
Լավ է շուտ կամ երբեք

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը չի ճանաչում հայ ժողովրդին, նրա նախասիրություններն ու ցանկությունները։ Իսկ առանց դրա քաղաքականության մեջ հաջողության հասնելու հնարավորությունները գրեթե զրոյական են, եթե խոսքը հանրային ներգրավմամբ գործընթացների մասին է, ինչպես ներկայացվում է, և ոչ թե հասարակության հետ կապ չունեցող, արտաքին ուժերի աջակցությանն ապավինող գործընթացների։
Քաղաքականությունը մարդկանց մասին է և ուղղված է մարդկանց կյանքը բարելավելուն։ Այդ՝ քաղաքացիների ճանաչողության իմաստով՝ կա երկու ճանապարհ. կա՛մ ճանաչել նրանց ցանկությունները և ներկայացնել դրանց համապատասխան քաղաքական առաջարկ, կա՛մ ճանաչելով նրանց ու նրանց նախընտրությունները և դա գնահատելով պետության համար կործանարար, նրանց հետ աշխատել այնքան ու այնպես, որ հանրության շրջանում գեներացվի նոր, պետականանպաստ պահանջարկ՝ դրան համապատասխան սեփական օրակարգը ներկայացնելու համար։ Հայաստանում գործում է այս երկու մեթոդների այլասերված խառնուրդը․ ընդդիմադիր ուժերի մեծ մասը ելնում է այն դիրքերից, որ ճանաչում է հասարակությանը, բայց նրա ցանկությունները գնահատում է կործանարար։
Միևնույն ժամանակ՝ նույն ուժերի մեծ մասը հանրության հետ աշխատում է ոչ թե հասարակական պահանջարկը փոխելու, նոր պետականակենտրոն պահանջարկ ձևավորելու դժվար, աշխատատար ու ժամանակատար ճանապարհով, այլ փորձում է սեփական քաղաքական օրակարգն ու ցանկությունները մակերեսորեն համապատասխանեցնել հանրային՝ տրամագծորեն հակառակ նախասիրություններին ու պահանջներին։
Ի տարբերություն ընդդիմության, իշխանությունը գործում է շատ ավելի միագիծ ու իշխանության տեսանկյունից՝ արդյունավետ ճանապարհով։ Իշխանությունն ավելի լավ է ճանաչում հասարակությանը և Արցախին ու Հայաստանին պատճառված բոլոր աղետներից հետո սեփական գոյությունը համարում է որպես հանրության ցանկությունների ու նախընտրությունների հավաքական դրսևորում։
Ըստ այդմ էլ, իշխանությունն ամենևին չի փորձում փոխել հանրության, լայն իմաստով՝ առանց պետություն կուշտ ապրելու քաղաքական պահանջարկը, և հենց դրա վրա է գեներացնում իր քաղաքական օրակարգը՝ անպետություն տարածությունում ռեսուրսներ բաշխողի տեղապահի կարգավիճակը պահպանելու նպատակադրմամբ։
Ընդդիմադիր ուժերի այս մոտեցումը քաղաքական մոդելավորման տեսանկյունից երաշխավորված պարտություն ապահովող ճանապարհ է, քանի որ նրանք փորձում են գործող իշխանության համար նպաստավոր հանրային ցանկությունների հիման վրա իրականացնել սեփական քաղաքական օրակարգը, որը հակամետ է այդ նույն ցանկություններին։
Տվյալ դեպքում հանրային ցանկությունները չպետք է նույնացնել վարկանիշների հետ, որոնց համաձայն՝ իշխանության վարկանիշը խայտառակ ցածր է, իշխանությունից դժգոհողների քանակն էլ՝ խայտառակ բարձր։
Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանում վարկանիշների չափման մեթոդներն առնվազն ընդգրկման առումով շատ համեստ են, ինչպես որ կասկածելի է քաղաքացիների՝ սոցիոլոգիական հարցումներին մասնակցության ազնվությունը։ Վարկանիշները, եթե անգամ լինեն արժանահավատ, ավելի շատ մեխանիկական ցուցանիշներ են, ի տարբերություն հանրային ցանկությունների ու նախընտրությունների բովանդակային ընդգրկման, որոնք, եթե անգամ չափելի են, հաստատ՝ ոչ փոքր ընտրանքներով մակերեսային հարցումների միջոցով։
Արդեն հինգ տարի ընդդիմությունների մեծ մասը միանգամայն իրավացիորեն հայտարարում է, որ Հայաստանը գտնվում է կործանման ճանապարհի վերջնակետում, և եթե օր առաջ իշխանափոխություն չլինի, կործանումը երաշխավորված է։
Անցնող տարիները ցույց են տվել, որ այս մոտեցմամբ իշխանափոխությունը երաշխավորված չէ, և առնվազն զուգահեռաբար պետք էր աշխատել նաև երկարաժամկետ պլանավորմամբ, հասարակության քաղաքական պահանջարկը փոխելու և այնպիսի պահանջարկ գեներացնելու ուղղությամբ, որի տրամաբանական հետևանքը կլիներ իշխանափոխությունը։ Բայց ընդդիմությունները գնացել են միայն առաջին ճանապարհով՝ «Լավ է շուտ կամ երբեք» սկզբունքով, ինչի արդյունքում գործող իշխանությունը ոչ միայն պահպանվել է, այլ պատրաստվում է վերարտադրության հերթական փուլին։
Հարություն Ավետիսյան