
«Հարավային Կովկասի անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում». գիտաժողով. #ՈՒՂԻՂ
Կովկասի ինստիտուտը կազմակերպել էր միջազգային գիտաժողով, որը կրում էր «Մոտալուտ փոթորիկ. Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանն այսօր կանգնած է բավականին լուրջ անվտանգային մարտահրավերների առջև, և անվտանգության խնդիրները հիմնականում կապված են Ադրբեջանի հետ, որոնք մեր Կառավարությունը պետք է փորձի լուծել
։«Դա ճանապարհ է, այլ ոչ թե մեկանգամյա ակտ, ուստի, հնարավոր չէ մեկ թուղթ ստորագրելով կամ մեկ անգամ բանակցելով՝ լուծել առկա խնդիրները։ Անհրաժեշտ է իրականացնել հստակ քաղաքականություն՝ լավ հասկանալով, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և դրանից դուրս։ Մենք կազմակերպում ենք նման միջոցառումներ՝ ընձեռելով հնարավորություն, որպեսզի Հարավային Կովկասի խնդիրները դիտարկվեն նաև թուրք, եվրոպացի կամ ամերիկացի փորձագետների աչքերով։ Սա նույնպես օգտակար է՝ հասկանալու, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ինչպես նաև կարևոր է՝ հստակեցնելու մեր քաղաքականությունը»,- ասաց Իսկանդարյանը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տեքստի շուրջ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ համաձայնվելն ու ստորագրելը բոլորովին տարբեր բաներ են։«Նախկինում էլ երկու երկրները երեք անգամ համաձայնության են եկել այս կամ այն փաստաթղթի տեքստի վերաբերյալ, սակայն վերջնարդյունքում դրանք չեն վավերացվել։ Խոսքն, օրինակ, վերաբերում է 1999 թվականին ձեռք բերված համաձայնությանը, 2001 թվականի Քի Վեսթի բանակցություններին և 2006 թվականին միջնորդների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների տարբերակին։ Սա չորրորդ փորձն է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ փաստաթուղթ ստորագրել՝ իրավիճակն օգտագործելով որպես շարունակական գործընթաց»,- նշեց մեր զրուցակիցը։
Իսկանդարյանի դիտարկմամբ՝ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դժվար կլինի պնդել, որ մեր տարածաշրջանում կհաստատվի տևական ու լիարժեք խաղաղություն՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի փոփոխական վարքագիծը։
«Ես վատատես չեմ, սակայն չեմ պատկերացնում մի իրավիճակ, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը ստիպել Ադրբեջանին որևէ փաստաթուղթ ստորագրել։
Այն գործիքները, որոնք օգտագործվում են Արևմուտքի կողմից՝ լինեն հայտարարություններ, կոչեր կամ հորդորներ, դեռ բավարար չեն։ Ադրբեջանն իր հերթին ունի բավականին սերտ, գործնական կապեր և՛ ԱՄՆ-ի, և՛ եվրոպական երկրների հետ։ Արևմուտքն օգտագործում է այն, ինչ համաձայն է անել, իսկ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն իրատեսական չեմ համարում։ Տեսականորեն կարող է իրավիճակի վրա ազդել այն հանգամանքը, երբ միաժամանակ պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Իրանը, բայց նման բան չեմ պատկերացնում։ Այդուհանդերձ, միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ բան անել, սակայն դա բավարար չէ»,- եզրափակեց Իսկանդարյանը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր ելույթում նշեց, որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, ուստի Մեծ Բրիտանիան, որպես ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ադամ, գիտակցում է անվտանգության անհրաժեշտությունը մոլորակի ցանկացած տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։
«Այս գիտակցումը նպաստում է փոխշահավետ համագործակցությանը, ինչը չափազանց կարևոր է, որպեսզի մենք կերտենք երկարաժամկետ խաղաղություն։ Այդ գիտակցության շնորհիվ Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աջակցում է նման գործընթացներին Հարավային Կովկասում։ Մեզ այդ հարցում օգնում է նաև հատուկ այդ նպատակով ստեղծված անվտանգության ֆոնդը։
Երկխոսությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարթություններում չափազանց կարևոր է՝ հակամարտությունների լուծման առումով»,- ասաց դեսպանը։
Գալագերը վկայակոչեց բրիտանացի վարչապետներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի տեսակետը, որի համաձայն՝ խիզախությունն այն է, ինչ անհրաժեշտ է, որպեսզի մարդը ոտքի կանգնի և խոսի, բայց խիզախություն է նաև, որպեսզի մարդը նստի և լսի դիմացինին։
«Չափազանց կարևոր է, որպեսզի մենք երխոսություն ունենանք որոշում կայացնողների և քաղհասարակության միջև, հետևաբար, սերտորեն համագործակցում ենք ժողովրդավարական կառույցների հետ՝ նպաստելով համընդհանուր զարգացմանը, ինչն իր հերթին նպաստում է կայուն և խաղաղ տարածաշրջան ստեղծելուն։ Գիտակցում ենք, որ խաղաղության ուղին երբեմն պահանջում է շատ բարդ որոշումներ, ուստի, հետագայում նույնպես աջակցելու ենք մեր գործընկերներին»,- եզրափակեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը։