Թրամփի թիվ մեկ խնդիրը Չինաստանի զսպումն է

Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի ստանձնումն ու դրան հաջորդող ամիսները հարուստ էին միջազգային իրադարձություններով։ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի նոր քաղաքականության ձևավորումը և դրա կյանքի կոչումը, ինչպես նաև երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին հանդիպումները Սաուդյան Արաբիայում՝ արդեն իսկ կարելի է որակել պատմական իրադարձություններ, անկախ դրանց հետագա զարգացման դինամիկայից։

Ամերիկյան ներքաղաքական դիսկուրսն այս հարցի վերաբերյալ, իհարկե, փոքր-ինչ այլ էր։ Թրամփի ընդդիմադիրները նրան մեղադրում էին Ռուսաստանի խամաճիկ և լրտես լինելու մեջ, սակայն նա, առանց այդ ամենին մեծ ուշադրություն դարձնելու, շարունակեց իր քաղաքականությունը՝ ընդգծելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հանձնառության անշրջելիությունը։

Ամերիկյան ներքաղաքական դիսկուրսում, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընդդիմադիրներ շատ կան։ Ներկայացվող փաստարկները կարող են լինել հիմնավոր կամ ոչ այնքան։ Սակայն կարելի է արձանագրել, որ, ի տարբերություն Բայդենի վարչակազմի տարիների, այս օրերին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման օգտին հանդես եկողների պակաս արդեն չկա։

Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման շուրջ առկա է որոշակի քննարկում, ապա Չինաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հարցում, կարծես թե, գոյություն ունի ներքաղաքական կոնսենսուս։ Այդ կոնսենսուսը կայանում է նրանում, որ Չինաստանը ԱՄՆ-ին մարտահրավեր նետող ամենահզոր պետությունն է և Պեկինին զսպելու քաղաքականությունը պետք է լինի հնարավարոնիս կոշտ, ակտիվ և անհետաձգելի:

Կարդացեք նաև

Ինչու՞ հաշտվել Ռուսաստանի հետ

Իրականում այս հարցը առավել քան տեղին է և ունի չափազանց պարզ պատասխան։ Ամերիկացի քաղաքական ստրատեգները, բնականաբար, հաշվել են, որ Ռուսաստանը, որի տնտեսությունը աշխարհում 11-րդն է, որևէ շանս չունի տեսանելի ապագայում առաջ անցնելու ԱՄՆ տնտեսությունից։ Ակնհայտ է նաև, որ ըստ այդ հաշվարկների՝ Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է և որոշ ցուցանիշներով արդեն իսկ անցնում է ԱՄՆ-ին։

Հետևաբար, բոլոր ռեսուրսները Ռուսաստանի դեմ օգտագործելով՝ ԱՄՆ-ը չի կարողանալու լիարժեքորեն կենտրոնանալ Չինաստանին զսպելու քաղաքական նպատակի վրա։ Թրամփի թիմը հասկանում է, որ Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում Չինաստանն ու Ռուսաստանն ավելի են ինտեգրվել բիզնեսի, առևտրի և տնտեսական առումով։ Հետևաբար, նրանց ինտեգրումը, մանավանդ եթե ներառի ռազմական ոլորտում որոշ ուղություններով ինտեգրացիա՝ թեկուզ և ոչ ֆորմալ դաշինքի տեսքով, ապա այդ պարագայում նույնիսկ ԱՄՆ-ը չի կարողանա դրան արդյունավետ հակակշիռ մեխանիզմներ ձևավորել։

Այդ պատճառով Չինաստանին հակազդելու ռազմավարության կարևորագույն գործոն է Ռուսաստանի՝ առնվազն նեյտրալ լինելը։ Բնական է, որ հզորացող Չինաստանը մարտահրավեր է նաև Ռուսաստանի համար՝ Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Օվկիանիայում և այլ տարածաշրջաններում՝ չհաշված ռուս-չինական սահմանամերձ տարածքներում դեմոգրաֆիկ տարբերություններն ու տնտեսական զարգացվածության անհավասարությունը։

Միաժամանակ, Թրամփը հասկանում է եռաբևեռ աշխարհի փաստացի ձևավորված լինելու հանգամանքը և գիտակցում է, որ Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվել՝ գլոբալ խաղաղության և համաշխարհային կայունության ապահովման նպատակով, ի լրումն Չինաստանին զսպելու իր գերնպատակին։ Վերջիվերջո, Թրամփն անձամբ ուղիղ հայտարարում է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցումը, ինչը գալիս է ապացուցելու հենց վերոշարադրյալ իրողությունը։Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին դիտարկում է նաև որպես Չինաստանի աճող ազդեցությանը հակազդող որոշակի պատնեշ, հակակշիռ՝ գիտակցելով, որ Չինաստանի ազդեցության մեծացումը լուրջ մարտահրավեր է նաև Ռուսաստանի համար: Ի դեպ, ԱՄՆ-ը նման պատնեշ է դիտարկում նաև Հնդկաստանին, ցանկանալով Հնդկաստանին դարձնել Չինաստանի հիմնական հակակշիռ և տարածաշրջանային կարևորագույն մրցակից: Չի կարելի նաև բացառել, որ Վաշինգտոնը ինչ-որ մի փուլում նաև ստիպված լինի Իրանին դիտարկել որպես պետություն, որը պոտենցիալ կարող է լրացուցիչ պատնեշ հանդիսանալ Չինաստանի աճող ազդեցության, ինչպես նաև «Ճանապարհ և գոտի» նախագծի իրականացման համար:

Չինաստանի աճող ազդեցության զսպումը՝ գործողության մեջ

Վերջին ամիսներին համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Պանամայի ջրանցքը և ամերիկյան նկրտումները դրա նկատմամբ։ Թրամփը բազմիցս հայտարարել էր իր հավակնությունները ջրանցքի վերաբերյալ, սակայն դրան առանձնապես ուշադրություն չէին դարձնում՝ համարելով այն ճնշման լրացուցիչ մեխանիզմ Պանամայի իշխանությունների նկատմամբ՝ մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով։ Սակայն ամեն ինչ այդքան մակերեսային չէր, որքան կարող էր թվալ. իրականում Թրամփն այլ նպատակ էր հետապնդում։

Այս ամենի թիրախում կրկին Չինաստանն էր։ Խնդիրը կայանում է նրանում, որ չինական «Չանապարհ և գոտի» նախաձեռնության տրամաբանության մեջ ներառվում է Պանամայի ջրանցքի օգտագործումը, որով անցնում է համաշխարհային ծովային առևտրի շուրջ 5%-ը՝ տարեկան մի քանի հարյուր միլիարդ դոլար արժողությամբ բեռներով։ Սա Չինաստանի այս մեգանախագծի համար կարևոր նշանակություն ունեցող հանգույց էր, իսկ ԱՄՆ-ի համար՝ ռազմավարական և անվտանգային գործոն։

Հետևաբար, Թրամփի նպատակը ոչ այնքան ամերիկյան բիզնեսի և բեռնափոխադրումների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն էր, որքան այդ ջրանցքի կառավարման գործում Չինաստանի ներկայությունը դադարեցնելը։

Դրանով էր պայմանավորված այն, որ պետքարտուղար Ռուբիոյի առաջին օտարերկրյա այցերից մեկն իրականացրեց հենց Պանամա։ Պանամայի ղեկավարության հետ հանդիպումից հետո այդ երկրի իշխանությունները միանգամից հայտարարեցին, որ Պանաման լքում է չինական «Ճանապարհ և գոտի» մեգանախագիծը, միաժամանակ բացառիկ օգտագործման պայմաններ տրամադրելով ամերիկյան բեռնափոխադրող ընկերություններին։

Ի՞նչ է Թրամփը ուզում Գրենլանդիայից

Թրամփի հաջորդ կարևոր թիրախներից մեկը դարձավ Գրենլանդիան: Դանիայի տիրապետության տակ գտնվող այս կղզին ունի 2,166,086 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը Գրենլանդիան դարձնում է աշխարհի ամենամեծ կղզին, իսկ բնակչությունը կազմում է մոտ 56,000 մարդ, ինչը այն դարձնում է աշխարհի ամենացածր խտությամբ բնակեցված տարածքներից մեկը: Իհարկե, Գրենլանդիան ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից: Այո, ԱՄՆ-ը Գրենլանդիայում ունի բավական խոշոր ռազմաօդային և տիեզերական ուժերի ռազմաբազա: Սակայն Գրենլանդիան ունի նաև ռազմավարական նշանակություն Արկտիկայի ուսումնասիրման և այստեղ ներկայության ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, Վաշինգտոնին անհանգստացնում է, որ Չինաստանը ստեղծել է տասնյակ գիտական հետազոտական կայաններ Արկտիկայում՝ որպես իր «Բևեռային Մետաքսի ճանապարհ» ռազմավարության բաղկացուցիչ մաս, և բավականին ակտիվ զբաղվում է Արկտիկայի ուսումնասիրմամբ և այստեղ իր ներկայության ապահովմամբ: Միաժամանակ, Գրենլանդիայի հանքանյութերի և հազվագյուտ մետաղների պաշարները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի համար՝ հատկապես հաշվի առնելով Չինաստանի գերակայության հետ կապված ամերիկյան մտահոգությունները այս ոլորտում: Այս պաշարների ապահովումը ԱՄՆ-ն ընկալում է որպես ազգային անվտանգության հարց:

Ակնհայտ է, որ Թրամփի՝ Չինաստանին զսպելու ռազմավարությունը չի սահմանափակվելու ԱՄՆ-Չինաստան մրցակցային հարաբերություններով և Պեկինին ուղղված ճակատային հարվածներով: Չինաստանին զսպելու քաղաքականությունը արտահայտվելու է ամերիկյան արտաքին քաղաքականության այլ ուղղություններում, որտեղ դրանք կարող են առաջնային չթվալ, վառ արտահայտված չլինել, կամ նույնիսկ քողարված լինել: Սակայն փաստ է, որ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու Վաշինգտոնի քաղաքականությունը կարելի է համարել ամերիկյան գլոբալ քաղաքականության կարևորագույն և առաջնային բաղադրիչ:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս