«Այդքան մեծ զոհ տվեցին, մեր թանկը՝ Արցախը տվեցին, գոնե գերիներին վերադարձնեն, բա՛վ է. ինքս գերիների մեջ հարազատ ունեմ». Մադլեն Ասրյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կարևորվում է Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։

«Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։

Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար»,- նշվում է Գերագույն Հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ։

ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանը ցավով է հետևում Բաքվում ընթացող շինծու դատավարությանը, առավել մեծ ցավով է նայում այն լուսանկարները, որոնցում հայ պատանդները, գերիները հյուծված տեսք ունեն։

Կարդացեք նաև

Նա վստահ է՝ եթե ժամանակին ամբողջ հայ ազգը ոտքի կանգներ՝ այսօր իրավիճակն այլ կլիներ։

«Հայ ազգն ավելի շուտ ոտքի պետք է կանգներ, որ բանը սրան չհասներ։ Ինքս Բաքվում գերիների մեջ հարազատ ունեմ, շատ եմ ցավում, որ 3 մանկահասակ երեխաները զրկված են իրենց հորը տեսնելու հնարավորությունից։ Համարում եմ, որ այս մարդիկ այսօր չպետք է լինեին Բաքվի բանտում։ Մենք առանց այդ էլ շատ կորուստ ունեցանք, շատ բաներ զոհեցինք՝ Արցախը հանձնեցին, Հայաստանից որոշ տարածքներ զոհեցին, հիմա ես կցանկանայի, որ գոնե մեր գերիները վերադարձվեին։ Այդքան մեծ զոհ տվեցին, մեր թանկը՝ Արցախը տվեցին, գոնե գերիներին ազատեն ու վերադարձնեն, բա՛վ է։ Բոլորի ընտանիքները, երեխաներն ամեն օր նրանց են սպասում»,- 168.amի հետ զրույցում նշեց Մադլեն Ասրյանը։

Արցախի այայի խոսքով՝ գերիների, պատանդների հարցով առաջին հերթին պետք է զբաղվի Հայաստանի իշխանությունը, այնուհետև՝ միջազգային մարդասիրական կառույցները և առհասարակ բոլոր այն կառույցները, որոնք կարող են և կստիպեն Ադրբեջանին վերադարձնել անմեղ մարդկանց։

«Բոլորը միահամուռ ուժերով պետք է կանգնեն ու պահանջեն Ադրբեջանից, որպեսզի մեր տղաներին վերադարձնեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է այս հարցում հայ մտավորականության դերին, Մադլեն Ասրյանն ասաց՝ մտավորականության մի մասը շահամոլ է՝ լռում է, որ աշխատանք չկորցնի, իսկ ովքեր խոսում են՝ ստիպում են, որպեսզի հեռանան աշխատանքից։

«Մտավորականությունը վախենում է ձայն հանել, որ հանկարծ աշխատանքից չհեռացնեն։ Բայց մտավորականությունն այսպիսին չպետք է լինի, պետք է կանգնի հայրենիքի, ազգի ու իր ժողովրդի կողքին»,- ընդգծեց Մադլեն Ասրյանը։

Տեսանյութեր

Լրահոս