«Ռուբեն Վարդանյանը հաղթում է Ալիևին և Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջումների և խաղաղության օրակարգից չշեղվելու մասին հայտարարությունների ֆոնին ադրբեջանական կողմը քարոզչական արշավ է սկսել, թե իբր ապրիլին Հայաստանը պատերազմ է պլանավորում Ադրբեջանի դեմ:

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պ.գ.թ. Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է բացառապես ուժի, ուժի սպառնալիքի դիրքերից, և պարբերաբար այս նույն սցենարը կրկնվում է՝ հնարավոր ռազմական գործողությունների մասին սկսվում է տեղեկատվական արշավ ծավալվել, դրանից հետո արդեն Ադրբեջանը հետագա գործողությունների անցնում է կամ ոչ:

«Դա կախված է նրանից, թե տեղեկատվական արշավի փուլում որքանով են ազդակները հասնում որոշ մայրաքաղաքների, որքանով են այնտեղից ստացվում որոշ արձագանքներ, ըստ այդմ՝ Ադրբեջանը որոշում է իր հետագա գործողությունները: Ես վստահ եմ, որ ագրեսիայի սցենար Ալիևն ունի իր դարակում: Ես վստահ եմ, որ հաշվի առնելով վերջին զորավարժությունները, դրանց բնույթը՝ անտառային, լեռնային շրջաններում դիվերսիոն խմբերով, և այլն, այդ ամբողջ քաղաքական, տեղեկատվական հռետորաբանությունն ու իրավիճակը հաշվի առնելով՝ Ադրբեջանն ունի այդ սցենարը: Կգնա՞, թե՞ ոչ, դա կախված է տարբեր գործոններից և հանգամանքներից: Եթե հայկական կողմում նստած լինեին պետական շահը սպասարկող մարդիկ, ապա կարելի էր Ադրբեջանի ագրեսիան զսպել և ոչ թե միակողմանի զիջումների գնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայրապետյանը նկատեց՝ Ադրբեջանը տեղեկատվական և գաղափարական բլոկադայի նոր փուլ է սկսել, երբ բոլոր միջազգային ակտորներին փաստացի երկրից դուրս է անում, օրինակ՝ ԿԽՄԿ, ՅՈՒՆԻՍԵՖ և այլն. «Դա ցույց է տալիս, որ պետությունը ավտորիտարիզմից անցնում է տոտալիտարիզմի՝ ավելի վտանգավոր, ավելի փակ համակարգի, որտեղ ինքը պետք է մնա անպատիժ: Դասագրքային տրամաբանության համաձայն՝ նման քայլի գնում են՝ առաջին, եթե գնում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների, երկրորդ՝ եթե տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում և կանխատեսվում է սոցիալական որոշակի բողոքի ալիք: Երկու սցենարն էլ Ադրբեջանի պարագայում չենք կարող բացառել: Միևնույն ժամանակ, ԵՄ դիտորդները չեմ ասում՝ մեզ պաշտպանում են Ադրբեջանից, բայց իրենց տված զեկույցները որոշակի զսպաշապիկ են: Հիմա, երբ դու Ադրբեջանի աճող ագրեսիայի ֆոնին ԵՄ դիտորդներին հանում ես, քո իրավական, քաղաքական ու միջազգային լծակներից հրաժարվում ես, հնարավոր բոլոր միջազգային թեկուզ մինիմալ ներկայացվածությունը դու բացառում ես, Ալիևն այլևս պահող ոչինչ չի ունենալու»:

Կարդացեք նաև

Հարցին՝ իր համար հասկանալի՞ է Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը, նա պատասխանեց. «Իմ դիտարկմամբ՝ Փաշինյանը կոլաբորացիոնիզմի մեջ է, իր իշխանության պահպանման համար գնում է նման քայլերի: Կարող է՝ ես սխալվում եմ, հույս ունեմ՝ մի օր դատական գործընթաց կլինի, այդ ամենը կպարզվի: Բայց այստեղ պետք չէ շատ խելացի լինել՝ կա՛մ կատարյալ տգիտության հետ գործ ունենք, կա՛մ կոլաբորացիոնիզմի: Ես չեմ կարծում, որ խոսքը կատարյալ տգիտության մասին է, որովհետև ամեն դեպքում, երբ մարդը տգետ է, ու մի բան ձախողվում է, ի վերջո, խելքը այնքան ներում է, որ ասում է՝ բոլորիդ վարի եմ տալիս, եկեք՝ ես այս ինքնաթիռը չվարեմ, իսկ այդ մարդը համառորեն շարունակում է այդ ճանապարհով գնալ, և դա ինձ մոտ այլ կասկածներ է առաջացնում, հատկապես, երբ նույնական են Բաքվից հնչող ելույթները»:

Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխության հարցն օրակարգ մտցնելով՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի պահանջները. ««Իրական Հայաստանի» կոնցեպտը փաստացի Ալիևի կոնցեպտի կրկնությունն է, որ՝ «Հայաստանը պետք է հրաժարվի առասպելական Հայաստանի գաղափարներից»: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ երբ Փաշինյանն ասում է՝ միջազգային հանրությունը մեզ ասում է, այդ միջազգային հանրությունն իր, Էրդողանի և Ալիևի չատն է երևի, ոչ ոք իրեն նման բան չի կարող ասել: Ընդհակառակը, տարբեր ակտորներ նույնիսկ ապշած են, թե ինչպես կարելի է այդպիսի լծակներ զիջել Ադրբեջանին ու դրա դիմաց չստանալ ոչինչ, բացի ագրեսիայի նոր վտանգից»:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հացադուլին, նա նշեց, Վարդանյանը արժեքային, հոգեբանական և բարոյական տիրույթում հաղթում է Ալիևին և Նիկոլ Փաշինյանին. «Նա ցույց է տալիս, որ կա ավելի թանկ բան, քան կյանքն է՝ արժանապատվությունը, հավատարմությունը սեփական սկզբունքներին: Առհասարակ, մարդիկ շատ ավելի ճոռոմ խոսում են, քան մի բան անում են, բայց բոլորովին այլ բան է, երբ գործ ունես մի մարդու հետ, ով իր մտածածը և՛ խոսում է, և՛ գործով է ապացուցում: Վարդանյանն այսօր ցույց է տալիս, որ հավատարիմ է այն արժեքներին, որոնք ունի, և ինչո՞ւ է թիրախավորվում նաև հայաստանյան իշխանամերձ շրջանակների կողմից, որովհետև ես մտածում եմ, որ Փաշինյանը Վարդանյանի հնարավորությունների 5 տոկոսն ունենար, տարբեր տեղերում կղզիներ կառներ ու դմակով խաշլամա կսարքեր, ի՞նչ Արցախ, ի՞նչ արժեքներ, մի հատ էլ Բաքվում հացադուլ անես: Դա իրենց համար նոնսենս է, իրենք չեն պատկերացնում»:

Նա նկատեց, որ երբ լսում ես Ադրբեջանին, հասկանում ես՝ Նիկոլ Փաշինյանն ինչի համար է օգտագործվում.

«Նիկոլ Փաշինյանն իրական կդնի Հայաստանի անունը, թե ազգային ինքնության տարբեր բաղադրիչների հանդեպ ոտնձգություններ կանի, իրենք փորձում են Նիկոլ Փաշինյանի միջոցով մեզ համոզել մտածել այնպես, ինչպես իրենք են ուզում, որ՝ մենք միշտ սխալ ենք ապրել, որ պայքարն անիմաստ է, որ մեր վրա եթե հարձակվում են, պետք է խեղճանալ, կզել, մի հատ էլ իրենց կոշիկները համբուրել, որ առհասարակ մենք չպետք է արժանապատվություն ունենանք, որպես ժողովուրդ՝ չպետք է նպատակներ դնենք ու գնանք դրան: Ուզում են ապացուցել, որ գոնե վերջին 30 տարում հայ ժողովուրդը և հայոց պետությունը սխալ հիմքերի վրա է, ու Նիկոլ Փաշինյանն օգտագործվում է այդ հիմքերը խարխլելու համար, ինքը շատը դրա համար է նրանց պետք»:

Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե իմացել է, որ Ալիևը ոչ մի թուղթ չի ստորագրելու, բայց մտել է պրոցեսի մեջ. «Նա այդ թեման օգտագործեց վերընտրվելու համար: Տեսեք՝ այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունն ինչ փոփոխություններ է կրել: Այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զիջելով խաղաքարտեր ու զոհելով մարդկային կյանքեր, կոնկրետ պետության տարածք, ասում է՝ դե էս է: Ալիևի նպատակը Հայաստանի չգոյությունն է: Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով արձակում են Ալիևի ձեռքերը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս