Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է լինելու «հնի»՝ SEPA-ի փաստաթղթի հետ, ԵՄ-ին ազատում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «իրավականացված» դիրքորոշումի՞ց. Հակոբ Բադալյան

«Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները: Հենց այս գործընթացն ավարտվի, և նոր նկրտումների շուրջ համաձայնությունների գանք, նոր նշաձող կսահմանենք մեր համագործակցության համար», Երևանում Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստում հայտաարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Հովհաննիսյանը:

Այսօր Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հիմքն, ըստ էության, այսպես կոչված SEPA-ն է՝ համապարփակ գործընկերության պայմանագիրը, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, որը վավերացվել է Հայաստանի ու ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարաններում:

Ըստ էության, դա գործնականում պարտավորություններ սահմանող փաստաթուղթ է, եթե անցնում է խորհրդարանական վավերացում:

Հայաստանի փոխարտգործնախարարը խոսում է, որ ավարտին է մոտենում նոր փաստաթղթի համաձայնեցումը, օգտագործելով՝ «նոր իևավական հիմք» ձևակերպումը:

Կարդացեք նաև

Այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ է լինելու «հնի» հետ: Եթե Հայաստանն ու ԵՄ-ն, այսպես ասած, ավարտեին SEPA-ն, կամ գոնե իրագործվեր դրա բովանդակության զգալի մեծամասնությունը և մնար շատ փոքր հատված, ապա տրամաբանական կլիներ քննարկումը նոր իրավական հիմքի՝ նոր փաստաթղթի շուրջ:

Բայց, հենց այսօր երևանյան այդ նիստում արդարադատության նախարարը խոսել էր այն մասին, որ գոյություն ունեցող համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումը 50 տոկոսից մի փոքր է ավելի:

Այդ դեպքում, երբ դեռ կա կատարելու մոտ 50 տոկոս աշխատանք, էլ ի՞նչ «նոր իրավական հիմք»:

Ամբողջ «գաղտնիքը», թերևս, այն է, սակայն, որ գոյություն ունեցող համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, այսինքն SEPA կոչվածում, կա անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, միջազգային հայտնի երեք սկզբունքների շրջանակում դրա կարգավորմանը: Ու, թեև խոսքը ինչ որ իմպերատիվ կատարում ենթադրող նորմի մասին չէ, բայց, այդուհանդերձ, վավերացված իրավական փաստաթղթում դրա արձանագրումը ստանում է իրավական ուժ՝ որպես Եվրամիության դիրքորոշում:

Ահա թե ինչո՞ւ է պետք Հայաստան-ԵՄ հարաբերության «նոր իրավական հիմքը», այն դեպքում, երբ գոյություն ունեցողի կեսն է հազիվ իրականացված: «Նոր իրավական հիմքը», թերևս, պետք է հնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «իրավականացված» դիրքորոշումից ԵՄ-ին ազատելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

badalyanrakurs

Տեսանյութեր

Լրահոս