
Թուրքիայի հարևան ոչ մի երկիր ագրեսիայից զերծ չի մնացել, երբ թուլացել է, իսկ սրանք դռները բացել են թուրքերի առաջ․ Դավիթ Ջամալյան
Պաշտպանության նախարար կոչվածն ասում է, թե Հայաստանի տարածքը չի թիրախավորվում, ՊՆ-ն էլ այդ ոգով հաղորդագրություն է տարածում։ Սրանք անպատվության ստորին շեմ չունեն։ Անպատվությունն ինքնին այն է, որ Սուրեն Պապիկյանի նմանը ղեկավարում է ՊՆ-ն։ Դրանից ավելի մեծ անպատվություն դժվար է պատկերացնել։ Փաստերը խոսուն են, և մի անպատվություն ծնում է հաջորդը։ Մենք ժամանակին մեկին տասը տրամաբանությամբ պատասխանում էինք թշնամուն, ճնշում, պետք լիներ՝ մեր ԶՈւ-ն կանխարգելիչ միջոցառումների էր դիմում, հիմա նման բան չկա։ Զավեշտ է, ցինիզմ, թե մեկ այլ բան, որ մեր 400 հազար հայրենակիցներն իրենց թույլ տվին կրկին մոլորվել 2021-ին, հիմա թող տեսնեն արդյունքը։ Տվյալներ կան, որ ՔՊ ընտրած 680 հազար ձայներից 280 հազարը կեղծված էին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Գյումրին արժանապատվության հոմանիշ է եղել։ Գյումրիում սրանց քիթը տրորվելու է, չեն մարսելու Գյումրին։ Անհնար է տրորել գյումրեցու արժանապատվությունը։ Ձախողվելու են, և այդ ձախողումը հնչեղ է լինելու։ Այս օրերի տեռորն էլ նպաստելու է այդ ձախողմանը, դա չի կարող բերել հակառակ արդյունքի։ Կլինեն կոնֆորմիստներ, ինչ-որ վարչական լծակների բերումով՝ կգնան ու կընտրեն, բայց այսօրվա դրությամբ Սարիկն ունի մոտավորապես 10 տոկոս, այդպիսի թվեր են հրապարակվել։ Մենք Չերքեզի ձորը պետք է հիշենք։ Սարիկը Չերքեզի ձորի ուղիղ պատճառահետևանքային կապի սկիզբն է լինելու։ Մենք տեսանք, թե ինչ աղետ եկավ մեր գլխին 2021-ին, երբ մեր 400 հազար մոլորված հայրենակիցները կրկին գնացին ու ընտրեցին Նիկոլին, հիմա էլ ուզում են, որ իրենց վերջույթները կոտրվեն, ասում են՝ ձեռքս կոտրվեր։ Ի՞նչ կփոխի դա»,- ասաց փորձագետը։
«Ո՞վ ասաց, որ եթե Սարիկ բերենք, Նիկոլը մնա, սրանք հասնեն ռուսական բազայի դուրսբերմանը, թուրքերը չեն հարվածի Գյումրու ուղղությամբ։ Հիմա Կարսում զորավարժություններ են։ Թուրքիայի հարևան ո՞ր երկիրն է արդյոք զերծ մնացել թուրքական ագրեսիայից, եթե թուլացել է, վկան՝ Սիրիան, Իրաքը, Կիպրոսը։ Չեն գալո՞ւ, ինչո՞ւ չեն գալու, եթե դռները բացել ես։ Մենք, ի վերջո, հպարտանում ենք մեր քաղաքակրթական բազմահազարամյա նկարագրով, բայց չե՞նք կարողանում այս պարզունակ բաները տեսնել։
Տեսնում ենք, Գյումրիում տրամադրություններն այնպիսին են, որ այնտեղ նիկոլականների վերարտադրվելու շանս ուղղակի չկա։ Եվ Սարիկի ու Չերքեզի ձորի զուգահեռներն արդիական են։ Հենց Սարիկի անունը լսում ես, Չերքեզի ձորն ես հիշում։ 1920-ի վերջին այնտեղ կոտորած է կազմակերպվել։ Նոյեմբերի 18-ին Ալեքսանդրապոլն ընկավ, հետո այդտեղ կոտորած է եղել։ Գյումրիում՝ Պլպլան ժամի մոտ, դիմադրություն էլ է եղել»,- նշեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի առջև Ալիևն այնպիսի պահանջներ է դրել, որ հենց այնպես կատարել այդ պահանջները՝ հարաբերական խաղաղության պայմաններում, անգամ Նիկոլի նմանը չի կարող․ «Վերջին հարցումներից պարզ դարձավ, որ մեր հայրենակիցների մի ստվար հատված՝ մոտ 60 տոկոսը, դեմ է նոր սահմանադրությանը, առհասարակ սահմանադրության փոփոխության հետ կապված թուրքական ծագումնաբանությամբ պահանջին։ Եթե հիմա հանրաքվե անցկացնի, պարզ է՝ տապալվելու է։ Ի՞նչ անել։ Նույն մեխանիզմն է կիրառվում, ինչ 2020-ի նախօրեին և դրանից հետո՝ պատերազմով կոտրել հանրության ողնաշարը, որպեսզի զրո դիմադրության, իմունիտետի անկման, հնարավոր ընդվզման բացակայության պայմաններում ալիևյան պահանջների ամբողջ փաթեթը մատուցվի հանրությանը՝ իբրև փրկության ելք»:
«Միայն աղետի ֆոնին նա կարող է հնարավորություն ստանալ կատարելու այդ պահանջները։ Հենց այնպես՝ այդ պահանջները նա հիմա չի կարող կատարել։ Ցանկացած բան պետք է պատճառ ունենա։ Ինչո՞ւ նա և իր ենթակա կոչեցյալներն իրար հերթ չտալով ասում են՝ էսկալացիայի վտանգ չկա, այն դեպքում, երբ Իրանի ԱԳ նախարարը խոստովանում է, որ այդպիսի վտանգ կա։ Հետախուզության պետ ունենք անգամ, որ բարդ, ճոռոմ, տերմինաբանությամբ հագեցած նախադասությամբ, խոսքը ծանրացնելով՝ ասում է՝ վտանգ չկա, բայց ամեն վայրկյան կարող է իրավիճակ փոխվել»,- ամփոփեց Դավիթ Ջամալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում