
«Միջազգային հանրությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Արցախի հարցը փակված չէ. լավ աշխատանքի պարագայում կարելի է այս «շենքն» աստիճանաբար կառուցել». Վահրամ Բալայան

Մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հայրենիք։
Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել է 2024թ. դեկտեմբերի 17-ին։ Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստանում է օրենքի ուժ՝ պարտավորեցնելով Դաշնային խորհրդին՝ սկսել իր իրականացումը։ Կանտոնների խորհրդում զեկուցող էր պատգամավոր Տիանա Անգելինա Մոզերը (Կանաչ Լիբերալ կուսակցություն/Ցյուրիխ), մինչդեռ Ազգային խորհրդում առաջարկի հեղինակն ու զեկուցողը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն էր (Շվեյցարական ժողովրդական կուսակցություն/Ցյուրիխ)։ Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի գնահատմամբ՝ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը մեծ ու դրական քայլ է: Նա հույս ունի, որ սա նախադեպ կլինի նաև այլ երկրների խորհրդարանների համար, որպեսզի նմանօրինակ բանաձևեր ընդունեն։
«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը, հանձին Շվեյցարիայի, մեկ անգամ ևս ապացուցեց, որ Արցախի հարցը փակված չէ և դրա շուրջ պետք է որոշակի քննարկումներ և գործողություններ ծավալվեն։ Շվեյցարիան խորհրդարանական երկիր է և նրա որոշումն ուժ ունի գործադիր մարմնի համար։ Այդ բանաձևում գնահատական է տրված, թե արցախահայության հետ ինչ է կատարվել, պարզ ներկայացվել է՝ էթնիկ զտում է տեղի ունեցել Արցախում։
Բանաձևը նաև հստակ ընդգծում է համաժողով կազմակերպելու կարևորությունը, որտեղ մասնակից պետք է դառնա նաև արցախյան կողմը՝ քննարկելու արցախահայերի հավաքական վերադարձի հարցը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։
Նրա դիտարկմամբ՝ այստեղ սկզբնական փուլում էական չէ, թե ինչ բնույթի հարցեր են քննարկվելու, էականն այն է, որ մեկնարկը տրված է, և քննարկման նյութ է դառնալու Արցախը, արցախահայերի հավաքական վերադարձի հարցը, այստեղ ասելիք ու նյութ կա։
«Ես այն կարծիքին եմ, որ լավ աշխատանքի պարագայում կարելի է այս «շենքն» աստիճանաբար կառուցել ու բարձրացնել վերև։ Սկզբում շատերը թերահավատ էին, որ որևէ արդյունք չի ունենա այս ամենը, բայց մենք տեսնում ենք՝ քայլ առ քայլ արդյունքը կլինի։ Իսկ մենք՝ նկատի ունեմ մեր ազգը, այս հարցերը պետք է հնարավորինս բարձրացնի տարբեր երկրներում ու նրանց խորհրդարաններում»,- հավելեց Վ. Բալայանը։
Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող գերիներին և «խաղաղության պայմանագրին», որի բոլոր 17 կետերը, ըստ կողմերի՝ համաձայնեցված են, սակայն այնտեղ գերիների վերադարձի մասին կետ չկա, Վահրամ Բալայանն ասաց՝ առանց գերիների վերադարձի հարցի ներառման՝ նման թղթի ստորագրումը բազմաթիվ հնարավորությունների դռներ է փակում, նաև Արցախի հարցի համար։
«Իմ տեսանկյունից՝ Արցախի հարցը փակված չէ, կարծում եմ՝ մեր ժողովուրդը պետք է պահանջատեր լինի, նպաստի, որպեսզի արցախահայերի հավաքական վերադարձն իրականություն դառնա»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։