«ՀՖՖ-ն քանդում է հայկական մրցավարությունն իրենց հովանավորչական գործելաոճով»․ ՀՖՖ ղեկավար կազմից դժգոհ են նաև մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ աղմուկը չի դադարում․ ներկա ղեկավար կազմից շարունակում են դժգոհ մնալ ոչ միայն հայ երկրպագուները, այլև արդեն մրցավարները։

Ի դեպ, հենց այս ամիս մրցավար Սամվել Հովսեփյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ խզել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

«Հայ մրցավարներն այսօր մնացել են առանց արժանապատիվ ու համակարգված պաշտպանության, ինչպես երբևէ,- արձանագրել էր մրցավարը, ապա նաև հավելել,- Ես առաջին հանդիպումը սպասարկել եմ 2017-ին, այդ պահից ի վեր մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել, չնայած կյանքի բոլոր ոլորտների թանկացմանը, սա այն պարագայում, որ մրցավարության դերը ֆուտբոլում առանցքային է, իր մեջ շատ ռիսկեր է պարունակում, այն պարագայում, երբ ՀՖՖ նախագահն անձամբ է հայտարարում, որ ունենք մրցավարների քանակի խնդիր»։

Բայց սա դեռ ամենը չէ․ 168am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցավարների շրջանում հասունացել է ընդվզում։

Կարդացեք նաև

Ֆեդերացիայից լավատեղյակ աղբյուրները մեզ մասնավորապես փոխանցել են՝ ՀՖՖ ղեկավարությունն այս հարցով ևս չի տիրապետում իրավիճակին․ ըստ նրանց՝ նաև այս պատճառով Մելիքբեկյանն ու իր թիմը պետք է անհապաղ հեռանան։

«ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանը, ՀՖՖ Մրցավարական բաժնի պետ Արման Ալաբերքյանը մրցավարական կորպուսը վերածել են անարխիստական խմբավորման, իրենք էլ դարձել են դրա պարագլուխները։ Նրանք իրենց հովանավորչական գործելաոճով քանդում են հայկական մրցավարությունը։ Մրցավարական կորպուսը բաժանել են յուրայինների և օտարների, երիտասարդ, պայքարող, իրենց գործին նվիրված մրցավարներն անտեսվում են, փոխարենը նրանք տեղ են տալիս իրենց որդիներին, հարևաններին, բարեկամներին, խնամիներին ու իրենց հետ հաճախակի բաժակ բարձրացնողներին և իրենց քծնողներին,- նշել էր մեր աղբյուրներից մեկը՝ մանրամասնելով,- Մրցավարական բաժնի պետի որդին մրցավար է ու Մրցավարական դպրոցի վերջին շրջանավարտներից, բայց նրան արդեն վստահում են Առաջին խմբի խաղեր, ներգրավում են ուսումնամարզական հավաքների մեջ, իսկ նրա հետ ավարտածներին միայն մանկապատանեկան խաղեր են վստահում ու հավաքների չեն ներգրավում։

Մրցավարների քանակն ավելանալու փոխարեն՝ օրեցօր պակասում է, բայց դա կարծես չի էլ մտահոգում ՀՖՖ ղեկավարությանը»։

Մեր աղբյուրները նաև տեղեկացրին, որ թեև վերջին տարիներին ՀՖՖ ժողովների ժամանակ միշտ մրցավարներին խոստանում էին բարձրացնել խաղերի սպասարկման գումարները, վերանայել գործուղման ծախսերը, սակայն այդ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դարձել։

«Մրցավարական կոմիտեն հրապարակել էր մրցավարներից մեկի՝ Սամվել Հովսեփյանի վերջին 4 ամսվա աշխատավարձը․ իրենց աչքի գերանը չտեսնելով՝ մատնանշում են այլոց աչքի փուշը»,- նշեց մեկ այլ աղբյուր՝ հիշեցնելով, որ այդ հրապարակումը հաջորդել էր Սամվել Հովսեփյանի կողմից ընդվզմանը։

Ի դեպ, մեզ տեղեկություններ փոխանցած քաղաքացիները Կոմիտեի կողմից Սամվել Հովսեփյանի աշխատավարձի հրապարակման առնչությամբ զարմանքով արձանագրում են՝ եթե այդքան անաչառ ու արդարամիտ են, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, որ Մրցավարական կոմիտեի նախագահի որդին՝ Մեսրոպ Ղազարյանը, օգոստոսից աշխատում է միանգամից 3 հաստիքով՝ օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ ստանալով 3 միլիոն 955.000 դրամ և մոտ 13.000 եվրո։

«Քանի ՀՖՖ-ում տիրում են այսպիսի ստրկատիրական բարքեր, անառողջ մթնոլորտ, հովանավորչություն, ռեպրեսիաներ «ըմբոստների» նկատմամբ, մարդկանց հայացքների համար հալածանք, հայկական ֆուտբոլը միշտ կլինի ցածր մակարդակի»,- հավելում են մեր աղբյուրները։

Ի դեպ, այս օրերին մամուլը նաև գուժել էր Արմեն Մելիքբեկյանի գլխին կուտակվող սև ամպերի մասին՝ նկատելով, որ իշխանությունը որոշել է ողջ մարզական աշխարհը հանձնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կուրացիային՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլև, որպեսզի սպորտային հաջողություննեն իշխանությունն իր օգտին ծառայեցնի:

Այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում. տեղեկացանք, որ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:

Տեսանյութեր

Լրահոս