
Աներկբա է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հասարակությանը սպառնալու է պшտերшզմnվ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն

Օրեր առաջ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ ՀՀ-ի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի վերաբերյալ ՀՀ-ն դիրքորոշում է հայտնել՝ ընդունելով Ադրբեջանի մոտեցումները: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը:
«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մեր կարծիքն անփոփոխ է․ «Խաղաղության պայմանագիր» կոչվող ֆարսը Հայաստանի կապիտուլացման երկրորդ ակտն է, որին գնում է ներկա իշխանությունը՝ իր համար լուծելով մեկ խնդիր՝ ամեն գնով վերատադրվել: Մի կողմից իրենից ներկայացնելով ներքաղաքական, մասնավորապես 2026թ.-ի ընտրություններին նախընտրական կարևոր խաղաքարտ, մյուս կողմից՝ սպասարկելով Անկարայի ու Բաքվի շահերը, որոնք ամեն գնով պատրաստ են աջակցել ու պահել Փաշինյանին Հայաստանի վարչապետի աթոռին։
Կապիտուլյացիոն այս ակտի ստորագրումը Հայաստանի Հանրապետության պետականազրկման և հայկականության ոչնչացումն է:
Պայմանագիր կոչվածը, որը վերջերս ՔՊ-ականները սկսել են կոչել համաձայնագիր, ըստ հրապարակային հայտարարությունների, կազմված է 17 կետից, որոնցից յուրաքանչյուրն արձանագրում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանությունն իբր հրապարակային անհամաձայնություն է արտահայտել փաստաթղթերի կետերից որևէ մեկի հետ, հետո, խելոք, գլուխը կախ գնացել ու ընդունել է ադրբեջանական մոտեցումը։ Հետևաբար սա պայմանագիր չէ, այլ մի կողմի շահերի պարտադրողական ցուցակ մյուս կողմին։
Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում 30 կետից կազմված պայմանագիրը, իր այսպես կոչված վերջնական տեսքում ունեցավ 17 կետ։ Թերահավատ ենք, որ Բաքուն իր պահանջների նշաձողը կարող էր իջեցնել, հատկապես, երբ տեսնում էր, որ Հայաստանի գործող ղեկավարը դեմ չէ ադրբեջանական որևէ պահանջ ընդունելուն:
Ինչ վերաբերում է փաստթաթղթի մյուս կետերի աղետաբերությանը՝ փորձենք հակիճ դիտարկել դրանք:
Հայտարարվում է, որ պայմանագրի/համաձայնագրի կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հրաժարվում տարածքային հավակնություններից. Այս կետը, կարծում ենք, որ ունի հավելված, որտեղ հղում է կատարվում Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգին, որի հիմքով Ադրբեջանի համար շահեկան, ընտրովի քարտեզներով կատարվում է սահմանագծում/սահմանազատում, որի ամենից վառ օրինակը հայ-ադրբեջանական սահմանի Կիրանցի հատվածում էր:
Այս դրույթը խաչ է քաշում Արցախի՝ երբևէ որևէ կերպ միջազգային իրավունքի դիրքերից հայկական դարձնելու, կամ ետ բերելու հեռանկարի ու հնարավորության վրա:
Նշվում է, որ պայմանագրի կետերից մեկը այն է, որ կողմերը հաստատում են, որ եթե իրենց երկրներում իշխանություն փոխվի, ապա որևէ մեկի կողմից չեն կարող որևէ կերպ փոփոխվել նշյալ պայմանագրի կետերը որևէ խմբագրությամբ կամ ծավալով: Այս քայլով Ալիևը փորձում է երաշխիքներ ստանալ, որ Հայաստանում իշխանության ապագա որևէ փոփոխություն պայման չի ստեղծի, որ այսօր իր ճնշման տակ ձևավորվելիք այս պայմանագիրը ենթարկվի որևէ վերախմբագրման միջազգային կամ տարածաշրջանային ինչ-որ դերակատարների/միջնորդների ներգրավվածությամբ:
Ադրբեջանը պահանջում էր, որ Հայաստանի Հանրապետությունը հայ-ադրբեջանական սահմանային գոտուց հեռացնի երրորդ երկրների ուժային ստորաբաժանումները, մասնավորապես՝ ԵՄ-ի քաղաքացիական մոնիթորինգի իրականացման խմբերը, որին ՀՀ ղեկավարը համաձայնվել է. այս կերպ, փաստորեն, նախ՝ ՀՀ-ն ընդունում է, որ դրանք ոչ թե քաղաքացիական ստորաբաժանումներ, այլ ռազմական ստորաբաժանումներ են, և հաջորդը՝ կա արդյո՞ք այդ պահանջի մեջ սահմանային տեղաբաշխվածության ստորաբաժանումների տեղակայման հեռավորության շառավիղ, որևէ սահմանափակում, թե՞ դա կարող է վերաբերել նաև ՀՀ-ում առկա ՌԴ ստորաբաժամուներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ Բաքուն նպատակ ունի միջազգային հարթակում ջնջել Արցախի հարցով զբաղվող լիազոր կառույցը՝ միաժամանակ հասկանալով, որ 2023-ին էթնիկ զտումների փաստը Արցախում կարող է իր համար մեծ խնդիրներ առաջ բերել:
ՀՀ-ի կողմից Սահմանադրական հանրաքվեի անցկացում և ՀՀ Սահմանադրության ներածության փոփոխություն, որտեղ հիշատակվում են ինչպես Արցախը, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցերը. Բաքուն ձգտում է այս պայմանագրի կնքմանը մասնակից դարձնել հայ ժողովրդին, փորձելով Արցախի՝ իրենց հանձնումը դարձնել լեգիտիմ, որը կարձանագրվի այն ժամանակ, եթե հայ ժողովուրդը Սահմանադրական հանրաքվեին ասի ԱՅՈ:
Ալիևի ճնշման տակ ՀՀ-ի կողմից զիջումներից մեկը միջազգային ատյաններից երկու կողմերի հայցերի հետկանչի կետն էր, որն ուղղակիորեն կապված է Արցախի հայ ազգաբնակչության էթնիկ զտման մեջ Բաքվի մեղավորության չեղարկման հետ:
Կապիտուլյացիոն պայմանագրում առկա կոմունիկացիաների բացման կետը, որը հավանաբար ունի նաև գաղտնի հավելված, իբրև սահմանում է բոլոր կոմունիկացիաների համարժեք բացումը, սակայն իրականում իր հիմքում ունի Բաքվին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանին փոխանցելու նպատակ, որի մասին Հայաստանի ղեկավարը վերջերս ինչպես հոդվածի, այնպես էլ հարցազրույցի տեսքով հայտնեց:
Կարծում ենք, որ պայմանագրում տեղ է գտել կողմերի քաղաքացի՝ խաղաղ ազգաբնակչության իրավունքների ու ազատությունների պաշտպանության դրույթ, որն ուղղակի կապված է մոտ 350 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի հետ, որը ենթադրելու է նրանց բնակության վայրերի ու սեփականության իրավունքի տրամադրում և վերադարձ՝ միջազգային՝ այն է թուրքական «խաղաղապահ» ստորաբաժանումների անվտանգության ապահովման առաքելության իրականացման ներքո: Հայկական կողմը այս մասով որևէ պահանջ չի առաջադրել:
Համաձայնեցված պայմանգրում կան իհարկե այլ կետեր ևս, որոնց մասին կողմերը չեն հայտարարում. ակնհայտ է, որ այս մասով լիարժեք ու ամբողջական տուժող կողմը լինելու է Հայաստանն ու հայ ժողովուրդը, իսկ սա նշանակում է, որ ոչ միայն պետք է քայլ անել, որ հայաստանակործան այս պայմանագիրը իրողություն չդառնա, այլ նաև ամեն ջանք գործադրել ՀՀ-ում ադրբեջանաթուրքական շահերի սպասարակու այս խմբակից ազատվելու համար:
Աներկբա է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հասարակությանը սպառնալու է պատերազմով, եթե պայմանագիրը հայկական կողմը չստորագրի, կամ եթե Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չհամապատասխանեն Բաքվի շահերին:
Միաժամանակ պետք է գիտակցել, որ ստորագրման պարագայում հայկական պետականության վերջին էջը փակվելու է և այն պետությունից վերածվելու է տարածքի, գաղութի, վիլայեթի»: