
Ակնհայտ է՝ գնաճային ճնշումների վրա մեծ դեր ունի օրվա իշխանությունների հարկային ու սոցիալական քաղաքականությունը․ Թադևոս Ավետիսյան

«Ինչպես 2024, այնպես էլ 2025 թվականին հիմնական սոցիալական վճարների գծով աճ չենք ունեցել։ 2025 թվականին չեն բարձրանալու նաև նվազագույն կենսաթոշակի չափը, անապահովության նպաստների չափերը և նաև նվազագույն աշխատավարձերի չափերը»,- 168․am-ի հետ զրույցում առկա տնտեսական իրողություններին անդրադառնալով՝ այս արձանագրումներն արեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Այս համատեքստում տնտեսագետը հիշեցրեց՝ եթե նախորդ տարվա ցածր գնաճի ֆոնին իշխանությունները նշում էին, թե մարդկանց իրական եկամուտները շատ չեն նվազել, ապա այս տարի արդեն՝ ցուցանիշները փաստում են, որ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համեմատ աճի միտում է ստացել։
«Առանց այն էլ՝ թե՛ նախորդ տարի, և թե՛ այս տարի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը մեկ անձի հաշվով շուրջ 75 հազար դրամից ավելի է, էապես գերազանցել է իմ կողմից նշված այդ ցուցանիշները՝ օրինակ, միջին նպաստի չափը և նվազագույն թոշակի չափը գրեթե երկու անգամ պակաս են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, միջին կենսաթոշակն է մոտ 60-70 տոկոսով ավելի ցածր, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, և նույնիսկ նվազագույն աշխատավարձի չափն է ավելի ցածր այդ արժեքից։ Այսինքն՝ սա ցուցիչ է, որ մարդը կարող է աշխատել (իսկ աշխատողների մեկ քառորդ մասն աշխատում է նվազագույն աշխատավարձով), ու համարվել չափավոր աղքատ՝ միայն իր հաշվով՝ մեկ անձի հաշվով»,- մանրամասնեց Թադևոս Ավետիսյանը։
Վիճակագրական կոմիտեն օրերս էր տեղեկացրել, որ Հայաստանում գնաճը 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ կազմել է 2,5 տոկոս։ Գնաճի մակարդակը մոտեցել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած գնաճի առավելագույն մակարդակին, որը ԿԲ-ն թույլատրելի է համարում տնտեսության կայունության պահպանման համար։ Փետրվարին, ինչպես և հունվարին, գնաճը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (4,5 տոկոսով), մասնավորապես՝ բուսական և կարագի (13 տոկոսով), բանջարեղենի (20,4 տոկոսով) և մրգերի (6,1տոկոսով) գների աճի հաշվին:
Ըստ կոմիտեի հրապարակած տվյալների` աճել են նաև ձկնամթերքի, ինչպես նաև թեյի, սուրճի և կակաոյի գները։ Մսի գները նվազել են 0.6 տոկոսով, կաթնամթերքի և ձվի գները` 3.6 % տոկոսով, շաքարավազի գները` 3.7 տոկոսով: Տրանսպորտի սակագներն աճել են 2,6 տոկոսով, աճել են նաև դեղերի գները (3.6 տոկոսով): Բենզինի գներն աճել են 0,6 տոկոսով, դիզելային վառելիքի գները նվազել են։
Ըստ տնտեսագետի՝ գնաճային ճնշումների ակտիվացման ֆոնին, երբ հատկապես աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, առաջին հարվածը դարձյալ ստանալու են սոցիալապես խոցելի խմբերը։
«Այս խմբերի իրական եկամուտների վրա նորից բացասական ազդեցություն ենք ունենալու։ Սա բերելու է աղքատացման, սոցիալական խնդիրների խորացման։ Ակնհայտ է նաև, որ այս գնաճային ճնշումների վրա մեծ դեր ունեն օրվա իշխանությունների հարկային ու սոցիալական քաղաքականությունը․ շրջանառության հարկի շեշտակի բարձրացումը, տրանսպորտային ծառայությունների թանկացումը մայրաքաղաքում, ու այդ միտումը կշարունակվի նաև մարզերում, աղբահանության ծառայությունների էական թանկացում՝ անտրամաբանական հաշվման մեթոդին անցնելու հետևանքով, և շարունակ աճող գույքահարկ։
Այս ամենի առաջին հարվածը ստանալու են հենց այն մարդիկ, որոնք առանց այն էլ ունեն ցածր եկամուտներ։ Սա ընդհանուր միտումն է։ Դեռ տարին նոր է սկսվել, ու արտաքին գործոնների թուլացմանը զուգահեռ՝ լինելու են նաև տնտեսական այլ բարդություններ, որոնք հատկապես վերաբերելի են լինելու փոքր ու միջին բիզնեսին։ Այս բոլորի հանրագումարն աղքատություն ծնող նոր գործոններ են՝ էական հետևանքներով»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը։