
Մեծ Բրիտանիան խորացնում է ռեգիոնում աշխատանքը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ ի՞նչ դեր ունի Երևան-Բաքու համաձայնագիրը

Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին է զանգահարել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմմին։
Մինչ այդ՝ մարտի 18-ին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանական ելույթի ժամանակ։ Արտգործնախարար Լեմմին խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը համարել էր պատմական՝ կողմերին կոչ անելով հնարավորինս արագ սկսել պայմանագրի ստորագրման գործընթացը։
Մարտի 19-ին բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան զրուցել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունների, կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։
Լեմմին հույս էր հայտնել, որ հարաբերությունները կկարգավորվեն, իսկ Բայրամովը նշել էր, որ «չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»։ Բացի այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը։
Մարտի 21-ին էլ ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս զրուցել է Դեյվիդ Լեմմիի հետ։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դեյվիդ Լեմմիին համաձայնագրի հնարավորիս սեղմ ժամկետներում կնքման և տարածաշրջանում խաղաղության հաստաման հարցում ՄԹ կողմից արտահայտված հստակ դիրքորոշման համար։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կողմից ներկայացված այս և մյուս՝ մասնավորապես, հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման և կայունության ապահովման համար»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Տարեսկզբից և հատկապես Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին Մեծ Բրիտանիան ակտիվացրել է քաղաքական խորհրդակցությունները Թուրքիայի ու Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաների հետ ռեգիոնալ մի շարք հարցերի, մասնավորապես՝ սիրիական և հայ-ադրբեջանական, ուկրաինական հակամարտության ուղղությամբ։
Փետրվարի 28-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով զրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Բրիտանական կառավարության ղեկավարը Լոնդոնում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովին հրավիրել է նաև Անկարայի ներկայացուցչին։
Թուրքիայի ԱԳ նախարարը մարտի 2-ին Լոնդոնում մասնակցեց Մեծ Բրիտանիայի կազմակերպած հանդիպմանն Ուկրաինայի հարցով, որին զուգահեռ՝ Անկարան ակտիվացրեց հայտարարությունները Եվրոպական անվտանգության հարցում թուրքական անխուսափելի առանցքային դերակատարության մասին։
Մարտի սկզբին Թուրքիան և Անկարան, ըստ թուրքական մամուլի, համատեղ քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Սիրիայի հարցով Անկարայում։ Սրան հաջորդեց մարտի 5-ին Ալիևի այցը Թուրքիա, որտեղ քննարկումների կենտրոնում հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման հարցն էր։
Մինչ Թուրքիայի հետ Բրիտանիան խորհրդակցություններ է անցկացնում սիրիական և ուկրաինական հակամարտությունում քայլերի կոորդինացման համար, Ադրբեջանի դեպքում Բրիտանիան խորացնում է հարաբերությունները ռազմական և անվտանգության ոլորտում՝ արդեն իսկ ունենալով համագործակցության լավ փորձ էներգետիկ, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ոլորտներում։
Մարտի 11-ին Մեծ Բրիտանիայում էր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն այնտեղ, ի թիվս այլ պաշտոնյաների, հանդիպել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար Վերնոն Քոուքերի հետ։ Իսկ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում, ինչը, ի թիվս երկու երկրների միջև ռազմական համագործակցության խորացման, նշանակում է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային խնդիրների շուրջ համագործակցային աշխատանք։
Բրիտանիան ավանդաբար սերտ կապեր և ներկայություն ունի Թուրքիայում, Ադրբեջանում։ Սակայն Ռուսաստան-ԱՄՆ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների ֆոնին կարծես Բրիտանիան խորացնում է համագործակցությունն այս երկրների հետ, ի թիվս սիրիական ու ուկրաինական թեմատիկայի, ուշադրություն հատկացնելով նաև հայ-ադրբեջանական ու Արցախյան հարցին։
Վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիան փորձում է անել այն, ինչ մնացած բոլոր ուժային կենտրոններն են փորձում անել՝ մեծացնել ազդեցությունն ավելի լավ դիրքեր ունենալու համար։
Նրա որակմամբ, Բրիտանիան մշտապես գործել է ԵՄ-ից մի փոքր առանձնացված՝ մրցակցելով հիմնական խաղացողների հետ։ Եվ ներկայումս, ըստ վերլուծաբանի, Պուտին-Թրամփ բանակցությունների ֆոնին ԵՄ-ն, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, մնացել են մի փոքր ստվերում, գործընթացների լուսանցքում՝ այն դեպքում, երբ ի սկզբանե աջակցել են Ուկրաինային՝ թե քաղաքականապես, թե տնտեսապես։
«Արևմտյան թևում նման բուռն զարգացումները բարդ էր կանխատեսելը, ուստի Արևմուտքի եվրոպական հատվածում ինտենսիվ գործընթացներ են՝ հաղթահարելու համար Թրամփի աշխատակազմի նոր քաղաքականության հարուցած մարտահրավերները։ Թրամփի աշխատակազմի հետ հարաբերություններում խնդիրներ չառաջացնելու, ինչպես նաև նախկին դիրքորոշումները և պատերազմում Ուկրաինային ամուր աջակցությունը պահպանելու, եվրոպական անվտանգային բաղադրիչն ուժեղացնելու համար ջանքեր են ներդրվում։ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ԵՄ-ի ղեկավարությանը զուգահեռ՝ ձգտում են որոշակի առանձին ազդեցության. եթե ուշադրություն դարձնենք, նույն այս երկրները որոշակի քաղաքականություն են վարում նաև Հարավային Կովկասում։ Նպատակը նույնն է ու պարզ՝ ազդեցության աճ՝ հատկապես ռեգիոններում, որտեղ ազդեցություն ունի Ռուսաստանը, նաև՝ ԱՄՆ-ը»,- ասաց վերլուծաբանը։
Մենաղարիշվիլիի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ռեգիոնում միջնորդության հստակ ծրագիր չունի։ «Այդ երկրի քաղաքականությունն առավելապես կրում է ստվերային բնույթ, այն իրականացվում է համագործակցությունների միջոցով, հենց այդ ճանապարհով էլ ազդեցությունն ավելանում է: Երբ կա գործընկերություն, ուղիղ միջնորդության կարիք երբեմն չի լինում»,- նկատեց նա։
Սակայն, Մենաղարիշվիլիի խոսքով, ներկայումս միջազգային հանրությունը հակված է, որպեսզի Երևանն ու Բաքուն շուտ խաղաղության հասնեն Հարավային Կովկասում։
«Թե ինչպես է դրան աջակցում Մեծ Բրիտանիան, բարդ է ասել, այնուամենայնիվ, կոնտակտները թույլ են տալիս ենթադրել, որ կա աշխատանք և հետաքրքրվածություն, ինչպես ԱՄՆ ներկայիս վարչակազմի մոտ։ Համաձայնագիրը ռեգիոնալ ճանապարհների բացման հնարավորություն կտա, որն աշխարհաքաղաքական մրցակցության թիրախ է»,- նկատեց Մենաղարիշվիլին։