
Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է. Զատուլին

Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմությունն ու մշակույթը։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի և միջազգային «Լազարևյան ակումբի» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ Բաքվում ցանկանում են յուրացնել բոլորին հայտնի պատմական հուշարձանները, մասնավորապես՝ Ամարասի, Գանձասարի միջնադարյան տաճարները։
Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի այս և այլ հուշարձաններն առնչվում են մի ժամանակաշրջանի, երբ ադրբեջանցիները ոչ միայն տվյալ տարածքում չեն գտնվել, այլև ընդհանրապես, որպես ազգ, չեն եղել, ասել է քաղաքական գործիչը:
Պատմությունը կեղծելու և հայկական ժառանգությունը յուրացնելու ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում է նաև Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների «դատը»։
Զատուլինի կարծիքով՝ այդ դատաստանն արտացոլում է ընդհանրապես հայության և մասնավորապես արցախահայության նկատմամբ հաղթանակը շարունակաբար տոնելու՝ Ադրբեջանի իշխանությունների ընդհանուր ձգտումը։
Այս ամենն ուղղված է նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղ, իբր թե, հնարավորինս շուտ «վերադառնա» Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային, պետական տարածություն, ասել է քաղաքական գործիչը։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով՝ չնայած այն ընդհանուրին միացնելու նրա խնդրանքին: