգանիզմն ամբողջությամբ շարժում սիրում է։ Երբ մենք նստած նք, կոպիտ ասած՝ մեր աղիներն էլ են նստում, իսկ երբ մի փոքր քայլում ենք, աղիների աշխատանքը ևս ատիվանում է։

Տեսանյութեր

Լրահոս