
Նայեք նախարարների աչքերի մեջ։ Այդ մարդկանց ազնվությանը չեք հավատո՞ւմ. Արտակ Քյուրումյանի բացահայտումը

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը գրել է.
«2024թ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» 16,260,855,668 դրամ գումարով 46 պայմանագիր է կնքել։
Գնում չհանդիսացող ծախս «ընթացակա՞րգ»։ «Գնումների մասին» ՀՀ օրենքն այդպիսի ընթացակարգ չի նախատեսում։ «Գնումների մասին» օրենքի հոդված 18-ի առաջին մասի համաձայն գնում կատարելու ընթացակարգերն են․ (1) էլեկտրոնային աճուրդը, (2) մրցույթը, (3) գնանշման հարցումը և (4) մեկ անձից գնումը։
Գնումը չհանդիսացող ծախս «ընթացակարգը» Ն․ Փաշինյանի կառավարությունը ՀՀ օրենսդրություն է մտցրել 2018թ հունիսի 15-ի իր №706-Ն որոշմամբ։ Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» մեխանիզմի որևէ նկարագրություն չկա, որովհետև այդպիսի ընթացակարգ չկա, որովհետև անունն արդեն հուշում է, որ ՀՀ կառավարությունն այս գործարքները գնում չի համարում։ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի վերահսկում գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգի» օգտագործման դեպքերը։ Դրա ինչը՞ վերահսկի, եթե այդպիսի ընթացակարգ չկա։
2024թ․ գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» ՏԿԵՆ կնքած առավել խոշոր, 200 մլն դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ Armeps համակարգում առկա տվյալները ներկայացված են ստորև։ Սրանք բոլորը ճանապարհների կամ կամուրջների հիմնանորոգման կամ միջին նորոգման աշխատանքների վերաբերյալ պայմանագրեր են։
Այս «ընթացակարգով» կատարված գնումների դեպքում հանրային ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողաբար օգտագործելու հետ կապված պետք է հավատանք միայն ՏԿԵՆ ղեկավարների ազնվությանը։ Նայեք նախարարների աչքերի մեջ։ Այդ մարդկանց ազնվությանը չեք հավատո՞ւմ»,-գրել է նա։