
Վարչախումբը փորձում է մեր մտքերից հանել Արցախն ու Ցեղասպանությունը, դա մեր կարմիր գիծն է, մեր Ավարայրը․ Մենուա Սողոմոնյան
Փաշինյանի գաղափարախոսական ուղերձ կոչվածը ոչ այլ ինչ էր, քան թուրք-ադրբեջանական օրակարգի պարտադրանքով հայ ժողովրդի իմունիտետը կոտրելու, ազգային ինքնությունը մոռացության տալու, մեզ համար մինչև այժմ կարևոր շատ արժեքների վրա խաչ քաշելու, և փոխարենը՝ մի կտոր հացով բավարարվելու, կյանքի զուտ նյութական կողմին նայելու, և դրանով հանդերձ՝ արժանապատվություն ու պատիվ չունենալու մասին մի տեքստ։ Դրա աշխարհաքաղաքական նշանակությունը Թուրքիայի ենթադաշնակիցը և հարճը դառնալն էր։ Քաղաքական դաշտի խնդիրը նրա ասածին հակադարձելը չէ։ Մեր ասելիքը մենք վաղուց ասել ենք։ Հայ ժողովուրդն իր կամքը վաղուց է ձևակերպել՝ սրանից 35 տարի առաջ՝ Անկախության հռչակագրում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը, որն Անկախության հռչակագիրն ընդունել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, մեր նորանկախ պետականության պատմության թերևս ամենալեգիտիմ խորհրդարանն էր։ Հռչակագիրն ընդունվել է բացառիկ կոնսենսուսային պայմաններում՝ 99 տոկոսը կողմ է քվեարկել այդ սկզբունքներին և կետերին։ Սա կարևոր է, որովհետև Հռչակագիրը գրվել է ոչ թե մեկ օրվա, մեկ կամ հինգ տարվա, այլ շատ երկար ժամանակի համար՝ որպես հայ ժողովրդի հավաքական տեսլական, որ մենք բոլորս հասկանանք՝ ինչպիսի Հայաստան, հայի կերպար և հասարակություն ենք ուզում։ Այդ դրույթները խտացված ձևով շարադրվել են այդ փաստաթղթում։ Դա է մեր ուղենիշը, և մենք դրանով պիտի առաջնորդվենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Այս ամբողջ կատակերգության իմաստն այն է, որ Հռչակագրի հատկապես երկու բովանդակային կետ չլինի՝ Արցախ և Ցեղասպանություն։ Այդ երկու հարցի օրակարգը հայերի գլխից ու սրտից հանելու համար անհեթեթ մտքեր են ձևակերպում՝ «այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց», և այլն։ Ի՞նչ է անում Ադրբեջանը հիմա՝ ժողովրդից ազգ է կերտում։ Ի՞նչ է անում ՀՀ իշխող վարչախումբը՝ ճիշտ հակառակը՝ ազգից ժողովուրդ է դարձնում, անգամ՝ ոչ թե ժողովուրդ, այլ՝ անհասկանալի արժեքներով, այսրոպեական շահերով ապրող մարդկանց համակցություն է ուզում մեզ դարձնել։ Հետևապես, սա մեր կարմիր գիծն է, սա մեր Սարդարապատն ու Ավարայրն է, սա մեր լինելիության հարցն է, մեր հավաքական ինքնության, մեր ինչպիսին լինելու խնդիրն է։ Հենց այստեղ է, որ մենք պիտի մի կողմ դնենք բոլոր քմահաճույքները, հակակրանքներն ու նկատառումները, և պիտի ձևավորվի միասնական օրակարգ»,- նշեց քաղաքական գործիչը:
Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ թեկուզ Անկախության հռչակագրում ամրագրված կարևոր ազգային իղձերի իրականացման համար հիմա շատ վատ մեկնարկային վիճակում ենք, բայց պատմությունը հետաքրքրական է այնքանով, որ այն սինուսոիդային կառուցվածք ունի. «Մեր ժողովուրդն իմաստուն է, որքան էլ շատ ուժեր ջանում են մեր ժողովրդի ընկալումն իջեցնելու ճղճիմության մակարդակի։ Մեր ժողովուրդն իր մեջ ամփոփում է Մովսես Խորենացուն, Մեսրոպ Մաշտոցին, Վարդան Մամիկոնյանին։ Մենք մեր ողնաշարով զգում ենք, որ այդ հզորագույն այրերի ժառանգներն ենք, Հայկի ժառանգն ենք, ու մեր մեջ խտացված են ազատասիրության առաքելությունն ունենալու գեներն ու պատգամները։ Մոտ ապագայում պատմության անիվը սկսելու է հակառակ պտտվել, և դրա առաջին արարը ներկա կործանարար իշխանության տապալումն է լինելու»:
«Ռեալիզմը երբեք չի կարելի շփոթել պարտվողականության, զիջողականության և հանձնվողականության հետ։ Ռեալիզմն այն վարքագիծն է, որի հիմքում ընկած է իրական ուժերի բալանսի ընկալումը, իրական աշխարհաքաղաքականությունը, փոփոխությունների ճիշտ տեղորոշումն ու գնահատումը։ Ո՞ր պայմանավորվածություններն են մինչև վերջ պահպանվում։ Օրինակ, եթե մեկ տարի առաջ Զելենսկին Վաշինգտոնի համար խիզախ մարդ էր, այսօր նա բռնապետ է, նրան այդպես են կոչում։ Աշխարհը հարափոփոխ է, միջազգային քաղաքականությունն անընդհատ փոփոխվում է, դա պետք է հաշվի առնել։ Այժմ Հայաստանի համար կարծես թե բարենպաստ դասավորումների հնարավորություն կա, խնդիրը դրանք ճիշտ ընկալելն ու քաղաքականություն իրականացնելն է։ Բայց այս վարչախումբը թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկուն է»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում