Ի՞նչ է թաքցնում Կենտրոնական բանկի նախագահը

Արտագնա աշխատանքի մեկնողները վերջին շրջանում դրսում աշխատած իրենց գումարները բանկային համակարգով ուղարկելու փոխարեն, կրկին նախընտրում են կանխիկով բերել։ Եթե նախկինում գումարների շուրջ 20 տոկոսն էին կանխիկով բերում, ապա հիմա կանխիկի տեսակարար կշիռը մեծացել է։ Սա Կենտրոնական բանկի նախագահը բացատրում է ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցներով, ինչը խնդիրներ է ստեղծում փոխանցումների համար։

«Եթե մինչև հիմա արտագնա աշխատանքի մեկնողներն իրենց աշխատած գումարի շուրջ 80 տոկոսը փոխանցում էին անկանխիկ եղանակով, իսկ վերջին 20 տոկոսը բերում էին իրենց հետ, ապա հիմա, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, կանխիկ գումարի տեսակարար կշիռը մեծացել է. մարդիկ ճանապարհներ են փնտրում գումարը ՀՀ փոխանցել կանխիկ տարբերակով»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Որ Ռուսաստանի բանկային համակարգի վրա կիրառվող արևմտյան պատժամիջոցները որոշակի ազդեցություն կարող էին ունենալ այդ երկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների անկանխիկ շրջանառության վրա, գուցե և այդպես է։ Սակայն դա չէ հիմնական խնդիրը։ Շատ ավելի կարևոր խնդիր կա, որը Կենտրոնական բանկի նախագահը թաքցնում է։

Խնդիրը կապված է ոչ այնքան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկային համակարգի, որքան Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ու հատկապես եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջի հետ։ Որքան էլ իշխանությունները փորձեն թաքցնել, միանշանակ է, որ եկամուտների հայտարարագրման իրական նպատակը քաղաքացիների եկամուտների հարկումն է։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է հենց արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտների հարկմանը։ Նման մի փորձ իշխանություններն արեցին 2024թ. սկզբին, բայց բախվելով քաղաքացիների դիմադրությանը, ստիպված նահանջեցին։

Կարդացեք նաև

Սակայն դա չի նշանակում, թե ընդհանրապես հրաժարվեցին քաղաքացիների դրսում աշխատած գումարները հարկելու մտադրությունից։ Շուտ թե ուշ դա լինելու է։

Թերևս, հիմնականում սա է ստիպել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին՝ խուսափել դրսում աշխատած իրենց գումարները բանկերով ուղարկելուց։ Աչքի առաջ ունենալով ոչ վաղ անցյալի փորձերը՝ մարդիկ մտավախություն ունեն, որ հայտնվելու են հարկային մամլիչի տակ, ստիպելու են դրսում իրենց աշխատած գումարների դիմաց հարկեր վճարել։ Ուստի գերադասում են գումարները Հայաստան բերել կանխիկով՝ բանկերի ու հարկային մարմինների աչքից հեռու։

Սա եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջի ուղղակի հետևանք է։ Այս միտումը կխորանա այն բանից հետո, երբ եկամուտների հայտարարագրումը սկսեն ծառայեցնել հարկման նպատակով։ Առայժմ խուսափում են դա անել՝ քաղաքացիներին չվախեցնելու համար։

Ընդհակառակը՝ փորձում են այնպիսի տրամադրություններ ստեղծել, որ այս ամենն անում են՝ մարդկանց փող բաժանելու համար։ Բայց իրականությունը դա չէ։ Հետագայում մեկ առ մեկ գնալու են հայտարարագրերի հետևից և հարկելու են քաղաքացիների եկամուտները, այդ թվում՝ դրսում աշխատած եկամուտները։

Եվ այն, որ արտագնա աշխատանքի մեկնողներն արդեն այս փուլում փորձում են ապահովագրել իրենց ու դրսում աշխատած գումարները Հայաստան հասցնել կանխիկով, հիմնականում դրանով է պայմանավորված, ինչքան էլ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը դա այլ կերպ հիմնավորի։ Այնպես, ինչպես փորձում է հիմնավորել վարկերի բարձր տոկոսները։

Մինչ Կենտրոնական բանկը տևական ժամանակ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ կերպ՝ էժանացնում է փողը, բանկերը, նվազեցնելու փոխարեն, բարձրացնում են տրամադրվող վարկերի գինը։ Մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերի տոկոսները հասել են վերջին հինգ տարվա պիկին։ Սա Կենտրոնական բանկի նախագահը պայմանավորում է շուկայում ձևավորված բարձր պահանջարկով։

«Ինչ վերաբերում է տոկոսադրույքների բարձր կամ ցածր լինելուն, այդ ֆենոմենը պայմանավորված է պահանջարկով ու առաջարկով, ինչպես նաև մարդու վարկունակությամբ։ Մարդիկ, ովքեր սպառողական վարկեր են վերցնում 18 կամ 21 տոկոսով, կախված է նրանց գնողունակությունից, վարկային պատմությունից»,- ասում է ԿԲ նախագահը։

Անշուշտ, պահանջարկով պայմանավորված՝ շուկան է թելադրում վարկերի գինը։ Այլ բան, թե այդ պահանջարկը և տրամադրված վարկերը որքանո՞վ են հիմնավորված։

Բացի այդ՝ ինչքան էլ Կենտրոնական բանկի նախագահը համարում է, որ վարկերի բարձր տոկոսները, այլ գործոնների թվում, պայմանավորված են նաև քաղաքացիների վարկունակությամբ, փորձը ցույց է տալիս, որ ամենևին էլ այդպես չէ։ Այլապես ինչպե՞ս է, որ գրեթե 350 հազար քաղաքացի այսօր անհուսալի վարկերի տակ է, և նրանց վարկերի գումարը հասնում է շուրջ 1,8 մլրդ դոլարի։

Այդ մարդիկ կազմում են ֆիզիկական անձ վարկառուների գրեթե 40 տոկոսը։

Եթե 350 հազար քաղաքացի վարկ է վերցրել ու չի կարողացել վերադարձնել, որտե՞ղ է նրանց վարկունակությունը։

Ընդ որում՝ այդ վարկերի մեծ մասը եղել են ոչ մեծ գումարների, ընդամենը մի քանի հարյուր հազար դրամի վարկեր, որոնք ևս քաղաքացիներն ի վիճակի չեն եղել վերադարձնել։ Սա նշանակում է, որ ոչ թե քաղաքացիների վարկունակությունն է բարձր, այլ բանկերը չհիմնավորված ու ռիսկային վարկեր են տրամադրել՝ արհեստականորեն ձևավորելով բարձր պահանջարկ։

Միշտ չէ, որ բանկային համակարգում քաղաքացիների հաշվին այսքան անհուսալի վարկեր են գոյանում։ Որքան էլ համարենք, որ սա բանկերի ռիսկն է, մի՞թե Կենտրոնական բանկում կարծում են, որ այստեղ իրենք անելիք չունեն։ Թե՞ մտածում են՝ միևնույն է, կառավարությունը բյուջեի վրա կվերցնի այդ վարկերը վերադարձնելու բեռը, ինչպես որ հիմա է արվում։

Գուցե բանկերին ձեռնտու է այսպես աշխատել, բայց քաղաքացիների կողմից վարկերի նման համատարած չվերադարձելիության պայմաններում՝ Կենտրոնական բանկն իրավունք չունի մի կողմ քաշվել և ասել, որ դա բանկի ու քաղաքացու միջև տեղի ունեցող առևտրային հարաբերություն է, որին ճիշտ չէ խառնվելը։

Մեծ թվով անհուսալի վարկերի առկայությունը լուրջ ահազանգ է, և դա պայմանավորված է՝ ինչպես քաղաքացիների վարկունակությամբ, որը պատշաճ չի գնահատվել բանկերի կողմից վարկը տրամադրելուց, այնպես էլ՝ վարկերի բարձր տոկոսներով ու դրանց նկատմամբ ստեղծված արհեստական բարձր պահանջարկով։ Այս իրավիճակը Կենտրոնական բանկի ոչ բավարար վերահսկողության հետևանք է, ինչը բերել է վարկերի այսպիսի բարձր տոկոսների ձևավորման։ Դրանք ի շահ բանկերի են, ի վնաս՝ քաղաքացիների։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս