
Ինչպե՞ս կարող ենք հանցագործներին արդարացնել. Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչեր, Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն․ ԵԽ-ն քննարկեց հայ գերիների վերաբերյալ բանաձևը

Քիչ առաջ Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ավարտվեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևի քննարկումը։ Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։
Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Այսօր կայացած քննարկմանը Եխ պատգամավորները բավականին սուր ելույթներով հանդես եկան։
Քննարկումն իր ելույթով բացեց բանաձևի նախաձեռնողներից Միրիամ Լեքսմանը, ով վերջերս Հայաստանում էր։ Նա հայտարարեց, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներն անմարդկային պայմաններում են պահվում և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում, որոնք կարող են հանգեցնել ցմահ ազատազրկման: «Մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք, հասցեագրենք բողոքները, անդրադառնանք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումներին և երաշխավորենք, որ գերիներն անհապաղ և առանց նախապայմ անների ազատ կարձակվեն»,- նշեց Լեքսմանը։ Եվրախորհրդարանի պատգամավոը կոչ արեց պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայ պատանդների կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ։
Բանաձևի մեկ այլ նախաձեռնող ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի շինծու դատավարությունները նմանեցրեց Ստալինյան դատավարությունների հետ։ «Այսօր այստեղ ենք պահանջելու ազատ արձակել Բաքվի կողմից պահվող 23 հայ պատանդներին, որոնց նկատմամբ անարդար դատավարություն է իրականացվում։ Ընթացող այս դատավարությունը կարելի է համեմատել է ստալինյան դատավարությունների հետ»,- նշեց պատգամավորը։
Նա ցավով արձանագրեց, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկա չէ և չի լսում այս քննարկումը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Կալլասին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման համար։ Լուազոն նշեց, որ վերջերս էր Հայաստանում և հույս հայտնեց, որ Կալլասը նույնպես շուտով կայցելի Երևան։
ԵԽ պատգամավոր Վասիլի Դինչուն էլ հայտարարեց, որ Բաքվում պահվող հայ բանտարկյալների վիճակը հարցականի տակ է դնում արդարությունը, կայունությունն ու խաղաղությունը Կովկասում։ Դինչուն կոչ արեց պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես՝ նրանց նկատմամբ ովքեր ներգրավված են դատական չարաշահումներում։
«Պետք է խստորեն պատժենք այդ պաշտոնյաներին և չխրախուսենք հետագա չարաշահումները: Հեռանկարները հեռու են դրական լինելուց։ Մենք պետք է գործենք հիմա և կոնկրետ միջոցներ ձեռնարկենք ապագա ողբերգությունը կանխելու համար»,- շեշտեց պատգամավորը։
Իսկ եվրապատգամավոր Գեադիս Գեադին կոչ արեց ԵՄ-ին ամուր կանգնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որոնք, նրա որակմամբ, միջազգային հանցագործներ են։ Կիպրոսը ներկայացնող պատգամավորը հայտարարեց, որ ավելի քան մեկ տարի է անցել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումից, և հայերը դեռ չեն կարողանում բուժել իրենց վերքերը։ Նրա խոսքով՝ հայերի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են։
«Ալիևի ռեժիմը շարունակում է ապօրինի կերպով օկուպացված պահել Հայաստանի տարածքը»,- նշեց եվրապատգամավորը՝ ԵՄ-ին կոչ անելով պաշտպանել ժողովրդավարական արժեքները։
Բավականին սուր ելույթ ունեցավ նաև Ֆրանսուա-Քսավիե Բելամին, ով հայ քաղբանտարկյալների հետ Բաքվում կատարվողը նմանեցրեց ստալինյան բռնաճնշումներին։ «Ինչ ենք մենք անում, լռություն ենք պահպանում»,-ասաց Բելամին։
Ապա դիմելով հանձնակատար Դեն Յորգենսենին՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամին ասաց, որ հանձնակատարը պատասխանատու է էներգետիկ ոլորտի համար, ուստի ինչպես կարող է արդարացնել գազի ներմուծումն Ադրբեջանից։
«Ինչպե՞ս կարող ենք հանցագործներին արդարացնել»,-նման հռետորական հացրով հանձնակատարին դիմեց Բելամին՝ ակնարկելով, որ ադրբեջանական գազը ռուսական գազից չի տարբերվում։